HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Գործելով երկու հարկային դաշտում` երկու տեղ էլ հարկ ենք վճարում»,- ասում է ղարաբաղցի գինեգործը

Արցախի Մարտունու և Հադրութի շրջանների սահմանագծի ճամփեզրին է գտնվում Շեխեր գյուղի գինու գործարանը: Շինության երկաթյա փոքրիկ մուտքն աշխատողների բացակայության ժամանակ վստահ հսկում է հսկա «պահակ շունը»: Աստիճանները տանում են ուղիղ արտադրամաս, որտեղ և 2011թ. Ամարասի ու Շեխերի այգիների երկու տեսակի խաղողից պատրաստում են երկու տեսակի սպիտակ և երեք տեսակի կարմիր գինի: Գինիների գործարանային արժեքը 900-1800 դրամ է:

Շեխեր գինիներն արտադրող «Արագիլ» ՍՊԸ -ի հիմնադիր տնօրեն Բաղդասար Ղուլյանն ասում է, որ գինու արտադրությունն ընտանեկան բիզնես է. սեզոնին աշխատանքների բոլոր փուլերում ընդգրկվում են 4-18 տարեկան իր 7 զավակներն ու կինը: Իսկ սեզոնի ամենաթեժ պահին վարձում են նաև մոտ տասը աշխատող Շեխեր գյուղից: Ոչ սեզոնին հիմնական աշխատողները չորսն են:

Ինչ վերաբերում է հումքի մթերմանը, ապա Բ. Ղուլյանը նախընտրում է իր 6 հա խաղողի այգու բերքից բացի` շուկայական ավելի բարձր գնով գնել գյուղացիներից, այլ ոչ թե ընդլայնել իր այգիները: «Նախ` ինձանից ավելի հմուտ այգեգործներ կան մեր շրջանում, երկրորդ՝ գյուղացիներին հարմար գնով գնում եմ բարձրորակ խաղող»,- բացատրում է գինեգործը:

Բ. Ղուլյանը ողջունում է Արցախում գինեգործության ու գինի խմելու մշակույթի զարգացումը:

«Գերագույն ցանկություն կլինի ինձ համար, երբ եթե ոչ ամեն գյուղում, ապա գոնե ամեն  երկրորդ-երրորդ գյուղում լինի մի գինու գործարան: Թեկուզ քիչ քանակությամբ, բայց կարտադրվի բնական հումքից գինի, որն էլ, ըստ իս, մրցակցություն ստեղծելու լավագույն տարբերակն է»,- ասում է Բ. Ղուլյանը:

Շեխերի գինիների 1/3-ը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես` հայկական ռեստորաններում: Իսկ արտադրանքի մնացած մասը՝  Հայաստանում ու Արցախում:

«Դրսի շուկայի խնդիրներից մեկն այն է, որ եթե չունես իրենց անհրաժեշտ քանակը, ապա շատ հաճախ չեն էլ ուզում հետդ պայմանագիր կնքել: Մեկ տարվա կտրվածքով ՌԴ արտահանած իմ ապրանքը նրանք տասը օրում են սպառում: Վերջերս ինձ 500 հազար շշի պատվեր տվեցին, բայց ստիպված էի հրաժարվել, քանի որ տարեկան մենք արտադրում ենք ընդամենը 70 հազար շիշ, որից 20 հազարը մշտական հաճախորդ ունի »,- պատմում է զրուցակիցս՝ հավելելով, որ ՌԴ-ից  նման մեծ պատվերը պայմանավորված է վերջերս Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաներով:

Այն հարցին, թե որքանով են արդարացնում ներդրումները, Բ. Ղուլյանը պատասխանում է, որ եթե նույն արտարդրությունը Հայաստանում կազմակերպվեր, ապա ամեն շշից մոտ 270 դրամ շահույթ կստանար: Բայց քանի որ բացի բուն մթերքից ամեն ինչ ներկրվում է Հայաստանից, լրացուցիչ ծախսեր է ենթադրում:

«Ես ստիպված եմ Երևանում մասնաճյուղ պահել` տարեկան մեկ-երկու անգամ ՌԴ ապրանք արտահանելու համար: Դրսում Ղարաբաղի իմ կնիքը չի գործում: Ավելին, գործելով երկու հարկային դաշտում` երկու տեղ էլ, փաստորեն, հարկ ենք վճարում»,- բացատրում է նա՝ հավելելով, որ չի հասցնում շահույթը տեսնել:

Գինեգործարանը հիմնելու համար Բ. Ղուլյանը մոտ 27 միլիոն դրամ վարկ է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից: Զրուցակիցս վստահեցնում է, որ եթե մնացած 40 մլն դրամը հարազատները չտային, ինքը վաղուց կսննկանար ու ի վիճակի չէր լինի անգամ հիմնադրամի վարկը փակել:

Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցությանը`գինեգործն ասաց, որ այդ հանգամանքն իր բիզնեսի վրա մասնակի կազդի. «Բանն այն է, որ Իտալիայից ներկրված գործարանային տեխնիկայի դիմաց մաքսայինը ինձ 14 մլն դրամ է պարտք մնացել, և ես ՌԴ ապրանք արտահանելու համար մինչ այսօր 20 տոկոս եկամտահարկ չէի վճարում, այն գանձվում էր այդ 14 միլիոնից: Այսուհետ էդ 20 տոկոս եկամտահարկը պիտի ՌԴ-ում մուծեմ արդեն իմ գրպանից, այլ ոչ թե իմ այն ունեցած 14 մլն դրամից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter