Հովտաշենում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետն ու երիտասարդ «խոպանչին»
Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հովտաշեն գյուղում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, համայնքապետի ընտրություններ են: 327 բնակիչ ունեցող համայնքում ընտրական ձայնի իրավունք ունեն 258-ը: Ժամը 16-ի դրությամբ Հովտաշենում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 170 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Եվգինե Առաքելյանը տեղեկացրեց, որ 60 ընտրող բացակայում է գյուղից, դեռ չեն վերադարձել արտագնա աշխատանքից եւ, բնականաբար, չեն կարող մասնակցել ընտրություներին:
Հովտաշենում համայնքապետի տեղի համար պայքարում են գործող գյուղապետ Սեյրան Փիլոսյանն ու նույն գյուղի բնակիչ Արսեն Եղոյանը: Դաշնակցական համայնքապետն առաջադրվում է 5-րդ անգամ, իսկ անկուսակցական, 27-ամյա Արսեն Եղոյանի ՏԻՄ ընտրություններին որպես թեկնածու առաջին անգամ է մասնակցում: Երիտասարդ թեկնածուն հիմնականում զբաղվում է արտագնա աշխատանքով:
«Հետք»-ի հետ զրույցում հովտաշենցիներից մեկը կասկած հայտնեց, թե երիտասարդ «խոպանչին» դժվար թե կարողանա զբաղվել համայնքի խնդիրներով՝ մանավանդ, որ տարվա կեսը գյուղում չի լինում: Այս տարի էլ սովորականի նման Արսեն Եղոյանը հունվար ամսին մեկնել է ՌԴ եւ վերադարձել սեպտեմբերի 6-ին: Հարցին, թե ինչու է ցանկացել առաջադրվել համայնքապետի պաշտոնում, Արսեն Եղոյանը պատասխանել է, որ նման ցանկություն ունեցել է դեռ անցած տարի, սակայն իրեն հայտնել են, որ Հովտաշենում ՏԻՄ ընտրությունները կայանալու են 2014-ին: Փորձառու համայնքապետի եւ երիտասարդ թեկնածուի միջեւ ընտրություն կատարելու սկզբունքի շուրջ հովտաշենցիները խուսափեցին խոսել, միայն նշեցին, որ կընտրեն արժանավորին:
Մեկնաբանել