
Ինչու՞ է Հայաստանի ճանապարհներին այդքան հետիոտն զոհվում
Համաձայն ՀՀ և ԼՂՀ ոստիկանություններից ստացված գրությունների, 2012 և 2013 թվականներին Հայաստանում և Արցախում վրաերթի հետևանքով զոհվել են համապատասխանաբար 136 (որոնցից 7-ը անչափահաս) և 114 մարդ (նույնպես 7-ը` անչափահաս):
Եթե հաշվի առնենք, որ վիճակագրության դրական տեղաշարժը պայմանավորված է նրանով, որ ճանապարհային պատահարների զոհերին հաշվելու մեթոդը փոխվել է, ապա պատկերն էլ ավելի ողբերգական կդառնա:
Մեղավորը
Երբ փորձում ես պարզել, թե ում մեղքով է եղել վրաերթը, ապա ստացվում է, որ 2012 թվականին հետիոտնի կողմից ճանաարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով զոհվածների քանակը 29 է, իսկ 2013 թվականին` արդեն 60: … Այսինքն, զոհվածների կեսից ավելին մեքենայի տակ է ընկնում ճանապարհն անթույլատրելի վայրում անցնելիս:
Փորձենք խնդիրը բաժանել երեք մասի`
1. Հետիոտների հոգեբանությունը,
2. Վարորդների հոգեբանությունը,
3. Անցումների կահավորումը:
Հետիոտն օրենքից դուրս է
Եթե վարորդների քանակը մեր երկրում մի քանի հարյուր հազար է, ապա հետիոտն ենք բոլորս: Ուստի, հետիոտների հոգեբանությունը պետք է ձևավորվի դպրոցի, ընտանիքի և ոստիկանության միջոցով:
Ինչպես հայտնի է, Հայաստանի դպրոցներում չեն դասավանդվում երթևեկության անվտանգության կանոնները: Այսինքն, ի տարբերություն եվրոպական դպրոցների, մեր մոտ երեխաներին չեն բացատրում, թե ինչու է պետք ամրակապվել և ինչպես է պետք փողոց անցնել:
Ցավոք, դա չեն անում նաև ծնողները… Անգամ հակառակը, հաճախ «բացատրում են» երեխաներին, որ ամրակապվելը զուտ չտուգանվելու համար է: Եզակի չեն դեպքերը, երբ ծնողները փողոցը սխալ վայրում անցնում են երեխաների հետ միասին` դրանով իսկ վտանգելով երեխաների կյանքը և վատ օրինակ ծառայելով վերջիններիս համար:
Մնում է միայն ոստիկանությունը, որը միայնակ, առանց դպրոցի և պետական քարոզչության, համարյա ոչինչ չի կարող անել… Սակայն հարկ է նկատել, որ ոստիկանությունը մերժեց առաջարկը, որով պետք է առավել մեծ տուգանք սահմանվեր այն ծնողների նկատմամբ, ովքեր երեխաների հետ են փողոցը սխալ վայրում անցնում:
Այսինքն, պետական մարմիններից ոչ Ոստիկանությունը, ոչ էլ Կրթության և գիտության նախարությունը ոչինչ չեն անում էականորեն վիճակը փոխելու համար:
Լավագույն դեպքում հետիոտնի «դեմը չեն կտրում»
Ճանապարհային երթևեկության կանոնները ենթադրում են, որ ավտոմեքենայի վարորդը կարող է հատել հետիոտնային անցումը միայն այն ժամանակ, երբ համոզվում է, որ իր և հարևան երթևեկության գոտիներում անցման վրա հետիոտն չկա:
Սակայն հայ վարորդներից առավել բարեխիղճները, որպես կանոն, ընդամենը զիջում են ճանապարհը հետիոտնին միայն այն ժամանակ, երբ վերջինս արդեն իրենց դիմացն է՝ ուշադրություն չդարձնելով հարևան գոտիների վրա իրենց ուղղությամբ շարժվող հետիոտներին:
Ճիշտ նույն մոտեցմամբ է առաջնորդվում Ճանապարհային ոստիկանությունը, որը տուգանում է միայն այն վարորդներին, ովքեր կոպտորեն հետիոտների «դեմն են կտրում»: ՃՈ տեսուչները երբեք չեն տուգանում այն վարորդներին, ովքեր չեն կանգնում իրենց երթևեկության գոտուց 2-3 մետր հեռավորության վրա գտնվող հետիոտնի համար, թեև պարտավոր են:
Ավելին, ՃՈ-ն համարյա երբեք չի տուգանում այն վարորդներին, ովքեր կայանում են անմիջապես հետիոտնային անցման դիմաց (ի հեճուկս օրենքի): Իսկ դա փակում է այն վարորդների տեսադաշտը, ովքեր հատում են անցումն ու պետք է համոզվեն, որ դրա վրա հետիոտն չկա:
Հենց սրա արդյունքում է, որ վարորդնրը «մի աչքով» են նայում հետիոտնային անցումների հետ կապված կանոններին: Իսկ այդ կանոնների համատարած խախտումները մեծացնում են վրաերթի ռիսկերը` ազդելով վիճակագրության վրա:
Իշխանական ոչ կոմպետենտություն և անտարբերություն
Սակայն մեղավորները միայն վարորդներն ու հետիոտնները չեն: Շատ տեղեր հետիոտնային անցումները պատշաճ կերպով լուսավորված չեն և սահմանված արագությամբ ընթացող վարորդը կարող է միայն վերջին պահին նկատել թե հետիոտնային անցումը, և թե հետիոտնին:
Բացի այդ, հաճախ չկարգավորվող հետիոտնային անցումների նշաններն ու «զեբրա» գծանշումները բացակայում են կամ ջնջված են լինում, ինչն իր հետ ռիսկեր է բերում: Եվ դա այն պայմաններում է, երբ արևմտյան երկրներում հետիոտնային անցումները հավելյալ լուսավորությամբ են ապահովում, իսկ դրանց նշանի տակ թարթող դեղին լույս են դնում, որ վարորդը դեռ հեռվից տեսնի, որ անցումի է մոտենում:
Խնդիրն էլ ավելի խորն է: Խաչմերուկների հետիոտնային անցումները սովորաբար կարգավորվող են (հետիոտնի լուսաֆոր կա): Սակայն, վարորդը, ով հատել է խաչմերուկը, ստիպված է ճանապարհին նայելու փոխարեն գլուխը թեքել և նայել հետիոտների համար նախատեսված լուսաֆորին, որը նախատեսված չէ վարորդին տեսանելի լինելու համար:
Դա, անշուշտ, վարորդին շեղում է ճանապարհից և ավելացնում վթարի և վրաերթի ռիսկը: Զարգացած երկրներում այդպիսի դեպքերում հետիոտնային լուսաֆորի կողքը վարորդների ուղղությամբ դնում են թարթող դեղին լույս: Այն վարորդներին նախազգուշացնում, որ ճանապարհը պետք է զիջեն հետիոտնին: … Դա ավելացնում է վարորդների զգոնությունը և ազատում վարորդներին ճանապարհից շեղվելուց և հետիոտնային լուսաֆորը որոնելուց:
Այստեղ մնում է միայն հույս հայտնել, որ որևէ մեկը (հասարակությունը, Ազգային ժողովը կամ սեփական ողջամտությունը) կստիպի իշխանություններին իրական միջոցներ ձեռնարկել վրաերթերի վիճակագրությունը փոխելու ուղղությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել