
Դեսպան Յուրի Վարդանյանը վիրավորվել է
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը վիրավորվել է, որ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ «Ջավախքին աջակցության հիմնադրամի» կազմակերպած քննարկման և բարեգործական համերգ-երեկոյին իրեն չեն հրավիրել: Այդ մասին այսօր Երևանում կայացած միջոցառմանը հայտարարեց ինքը՝ դեսպան Վարդանյանը՝ իր խոսքը սկսելով հենց վիրավորված լիենելու հանգամանքով:
Պարզվում է՝ երեք օր առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ այլ թեմայի շրջանակներում Թբիլիսիում կայացած հանդիպման վերջում է իմացել, որ այսօր Երևանում նմանատիպ միջոցառում է նախատեսված, իսկ իրեն այդ միջոցառմանը, որպես Վրաստանում ՀՀ դեսպան, չեն հրավիրել:
Դեպի դեսպանատուն մեքենայով ճանապարհվելիս նոր զանգահարել է Սոս Սահակյանը՝ Ուկրաինայի Հանրապետության հյուպատոսը Գյումրիում, «Սովռանո» ընկերության հիմնադիր, «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահը և հրավիրել միջոցառմանը:
«Ես հասկացա, որ Սրբազանը տեղյակ է պահել, որ դեսպանը տեղյակ չէ հրավերքից, և պարտավոր է դեսպանը անպայման ներկա լինել նման հավաքներին: Ուզում են, թե չեն ուզում, ես պարտավոր եմ ներկա լինել և աջակից լինել յուրաքանչյուր հարցում ձեզ բոլորիդ,- նշեց դեսպանը և շարունակեց,- ցավում եմ նրա համար, որ ես ընդհանրապես տեղյակ չէի, չնայած դեռ կարելի է ասել, որ ես նորանշանակ եմ, դեռ երեք ամիս չի բոլորվել, որ ես աշխատում եմ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, բայց գոնե որևիցե մեկը երևի վերլուծություն կանի, թե ով է մեղավոր, որ ես մինչև հիմա տեղյակ չեմ եղել այս հիմնադրամի ստեղծմանը և նրա ծրագրերին, կանոնակարգին, այս հարցը դեռ երևի խորը կքննարկվի»:
Այդուհանդերձ, Յուրի Վարդանյանը նշեց, որ անչափ ուրախ է նման հիմնադրամի ստեղծման համար, և քանի որ ինքը ԱՄՆ-ում ապրել և ղեկավարել է հայկական համայնքը, տեղյակ է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, իր ուժերի ներածին չափով կաջակցի դրա գործունեությանը:
Սոս Սահակյանը դեսպանի ելույթից հետո ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար՝ պատճառաբանելով, որ «խառը օրերին որևէ մեկը թերացել է»՝ կապված միջոցառման նախապատրաստական աշխատանքների հետ: Այդուհանդերձ, մեկ ուղղում էլ մտցրեց, որ իրենք հիմնադրամի կանոնադրությունը նախորդ դեսպանի հետ մանրազննին քննարկել են, և դեսպանատունն էլ տեղյակ է եղել հիմնադրամի գոյության մասին:
«Ջավախքին աջակցություն հիմնադրամը» գործում է այս տարվա փետրվարից: Հիմնադիրներն են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-գնդապետ Գուգեն Դալիբալթյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայկ ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» երգի-պարի համույթի հիմանդիր-ղեկավար Գագիկ Գինոսյաը:
Մինչ օրս 250 հազար դոլարի փոխանցման խոստում է տրվել հիմնադրամին: Այսօր երեկոյի ավարտին նախատեսված էր նաև հանգանակություն: Ինչպես նշեց Սոս Սահակյանը, հիմնադրամը նախատեսում է իր մասնաճյուղերը բացել ինչպես Ջավախքում, այնպես էլ ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Ֆրանսիայում, Արգենտինայում և այլ երկրներում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել