HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետ կնոջը փոխարինեց ամուսինը

Հայ-վրացական սահմանամերձ Ձյունաշող գյուղում այսօր տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություն: Առաջադրվել էր համայքանպետի մեկ թեկնածու` հանրապետական կուսակցության անդամ Գարիկ Գրիգորյանը, ով Ձյունաշողի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Յանա Մամիկոնյանի ամուսինն է: Վերջինս գյուղապետ է ընտրվել 2006թ-ից, իսկ ամուսինը` Գարիկ Գրիգորյանը աշխատել է որպես գյուղապետ կնոջ տեղակալը:

«Օրենքը դա թույլ է տալիս: Միասին մարդ ու կնիկ այսօր 8 տարի է` աշխատել ենք: Կինս գյուղապետն է, ես տեղակալը»,- ասաց թեկնածուն: Թե ինչու ի սկզբանե ինքը չի առաջադրել գյուղապետի իր թեկնածությունը, Գարիկն այսպես պատճառաբանեց. «Իմ գրանցումն առաջին հերթին Տաշիր էր: Ես չէի կարող իմ թեկնածությունը առաջադրել»,- բացատրեց նա:

Յանա Մամիկոնյանն ասաց, որ գյուղապետի իր պաշտոնավարման 8 տարիներին ամեն ինչ իր ամուսնու հետ է արել: Գարիկ Գրիգորյանն արգելեց այլ հարցեր ուղղել իր գյուղապետ կնոջը` պատճառաբանելով, թե նա հիվանդ է: Գարիկ Գրիգորյանը հասցրեց պատմել նաեւ, որ Ձյունաշողում ունի 70 հա խոտհարք և 18 հա վարելահող:

Թիվ 32/01 Ձյունաշողի  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը Ձյունաշողի գյուղապետի օգնական, հանրապետական Ֆլորա Խաչատրյանն էր: Տեղամասային ընտրական հանձնաժողովը և գյուղապետարանը գտնվում էին համայնքային կենտրոնի շենքում: Թեկնածուի թիմակիցները ազատ ելումուտ էին անում ընտրական տեղամաս, հանձնաժողովի հանրապետական անդամի հետ ճշտում էին ընտրությանը չներկայացած ընտրողների ցանկը` նրանց ավտոբուսով ընտրատեղամաս բերելու համար:

Թեկնածու Գ.Գրիգորյանն ամբողջ օրն անցկացրեց գյուղապետարանում` ընտրական տեղամասի տարածքում, որտեղ էլ կազմակերպել էր ճաշկերույթ`  տեղամասային հանձնաժողովի անդամների և ընտրողների համար: Ընտրողների մեծ մասն ընտրելուց հետո մտնում էին գյուղապետարան` ճաշկերույթի սեղանից օգտվելու: Ըստ  թեկնածուի` Ձյունաշողում սովորույթի համաձայն ընտրողների հոսքը դեպի ընտրատեղամաս ակտիվանում է հացի սեղանը պատրաստ լինելուց հետո:

Ժամը 14:00-ի սահմաններում գյուղապետի մորեղբայր` Բորիս Ղևոնդյանն ընտրատեղամաս ներկայացավ առանց անձնագրի` անձնագրի պատճենով: Հանձնաժողովը նրան չթույլատրեց կատարել ընտրություն: Ժամը 15:00-ին մեկ այլ տղամարդու հետ ընտրական տեղամաս մտավ Մեծավան գյուղի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը:  

Վերջինս գինովցած հանձնաժողովին հայտնեց իր համակրանքը թեկնածուի նկատմամբ և շուրջ 5 րոպե խաթարեց հանձնաժողովի աշխատանքը: Ժամը 15:00-ից` թեկնածուի տված ճաշկերույթից հետո գինովցած ընտրողների կուտակմներ սկսվեցին ընտրատեղամասի տարածքում:

Թիվ 32/01 ընտրատեղամասում հերթապահող Լոռու մարզի ոստիկանության Տաշիր բաժնի ոստիկանները նրանց չհեռացրեցին ընտրական տեղամասի տարածքից: Ընտրությունների արդյունքներով  Ձյունաշողի 32/01 ընտրական տեղամասի ընտրացուցակներում գրանցված 149 ընտրողներից գյուղապետի ընտրությանը մասնակցել էին 83-ը: Թեկնածու Գարիկ Գրիգորյանը գյուղապետ ընտրվեց ձայների 79 կողմ, 3 դեմ , 1 անվավեր քվեարկությամբ:    

Մեկնաբանություններ (1)

Լավ պյան ա
Ընտիր մարդիկ են, յոլա են գնում առանց անօգուտ ղալմաղալի! Լոռեցիների իշխանափոխության իմաստուն ու անփորձանք եղանակը հարկավոր է բարձրացնել սահմանադրական-պիրզիդենտական մակարդակի՝ որ պրծնենք զանազան աթոռասերների տարաբնույթ նկրտումներից ու ցնցումներից! Այդ դեպքում մունք ալ իրանք ալ վերջնականորեն կիմանանք թա ում երկրում ենք ապրում ու կերթանք կզբաղվենք սեփական հոգսերով!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter