Իշխանատենչությունը պետականաշինության ճանապարհին
Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան
Ընդհանրապես ընդունված է կարծել, որ այլոց վրա իշխելու ձգտումը (իշխանատենչությունը) մարդկային վարքի այն մոտիվներից է, որը ծառայում է հանրային կյանքում քաղաքական, տնտեսական գործունեության ռացիոնալ կազմակերպմանը, ինչպես նաեւ հանրային հարաբերությունների կարգավորմանը:
Հիմնվելով ռացիոնալ-իրավական իշխանության հայեցակարգի վրա` մեծամասամբ փորձ է արվում անձի կամ առանձին անձանց այլոց վրա իշխանություն ունենալու տվյալ ձգտումը ներկայացնել իբրեւ իրավական պետության մեջ քաղաքական կամքի ռեալիզացիայի օրինաչափ մոդել:
Ըստ այդ բացատրության` լեգալ ու լեգիտիմ իշխանությունը հիմնվում է բնակչության կողմից արդարացի ճանաչված ռացիոնալ ու ժողովրդավարական այնպիսի ընթացակարգերի վրա, որոնք թույլ են տալիս իրավական պետության մեջ ձեւավորել պետական ողջ համակարգը: Իսկ դրա համար հարկ է ընդամենը, որ մարդկային վարքի իշխանության մոտիվը (իշխանատենչությունը) ուղղորդվի դեպի իրավունքի (օրենքի) դաշտ եւ կաղապարվի օրենքով:
Ներկայացված տեսական հիմնավորումը հանրությանը հնարավորություն է ընձեռում խոսել ակտիվ անհատների, քաղաքական գործիչների ու խմբերի մոտ դրսեւորվող իշխանատենչության` իբրեւ մարդկային արատների սանդղակից ընդհանուր առմամբ դուրս գտնվող մի երեւույթի մասին: Միաժամանակ, անվերապահ մեկնաբանվում է, որ չի կարող լինել քաղաքական գործիչ կամ կուսակցություն, որը չձգտի իշխանության: Իսկ քաղաքական մեծ ակտիվություն ցուցաբերող բայց իշխանության չձգտող անհատների ու խմբերի գոյությունը քաղաքական դաշտում դիտարկվում է իբրեւ նոնսենս:
Պետության քաղաքական ու տնտեսական ճգնաժամի հիմքում էլ դրվում է այն բացատրությունը, որ կան լավ եւ վատ իշխանություններ (իշխողներ), եւ քանի որ կառավարման լծակները գտնվում են վատ իշխողների ձեռքում, ապա հարկ է դրանք փոխել լավ իշխողներով, որպեսզի հնարավոր լինի երկրում կառուցել այս կամ այն չափով ներդաշնակ համակեցություն: Այստեղից էլ բխեցվում է, որ իշխանափոխության գնալիս քաղաքական գործիչների ու կուսակցությունների իշխանության գալու մոտիվացիան իր բուն դրսեւորման մեջ անարատ երեւույթ է: Պարզապես կարող են լինել անձիք (սրիկաներ, խարդախներ եւ այլն), ովքեր բնական իշխանատենչության հետ միաժամանակ լավագույնս կարողանում են թաքցնել իրենց շահամոլությունն ու մյուս մարդկային արատները:
Այստեղ պետք է մեր ուշադրությունը սեւեռենք Հայոց միջավայրում նման մտածողության համատարած բնույթի վրա եւ, միաժամանակ, փորձենք հասկանալ իշխանատենչության երեւույթի եւ պետության բարեկեցության հարաբերակցությունը: Ուստի պետք է պարզենք, թե ի՞նչ է իշխանատենչությունը, եւ ապա` համատարած իշխանատենչության պարագայում արդյո՞ք սոցիումում լինում են իշխանության ձգտող լավ կառավարիչներ, որոնց իշխանության գալով լուծվելու են պետության շատ ու շատ խնդիրները:
Իշխանատենչության ողջ էությունը հանրագումարի կարելի է բերել` տալով այդ երեւույթի հոգեբանական բացատրությունը: Այն մարդկային որոշակի հոգեվիճակի եւ դրանով պայմանավորված վարքի յուրօրինակ մի դրսեւորում է, որտեղ պաշտպանված լինելու եւ ինքնահաստատվելու անգիտակցական խորքերից եկող պահանջմունքը, իշխանության տիրելու եւ պահելու գիտակցվող մոտիվը ու դրա համար արտաքին աշխարհին ի ցույց դրվող պաշտոնի ու դիրքի (իշխանության) հասնելու լեգալ նպատակը կազմում են կուռ ամբողջություն: Դրա համար այդպիսի անձին հարկ է լինում մեծ ջանք թափել ու դժվարություններ հաղթահարել` ողջ էներգիան կենտրոնացնելով ոչ թե ինքնազարգացման ու ինքնաճանաչողության վրա, այլ նրա` թե ինչպես իր ազդեցությունը տարածի շրջապատող միջավայրի վրա: Ըստ էության նման վարքը իր մեջ սոցիալական մոտիվների (հանրության առջեւ պարտքի եւ պատասխանատվության զգացում, հանրօգուտ կամ պետականաստեղծ աշխատանքի ցանկություն եւ այլն) տեղ գրեթե չի թողնում, քանզի իշխանության մոտիվը լիարժեք ծածկում է մյուս մոտիվները ու «կուրացնում» տվյալ անձին: Իշխանատենչ անձի գործողությունները պարփակվում են իշխանությունը իր հնարավորությունների ու կարողությունների չափով նվաճելու ու պահելու վրա եւ իրականում վտանգավոր ու վնասակար են հենց այն դեկլարատիվ նպատակների համար, որով զինված տվյալ անձը մտնում է քաղաքական ասպարեզ:
Տեսականորեն այստեղ կարելի է ընդունել, որ իշխանության պահելու ձգտումը առանձին դեպքերում անձին կարող է ստիպել գնալ սոցիալական բարեփոխումների (ծավալել հանրորեն օգտակար գործունեություն) որպեսզի շահի առանձին շերտերի կամ խմբերի համակրանքը: Սակայն գործնականում մենք տեսնում ենք հակառակ երեւույթը, երբ բոլոր «լավ» իշխանատենչները հասնելով որոշակի պաշտոնի կամ դիրքի մշտապես հիասթափեցրել են հանրությանը` սկսելով նույնքան ինտենսիվ հոշոտել պետությանը, դառնալ նյութապաշտ, պատեհապաշտ եւ/կամ բռնակալ ու արդյունքում` օտարված մնալ հանրությունից: Այստեղ հարց է ծագում թե սոցիալապես օգտակար տվյալ անձի «բարի» ցանկությունները (եթե այդպիսիք լինում են) ի՞նչի արդյունքում են մնում չռեալիզացված, ինչ ուժ է մարդուն հետ պահում կյանքի կոչել այդ ցանկությունները:
Տվյալ հարցադրման պատասխանը ընդհանուր առմամբ ընկած է XX դարի խոշորագույն սոցիոլոգ Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» աշխատությունում «իշխանատենչություն» երեւույթի մեկնաբանման մեջ: Ըստ նրա` «Հոբսի ժամանակներից սկսած իշխանությանը ձգտելուն նայել են իբրեւ մարդկային վարքի հիմնական մոտիվի: Բայց հաջորդ դարերում ավելի մեծ նշանակություն էին ձեռք բերում իրավական եւ բարոյական այն գործոնները, որոնք ուղղված էին իշխանության սահմանափակմանը: Ֆաշիզմի առաջացման հետ միաժամանակ իշխանության մոլուցքն ու դրա հիմնավորումն ահռելի չափերի հասավ: Միլիոնավոր մարդիկ, իշխանության ղեկին գտնվողների հաղթանակներից կուրացած, իշխանությունը համարում են ուժի արտահայտություն: Հասկանալի է, որ մարդկանց վրա բանեցվող իշխանությունը նյութական (ֆիզիկական) իմաստով է դառնում նրա գերազանցող ուժի դրսեւորումը. այն է` եթե իմ իշխանության տակ է մեկ այլ մարդու սպանությունը, ապա ես «ուժեղ» եմ նրանից: Բայց հոգեբանական դիտանկյունից իշխանատենչությունը ոչ թե ուժի, այլ` թուլության դրսեւորում է: Դրանում արտահայտվում է անձի անկարողությունը` միայնակ հաղթահարել դժվարությունները եւ ապրել իր ուժով: Այն դեպքում, երբ իրական ուժը չի բավականացնում, դա դառնում է հուսահատ փորձ` ձեռք բերելու համար ուժի փոխարկիչ: Իշխանությունն այսպիսով ինչ-որ մեկի վրա եղած տիրապետությունն է, իսկ ուժը` կարողության առկայությունը, ներուժը (պոտենցիան): Ուժը հոգեբանական տեսանկյունից ընդհանուր ոչինչ չունի տիրելու (իշխելու) հետ. այստեղ ուժը զորությամբ օժտվածությունն է: Երբ մենք խոսում ենք անզորության մասին, ապա նկատի ունենք ոչ թե մարդու այլոց վրա իշխելու անկարողությունը, այլ նրա ինքուրույն կյանք վարելու անկարողությունը: Այսպիսով «իշխանությունը» եւ «ուժը» ամբողջովին տարբեր բաներ են, իսկ «տիրապետությունը» եւ «ներուժը» բոլորովին էլ չեն համընկնում, այլ իրարամերժ են: Իմպոտենցիան (եթե այս տերմինը կիրառենք ոչ միայն սեքսուալ ոլորտում, այլ նաեւ մարդկային բոլոր հնարավորությունների) առաջացնում է տիրապետելու (իշխելու) սադիստական ձգտում: Քանի դեռ ու քանի որ անհատը ուժեղ է, այսինքն ունի կարողություն ռեալիզացնել սեփական հնարավորությունները իր անձի ազատության եւ ամբողջականության հիմքի վրա, ուստի նրան պետք չի այլոց վրա տիրապետություն սահմանել եւ նա չի ձգտում իշխանության: Իշխանությունը դա ուժի այլասերումն է այնպես, ինչպես սեքսուալ սադիզմը սեռական սիրո այլասերումն է»:
Հետեւելով Ֆրոմի վերը ներկայացված վերլուծությանը` որքան էլ ցավալի փաստ դիտվի, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ մեր հանրության շրջանում համատարած իշխանատենչությունը եւ որպես հիմնավորում իբրեւ թե այդ երեւույթի սոցիալապես ոչ վնասակար լինելու մասին տարածված դիտարկումները վկայում են մեր ժողովրդի անզորության մասին: Նման հիմնավորման միջոցով ընդամենը փորձ է արվում արդարացնել ենթագիտակցականում նստած այլոց վրա իշխելու սեփական մղումները` թաքցնելու համար անգիտակցական պաշպանական հակառեակցիաներն ու հանրային օրգանիզմի իմպոտենտության փաստը:
Պետությունն իր սոցիալական գործառույթների կենսագործմանը կարող է հասնել հանրության մոտ առկա որոշակի ներուժի եւ այն գիտակցված ու ծրագրավորված օգտագործելու միջոցով: Սակայն մեր դեպքում, ինչպես տեսնում ենք հանրային-քաղաքական գործընթացների հիմքում համատարած իշխանատենչությունը ինքնանպատակ այնպիսի վարքի է վերածված, որը քաղաքացուն ձերբազատում է սոցիալական մոտիվներից` ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ամեն գնով իշխանություն վերցնելու նեղ անձնական մոտիվի վրա: Ելնելով իշխանատենչության հոգեբանական ներքին բովանդակությունից (նրա իմպոտենցիայից), ինչպես նաեւ մեր ազգի անզորության պատմական բեռից` հանրային գործընթացներում պաշտոնի ու դիրքի հասնելու յուրաքանչյուր «հաջողված» օրինակ այդուհետ դառնում է սոցիալապես անպտուղ արդյունք: Կրկին անգամ հանրությունը համոզվում է քաղաքական այն թեզի ճշմարտացիության մեջ, որն ազդարարում է թե «ով էլ գա` նույնն է լինելու»:
Սակայն գործնականում զգալով այդ թեզի ողջ դրամատիզմը` հանրությունը կրկին ու կրկին տրվում է իշխանատենչությանը` փորձելով կամ իր հնարավորությունների սահմաններում օգտվել դրանից, կամ էլ` կրկին հույս կապել թե այլոց օգտվելու դեպքում իրեն նույնպես օգուտներ կհասնի: Այստեղից կարելի է գալ այն հետեւությանը, որ հիվանդ հանրային օրգանիզմում քաղցկեղի նման տարածված իշխանության մոտիվի տիրապետության պայմաններում լավ կամ վատ իշխողներ չեն կարող լինել: Դրանք նույն որակն ունեցող այնպիսի քաղաքացիներ են, որոնք «իշխանափոխություն» կոչվող ձեռնածությունների միջոցով խնդիր ունեն բավարարել սեփական անպաշտպանությունից, անկարողությունից եկող վախերը ու օգտվելու մոլուցքը: Ձեռք բերելով պաշտոն ու դիրք` նրանք այդուհետ անզոր են նաեւ կյանքի կոչել սոցիալապես օգտակար իրենց բարի ցանկություններն ու իրենց մեջ առկա վարքի սոցիալական մոտիվները, քանզի իշխանատենչության մոտիվացիոն ներքին մեխանիզմը հիմնված է թուլության ու այնպիսի վախերի վրա, որոնց հաղթահարման համար դրանք մշտական սնուցման կարիք ունեն: Իսկ այդ կարիքը անձի գիտակցական մակարդակում բերում է նրան, որ հարկ է լինում նոր իրավիճակում մի կողմ թողնել պետության ու հանրության նկատմամբ սրտացավ քաղաքացու կերպարը եւ հակահանրային վարքի միջոցով վաստակել շահամոլի, պատեհապաշտի, բռնակալի անուն:
Ներկայացվածը կարող է իր հերթին առանցքային մի հարց առաջադրել` թե այդ դեպքում, ո՞րն է ելքը, եթե իշխանության մոտիվի համատարած սփռման պայմաններում այդ մոտիվով առաջնորդվող քաղաքացիները իրականում գործում են պետության դեմ: Տվյալ հարցի պատասխանը ընկած է այն մտայնության հաղթահարման մեջ, թե երկրում չեն կարող լինել քաղաքական մեծ ակտիվություն ցուցաբերող բայց իշխանության չձգտող անհատներ ու խմբեր:
Քաղաքացիական պայքարի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ կարեւոր են խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Ըստ քաղաքացիական պայքարի հայեցակարգի` երկրում կա կառավարման լծակները ուզուրպացրած իշխանության տապալման եւ ազատ ընտրությունների մեխանիզմի հաստատման խնդիր, որի միջոցով է հնարավոր գնալ համակարգային փոփոխությունների: Այդ խնդրի լուծման ճանապարհին քաղաքացիները չպետք է վարակվեն «իշխանատենչություն» հիվանդությամբ: Իրավական պետությունում ընտրությունների միջոցով թե ովքեր կստանձնեն պետության կառավարման լծակները դա պայքարում ներգրավված գործիչների խնդիրը չէ, այլ` ընտրություններում ներգրավված ժողովրդավարական կուսակցությունների (նաեւ` անհատ ինքնաառաջադրվողների), որոնք իրենց ծրագրերը հանրությանը ներկայացնելու եւ համոզելու միջոցով կարող են ակնկալել, թե ազատ ընտրությունների արդյունքում կշահեն ընտրողների համակրանքը եւ կստանան մանդատներ կամ պաշտոններ:
Կարող է հայը այս դարում պարտադրել արժեքների հեղափոխություն, որտեղ «իշխանությունը» կփոխակերպվի «ծառայության», իսկ իշխելու տենչանքը` ծառայելու ծանր բեռին: Սա է, որ պետք է լինի երկրի իրական տերերի ամենօրյա մտահոգության առարկան: Այն տերերի, ովքեր ձերբազատված են իշխելու հիվանդագին մոլուցքից, ունեն վարքի սոցիալական մոտիվներ, ինչպես նաեւ կամք ապրելու համար ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետությունում եւ չունեն իրենց սադիստական հակումները բավարարելու խորը թաքնված հակումներ: Հայաստանն այս գործիչների կարիքն ունի:
Մեկնաբանել