HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

150 տարի անց Փերայում կրկին ներկայացվել են հայ լուսանկարիչների գործերը

Ստամբուլի Բեյօղլուի Սբ. Երրորդություն առաքելական եկեղեցու սրահներից մեկում օրերս բացվել է «Սիրում եմ քեզ, Ստամբուլ. 19-րդ դարից մինչ օրս՝ լուսանկարների միջոցով» ցուցահանդեսը: Ներկայացված են 1850-ից ցայսօր Ստամբուլում ապրած ու աշխատած հայ լուսանկարիչներից 16-ի աշխատանքները, այդ թվում՝ Աբդուլլահ եղբայրներ, Արա Գյուլեր, Կարպիս Յոզաթայ, Սարգիս Բահարօղլու, Յաշար Սարաչօղլու: Ցուցահանդեսը պետք է բացվեր դեռ անցյալ տարի, երբ Ստամբուլը հայտարարվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկն, ու դրա շրջանակներում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Հայազգի լրագրող, իրավախորհրդատու Աննա Թուրայը, որը նաեւ «Ստամբուլահայեր» կազմակերպության հիմնադիրներից է, ասում է, որ մշակութային տարվա առիթով ստեղծված հանձնաժողովը դիմել էր նաեւ Հայոց պատրիարքարանին եւ մյուս փոքրամասնություններին՝ կոչ անելով իրենց ծրագրերով մասնակցել մշակութային տարվան:

 «Մենք սիրով ընդունեցինք առաջարկը եւ 10-ից ավելի ծրագրեր ներկայացրինք, որոնցից 9-ը ընդունվեցին կազմակերպիչների կողմից: Դրանցից միայն այս ցուցահանդեսը չկարողացանք ներկայացնել 2010-ին, ինչի համար այն բացվեց այս տարի,- պատմում է Ա. Թուրայը:- Այստեղ ներկայացված են 19-րդ դարից մինչեւ այսօր հայ լուսանկարիչների գործերը: 1850-1920 թթ. Ստամբուլում շատ հայ լուսանկարիչներ կային: Բանն այն է, որ լուսանկարչությունը կապված էր քիմիայի հետ, իսկ հայերը շատ քիմիական լաբորատորիաներ ունեին: Մյուս կողմից՝ հայերը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի մեջ էին: Ու Ստամբուլում առաջին լուսանկարչատները հենց Բեյօղլուում՝ Փերայում, բացվեցին: Մենք էլ, առիթից օգտվելով, 150 տարի անց կրկին Փերայում ասպարեզ հանեցինք այս լուսանկարները: »

Ցուցահանդեսի թեման Ստամբուլն է՝ հայ լուսանկարիչների աչքերով: Նրանցից առավել հայտնիներից են Աբդուլլահ եղբայրները, որոնք եղել են պալատական լուսանկարիչներ ու սուլթանի հրամանով տարբեր քաղաքներում լուսանկարներ են արել:

 «1950-ականներին բեմ ելավ Արա Գյուլերը, որը հայտնի անուն է թե Թուրքիայում, թե Եվրոպայում: Նրա հեղինակությամբ 22 նկար կա, որտեղ հին Ստամբուլն է՝ փողոցները, աշխատավորները: Գյուլերից հետո մինչ օրս մոտ 10 լուսանկարիչ ունենք, որոնց մի մասը գնահատված է ամբողջ Թուրքիայում, աշխատել ու տպագրվել են զանազան թերթերում»,- նշում է տկն Թուրայը:

Ցուցահանդեսի հեղինակները նախ ճշտել են լուսանկարիչների ցանկը, հետո ճարել նրանց աշխատանքները, իսկ վերջում համադրողն ընտրել է մի քանի գործ ամեն մեկից ու ներկայացրել ցուցահանդեսին:

«Շատ զարմացա նրանից, որ ցուցահանդես հաճախողների 1/5-րդն է միայն հայ, 4/5-րդը թուրքեր են, նաեւ փոքրաթիվ զբոսաշրջիկներ: Բացմանը մոտ 400 հոգի կար, այս օրերին այցելել է ընդհանուր շուրջ 1000 մարդ, մինչեւ մայիսի 8-ի փակումը, կարծում եմ, 2000-2500 կլինի այցելուների թիվը»,- ասում է Ա. Թուրայն ու պատմում, որ մամուլը լավ է լուսաբանել միջոցառումը:

2010-ին իրականացված ծրագրերից մեկը նվիրված էր Կոմիտասին, ում գործերի հիման վրա համերգ է տրվել: Վերջինիս մասին նաեւ գրքույկ է պատրաստվել, բացի այդ՝ կոմիտասյան երգերից կոլաժ է ներկայացվել, իսկ Սբ. Երրորդություն եկեղեցում արական երգչախումբը կրկին Կոմիտաս է կատարել: «Մեծ համերգին մասնակցեցին Թուրքիայի մշակույթի նախարարը, դրսից ահագին հյուրեր կային, 1500-հոգանոց սրահը լեցուն էր,- հիշում է Աննա Թուրայը,- գրեթե կեսը թուրքեր էին, որոնց մեծ մասը առաջին անգամ էր Կոմիտաս լսում: Հետո CD պատրաստվեց համերգից»: Մշակութային տարվա հայ մասնակիցները երկու հատ ալբոմ են պատրաստվել նաեւ «խազերի» հեղինակ Համբարձում Լիմոնջյանի մասին: CD-ի վրա են ձայնագրվել նրա ստեղծագործությունները: Պատրաստվել է նաեւ «խազերի» գիրք, ինչը կարեւոր է, քանի որ դրանց մասնագետները այժմ ընդամենը 10-15 հոգի են Ստամբուլում: Հայ համայնքի մեկ այլ ծրագիր նվիրված է եղել Ստամբուլի հայ ճարտարապետներին: Ա. Թուրայը, սակայն, առանձնապես կարեւորում է պատրիարքարանի հարեւանությամբ գտնվող ավերակ Որդվոց որոտման եկեղեցու վերակառուցումը, որը պիտի բացվի որպես մշակութային կենտրոն: Սա նույնպես եղել է 2010-ի ծրագրերից: Կառույցը պիտի պատրաստ լինի հունիսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter