HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ում հարցաքննվել են փաստաբան Ս. Շարբաթյանի սպանության գործով անցնող վկաները

Երեկ` հոկտեմբերի 17-ին,  փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստին մեղադրյալներ Սամվել Դիլոյանը և Արեն  Վերանյանը իրենց բերանը թաշկինակով փակած մտան  դատական նիստերի դահլիճ: «Ձեր  բերանը թաշկինակով փակած է, ի՞նչ է նշանակում, կարե՞լ եք ձեր բերանը: Այսինքն` ուզում եք այդ միջոցով դատարանին ձեր ձայնը լսելի՞ դարձնել» ,- մեղադրյալներին  դիմեց  դատավոր  Ն. Հովակիմյանը: «Նախաքննական մարմնի  հանցագործությունների և ապօրինությունների դեմ ենք բողոքում»,- պատասխանեց Սամվել Դիլոյանը:

Դատավորը մեղադրյալներին տեղեկացրեց, որ դատարանը գրություն է ստացել նրանց հացադուլի մեջ գտնվելու մասին: Մեղադրյալներ Արտակ և Արեն Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը դատարանին հայտնեցին, որ առողջական խոչընդոտներ չունեն և պատրաստ են դատական նիստին մասնակցելու: Մեղադրանքը պաշտպանելու համար երեկ  դատարան էր ներկայացել նաև դատախազ Արթուր Երիցյանը: Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 6-ի դատական նիստում մեղադրող  դատախազ Պետրոս Մարտիրոսյանը  դատարանին էր  հանձնել ՀՀ գլխավոր դատախազության 21.10.2014թ.-ի Լոռու մարզի դատախազ  Գրիգոր Էլիզբարյանին  ուղղված գրությունը` հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանի ստորագրությամբ:

Գրությունը  վերաբերում էր Ս. Շարբաթյանի սպանության գործով ներգրավված վկաների կողմից դատարանում քննիչների չարաշահումների մասին տրված հաղորդմանը: Գրությամբ Լոռու մարզի դատախազին ՀՔԾ վարչության պետը հայտնել է , որ վերջինիս  կողմից գլխավոր դատախազին ներկայացված 14.04.2014թ.-ի զեկուցագիրն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վերջինիս շրջանակներում քննիչների կողմից չարաշահումներ կատարելու մասին հաղորդում տված անձինք` Օֆելյա Աֆիցերյանը և Էդվարդ Խլղաթյանը հրաժարվել են թիվ 33104812 (Սամվել Շարբաթյանի սպանության) քրեական գործով  դատաքննության ընթացքում տված ցուցմունքներից և պնդել են իրենց նախաքննական ցուցմունքերը:

Մասնավորապես Օֆելյա Աֆիցերյանը հայտնել է, որ դատարանում հավաքված անձանց բազմությունից վախեցել է հայտնել իրականությունն այն մասին, ինչ հայտարարել է նախաքննության ընթացքում: Վկան ՀՔԾ-ին հայտնել է, որ ցուցմունքներն ուղղորդելու մասին դատարանում արված իր հայտարարությունը չի  համապատասխանում իրականությանը: Վկա Ալվարդ Եղիկյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, որ նախաքննության ընթացքում քննիչ Ա. Ավագյանին հայտնել է այն, ինչն իրականությունն է, իսկ դատարանում հավաքված մարդկանց պատճառով լարվել և հայտարարել է, որ ոչինչ չի հիշում: Վկա Էդիկ Խլղաթյանը  ՀՔԾ-ում հարցաքննվելիս հայտնել է, որ բացի իր ասածից` ուրիշ ոչինչ քննիչի կողմից չի արձանագրվել, սակայն դատարանում միգուցե շփոթվել է և այլ կերպ է հասկացել դատավորի հարցը, որի պատճառով հայտարարել է, թե ինքն ուրիշ բան է ասել, իսկ քննիչները  ուրիշ բան են արձանագրել:

Վկաներ Ջիվան Չիլինգարյանը,  Անժելա, Տաթևիկ, Հայկ Ասլիկյանները ցուցմունք են տվել, որ նախաքննության ընթացքում քննիչների կողմից իրենց սպառնալիքներ չեն տրվել և իրենց ցուցմունքները չեն ուղղորդվել: ՀՔԾ վարչության պատասխան գրության հետ կապված` մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը հոկտեմբերի 6-ին նաև միջնորդություն է ներկայացրել դատարանին` ՀՔԾ-ին և դատարանին տրված ցուցմունքների հակասության պատճառով լրացուցիչ հարցաքննության համար դատարան հրավիրել վկաներ Օֆելյա Աֆիցերյանին, Էդվարդ Խլղաթյանին, Ալվարդ Եղիկյանին, Ջիվան Չիլինգարյանին և վկաներ Հայկ, Անժելա և Տաթևիկ Ասլիկյաններին: Հոկտեմբերի 7-ի դատական նիստում դատավոր Նարինե Հովակիմյանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը: Երեկ մինչ վկաների հարցաքննությունը Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը միջնորդեց մեղադրողից ստանալ և դատարանում հետազոտել Լոռու մարզի դատախազի գլխավոր դատախազություն ուղարակած գրությունը` պարզելու, թե ինչ հիմքով է ՀՔԾ-ում կատարվել վկաների հարցաքննությունը:

«Գրության մեջ մանրամասն գրված է, թե ինչ հարցերի պատասխան է ցանկացել ստանալ Լոռու մարզի դատախազությունը և դրա հետ կապված էլ ՀՔԾ վարչությունը տվել է պատասխաններ»,- ասաց Արթուր Երիցյանը: Դատարանը մերժեց պաշտպան Մ. Դավթյանի միջնորդությունը: Դեպքին ականատես վկա Հայկ Ասլիկյանը լրացուցիչ հարցաքննությամբ դատարանին  կրկին տվեց հակասական ցուցմունքներ: Ասաց, որ ՀՔԾ-ում իրեն ընդամենը հարց են տվել, թե նախաքննության ընթացքում քննիչերն իրեն ուղղորդել են, թե ոչ:

«Ես ուղղորդել բառի հետ կապված ասել եմ օգնելու նպատակով, որ կողմնորոշվեմ»,- ասաց վկան: Իր նախաքննական  9-ը ցուցմունքները  Հայկ Ասլիկյանը սխալ համարեց`այն իմաստով, որ այդ ցուցմունքներում փաստերը չի տեսել, ուղղակի պատկերացրել է. «Դատարանում տվել եմ այն ցուցմունքները, ինչը տեսել եմ: Նախաքննական ցուցմունքերում ես պատկերացրել եմ, որ այդպես եղել է, քննիչին ասել եմ, իմ տեսածները վերլուծել ենք, ընդհանուր մտքի ենք եկել ու ցուցմունքը գրել: Ու ասեմ, որ քննիչն ու իմ հարազատները նույն տիպի հարցեր են տվել, որովհետև բոլորին է հետաքրքրել, թե ոնց է եղել»,- ասաց վկան:  

«Այսինքն` դուք հարազատներին պատմել եք այն, ինչ ի վերջո պատմել եք քննիչին»,- հարցրեց  մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը: «Այո»,- պատասխանեց վկան: Հայկ Ասլիկյանի մայրը` Անժելա Ասլիկյանը և քույրը` Տաթևիկ Ասլիկյանը, սակայն, իրենց լրացուցիչ ցուցմունքներում պնդեցին, որ Ս. Շարբաթյանի սպանության դեպքի հաջորդ օրը Հայկը իրենց ոչինչ չի պատմել: Վկա  Ջիվան Չիլինգարյանը ասաց, որ  նախաքննական ցուցմունքը տվել  է դեպքի նախորդ օրը օգտագործած ալկոհոլի ազդեցության տակ, այդ պատաճառով դատարանում փոխել է իր ցուցմունքը: Դատարանը հայտարարեց, որ լրացուցիչ հարցաքննության  համար դատարան ներկայացած վկա Էդվարդ Խլղաթյանըհարցաքննության իր հերթին սպասելիս վատ է զգացել և գնացել տուն: Վկաներ Օ. Աֆիցերյանը և Ա. Եղիկյանը դատարան չէին ներկայացել: Դատական նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter