HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախումներ Սամցխե-Ջավախքում. կան ձերբակալվածներ

Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում իրավիճակը չի հանդարտվում: Բնակչության միջև բախման առիթ է դարձել 20-րդ դարի 40-ականներին կառուցված մզկիթը, որը հետագայում ծառայել է որպես գյուղական ակումբ և հանձնվել է տեղի համայնքի սեփականությունը:

Շինությունը Ադիգենի շրջանային վարչությունը այս տարի մշակութային կենտրոն դարձնելու մասին որոշում է կայացրել: Այն վերակառուցելու համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթը շահող ընկերությունը օրերս սկսել է ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է տեղի մուսուլմանների զայրույթը և դարձել բախման առիթ: Տեղի մուսուլմանները պահանջում են վերադարձնել իրենց շենքը և կրկին շահագործել այն որպես մզկիթ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մրցույթը շահող ընկերությունը երեկ սկսել է վերակառուցման աշխատանքները: Սակայն տեղացի մահմեդականները դեմ են կառուցմանը և խոչընդոտել են ընկերության աշխատանքներին: Ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժանմունքի աշխատակիցները եղել են տեղանքում՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով: Իրավապահ մարմինները կառուցապատման տարածքը վերցրել են պաշտպանության տակ՝ շրջափակելով շինությունը, որպեսզի կանխեն որևէ առճակատում:

«Ոստիկանությունը կոչ է արել հավաքվածներին պահպանել հասրակական կարգը և հանգստության կոչ արել, սակայն քաղաքացիները վիրավորել են ոստիկանության ծառայողներին և վնասել ոստիկանության ավտոմեքենաները»,- հայտնում է Վրաստանին ՆԳՆ-ի պաշտոնական կայքը:

Դեպքի առնչությամբ 11 անձինք ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների  մասին օրենսգրքի 166 և 173 հոդվածների հիմքերով, այն է՝ խուլիգանության և ոստիկանության պահանջներին չհնազանդվելը: Եվս 3-ը մեղադրվում են Վրաստանի ՔՕ 353 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանությանը դիմադրելը, որը կատարվել է խմբակային:

Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, ձերբակալություններից հետո մահմեդականների բողոքի ցույցը տեղափոխվել է Ախալցխա՝ Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ, որտեղ մահմեդականները պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Վերջինս նշել է, որ Մոխե գյուղում տեղի ունեցած միջադեպը կրոնական հողի վրա ծագած  առճակատման վտանգ է ստեղծում:   Հանրային պաշտպանը Ադիգենի ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել շինության ապամոնտաժման աշխատանքները:

«Կարևոր է, որ բոլոր նմանատիպ խնդիրները լուծվեն և որոշումները կայացվեն տեղական ինքնակառավարման մարմինների և տեղի բնակչության և անհատների առավելագույն ներգրավմամբ և նրանց տեսակետը հաշվի առնելով, և միայն դրանից հետո որոշում կայացնել: Առավել ևս, որ հիմնախնդիրը կարող է վերաբերել կրոնի ազատության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքին»,-նշել է Վրաստանի օմբուդսմենը:

Լուսանկարը՝ TV9-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter