HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Տեսախցիկների վիրտուալ լուսաֆորները հաճախ խաբում են

Երևանում արդեն շուրջ 100 խաչմերուկներում գործում են երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ: Մասնավորապես, այդ տեսախցիկները վերահսկում են, որ վարորդները չխախտեն խաչմերուկների հատման կանոնները, չկայանեն խաչմերուկների տարածքում, չերթևեկեն կարմիր լույսի տակ և չանեն այլ իրավախախտումներ:

Առաջին հայացքից, կարծես, տեսախցիկների տեղադրումը ողջունելի նախաձեռնություն է, քանի որ տեսախցիկը, ըստ տրամաբանության, ճանապարհներին առավել օբյեկտիվ է հսկում, քան ՃՈ տեսուչը: 

Մինչև 0,6 վարկյան «ֆորա»` հօգուտ ՃՈ-ի և «Սեքյուրիթի Դրիմի»

Որևէ մեկի համար նորություն չէ, որ այդ տեսախցիկներով արձանագրված տեսանյութերն են հիմք հանդիսանում ՃՈ-ում խախտման փաստն արձանագրելու համար: Այդ տեսանյութերի  վերևի ձախ հատվածում կա «վիրտուալ լուսաֆոր», որը իրենից ներկայացնում է մի օղակ, որը ներկված է հսկվող փողոցի լուսաֆորի գույնի:

Սակայն տեսանյութերը ուշադիր ուսումնասիրելով՝ յուրաքանչուր ոք կարող է համոզվել, որ շատ հաճախ այդ վիրտուալ լուսաֆորը առաջ է ընկած իրական լուսաֆորից:

Մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շատ դեպքերում այդ վիրտուալ լուսաֆորը 0,6 վայրկյան ավելի շուտ է կարմրում, քան իրական լուսաֆորը:

Այսինքն, վարորդը կարող էր մտնել խաչմերուկ դեռևս մինչև լուսաֆորի կարմրելը, բայց տեսանյութում ստացվեր, որ նա արդեն կարմիրի տակ է խաչմերուկ մտել… Արդյունքում անմեղ վարորդը կտուգանվեր 20 հազար դրամով: 

Ինչպե՞ս է դա կոծկվում 

Մեքենաների սեփականատերերի մեծամասնությունը վերջին տարիներին ստացել է տեսախցիկի արձանագրած խախտման տեսանյութ, որը, ինչպես հայտնի է, եռակի արագացված է:

Սովորաբար դրանք 7 վայրկյանանոց տեսանյութեր են, որոնց մեջ տեղավորված է 20 վայրկյան (արագացված): Այդ իսկ պատճառով շատ դժվար է նկատել, որ տեսանյութում երևացող իրական լուսաֆորից 0,6 վայրկյան առաջ է աշխատում վիրտուալ լուսաֆորը, քանի որ այդ 0,6 վայրկյանը տեսանյութում «խցկած է» 0,2 վայրկյանի մեջ:

Բացի այդ, տեսախցիկը (միգուցե պատահաբար, միգուցե միտումնավոր) շատ հաճախ չի տեսնում իրական լուսացույցը: Այսինքն, տեսանյութ դիտողին մնում է միայն վստահել իրական լուսաֆորին, առանց իմանալու, թե որքանո՞վ է այն ճիշտ:

Այդ դեպքերում անգամ 1-2 վայրկյան «ստի» դեպքում դրա հայտնաբերումը շատ դժվար կլինի: 

Եզրակացություններն ավելորդ են 

ՃՈ-ից ստացված գրության համաձայն 2013 թվականին 19 հազար 131 վարորդ տեսախցիկների տեսադաշտում կարմիր լույսի տակ է խաչմերուկ մտել…Ու տուգանվել առնվազն 20 հազար դրամով:

Այսինքն, զուտ «կարմիր լույսի» հաշվին անցյալ տարի ՃՈ-ն ու «Սեքյուրիթի Դրիմը» ստացել են մեկ միլիոն դոլար… Թե այդ գումարից ո՞ր մասն է ձևավորվել այս սխեմայի շնորհիվ, պարզ չէ:

Սակայն հարկ է հասկանալ, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ում էկրանների առջև նստած մարդիկ ամենը տեսնում են ոչ թե արագացված, այլ սովորական ռեժիմում: Ուստի, չեն կարող չնկատել 0,6 վայրկյանի հասնող տարբերությունը: … Սակայն, եթե անգամ սա անփութության արդյունք է, ապա, միևնույնն է, դա չի «տաքացնի» անհիմն տուգանված վարորդներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter