
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի
Հոկտեմբերի 25-26-ին «Թբիլիսոբա» տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմը:
Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը և քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին, ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը օրվա խորհրդի մասին և մոմեր վառեցին ու աղոթք բարձրացրին հայոց հինավուրց տաճարում:
Հավարտ Պատարագի հյուրերին Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը հյուրերին իրազեկեց քաղաքի տոնակատարությանը թբիլիսահայ համայնքի մասնակցության և անցկացված միջոցառումների մասին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Նորաշեն տաճարի վերականգնողական աշխատանքներին:
Հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդի և Թեմի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Աղեկյանի ուղեկցությամբ դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը, ծանոթացան կենտրոնի գործունեությանը:
Այնուհետև Երևանից ժամանած պատվիրակությունը այցելեց Թբիլիսիում գտնվող հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Թեմի Առաջնորդի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծամեծերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին երկու մայրաքաղաքներին վերաբերող հարցեր:
Մեկնաբանել