Արեւիկցի ընտրող. «Կընտրվի շատ ազգուտակ ունեցողը»
Մարիամ Խալաթյան
Շիրակի մարզի Արևիկ համայնքում գյուղապետի ընտրություններում առաջադրված է երկու թեկնածու՝ անկուսակցական, նախկին գյուղապետ Դավիթ Թումիկյանն ու ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Գարեգին Ստեփանյանը: Գյուղացիների կարծիքով` նրանք հավասար հնարավորություններ ունեն` ով էլ ընտրվի, չի կարողանալու լուծել առկա խնդիրները:
Արևիկի բնակիչ Անուշավան Զաքարյանն ասում է. «Լավ, հավեսով տղա են երկուսն էլ: Չեմ կարող ասել, թե որի շանսերն է մեծ, հետո կերևա արդյունքը, բայց դե ով էլ լինի գյուղապետ՝ էդ փոքր բյուջեով ի՞նչ պիտի էնե գյուղի համար»:
Արևիկցիների հիմնական ցանկությունը գյուղի ճանապարհները նորոգված տեսնելն է: Արևիկցի Օնիկ Մաթեւոսյանը նշեց, թե գյուղապետի ձեռքին հիմա ոչինչ չկա՝ վերևից ինչ թելադրեն, այդպես էլ անելու է: «Մենք՝ գյուղացիներս, իրանց պետք ենք` հարկերը մուծենք, որ ռոճիկ ստանան, իսկ հարկերից ինչ էլ օր կմնա գյուղապետարանին, բերել փողոցները ավազ են լցրել, բայց փողը քիչ է եղել, «սալյարկեն» չի հերիքել, որ սաղ փոսերը ավազ լցնեն: Չեն թողնի, վերևներից չեն թողնի, որ գյուղի համար բան էնեն»:
Հարցին, թե թեկնածուներից ու՞մ շանսերն են ավելի մեծ, Օնիկ Մաթեւոսյանը պատասխանեց. «Ով շատ զգուտակ ունի, քավոր-սանիկ, էն էլ կընտրվի: Բայց կընտրվին էլ, հեչ բան չեն էնե: Ընտրություններն անցան, իրանց էլ ո՞վ է տեսնողը»:
Արևիկի մշակույթի տանը տեղակայված 35/01 ընտրատեղամասում շարունակվում են գյուղապետի ընտրությունները: Ժամը 16:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 721 ընտրող: Այս տեղամասում հանձնաժողովին խոշորացույց չտրամադրելու պատճառով բազմաթիվ ընտրողներ իրենց քվեարկությունը կատարեցին այլ անձի օգնությամբ:
Մեկնաբանել