Հովունիի համայնքապետի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը սկսվել է
Շիրակի մարզի Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է եւ Շիրակի մարզի ընդահանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է գործի դատաքննությունը:
1996թ.-ից համայնքը ղեկավարած գյուղապետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հոդված 179-ի 3-րդ մասի 1-ին կետով եւ հոդված 314-ի 1-ին մասով: Թելման Միրիջանյանը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 6-ին՝ համայնքապատկան գումարները (մոտ 10 մլն դրամ) յուրացնելու մեղադրանքով: 11 ամիս կալանքի մեջ գտնվելուց հետո՝ վճարելով 1 մլն դրամ գրավը 2014թ. մայիսին նա վերադարձել էր իր աշխատանքին:
|
Հովունիի գյուղապետին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նա մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեաական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, գործուղումների, ինչպես նաեւ սոցօգնությունների ելքագրված առանձնապես խոշոր չափերի գումարները: Բացի այդ, Թ.Միրիջանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ է մտցրել, կազմել ու հանձնել է կեղծ փաստաթղթեր: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն համայնքում աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Կարապետյանին: Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2004թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2013թ օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով Շիրակի մարզի Հովունի համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ է կատարել, կեղծ գրառումներ է կատարել նաեւ ավագանու գրանցամատյանում: Նարինե Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ հոդված 314-ի 1-ին մասով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել