HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը

Երեկ երեկոյան ավարտվեց ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ  Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը: Նախատեսված 26 թատերախմբերից փառատոնին ներկայացել էր 24-ը: Փառատոնի օրերին Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում խաղացվել է 34 ներկայացում: Նախատեսված 7 թատրոնների փոխարեն փառատոնի շրջանակներում անցկացվող ռուսական թատրոնի օրերին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել են միայն Վոլգոգրադ և Չեխով քաղաքների թատրոնները` «Ռուսկի միր» հիմնադրամի կողմից  ինքնաթիռի տոմսերը չգնելու պատճառով: Նրանց փոխարեն ռուսական թատրոնի օրերին փառատոնի կազմակերպիչների կողմից ներգրավվել են  Հայաստանի թատրոնների ռուսերեն, այդ թվում` Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրությունները: Փառատոնին Ալավերդու, Չեխովի և Վոլգոգրադի թատրոնների միջև բարեկամության սկիզբ է դրվել` նրանք դարձել են քույր թատրոններ:

Այսուհանդերձ, փառատոնի աշխատանքերում նկատվել են նաև բացթողումներ. «Ես ժյուրիի նախագահն եմ, ես Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ներկայացումը չեմ տեսել, որովհետև նա  եկել է Վանաձորում խաղացել ու գնացել: Ինձ փառատոնի ղեկավարությունը ստիպում է, որ ես ստորագրեմ Ստանիսլավսկու թատրոնին տրված դիպլոմը: Ես գտնում եմ, որ բոլոր թատրոնները, ովքեր մասնակցում են «Թատերական Լոռիին», պետք է անցնեն Ալավերդիով Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում ներկայացումներ տալու թույլտվություն ստանալու համար»,- «Հետքին» դժգոհեց ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանը:

«Այդ պայմանը մնում է, քանի որ մասնագիտական հանձնախումբը աշխատում է այստեղ: Խնդիրն այն է, որ մենք երկու անգամ փոխել ենք փառատոնի ժամկետները: Դրանից հետո ժամկետները սկսեցին չհամապատասխանել  Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկին: Այնպես ստացվեց, որ Ստանիսլավսկու թատրոնը կարող էր փառատոնին մասնակցել միայն ամսի 16-ին: Այդ պատճառով որոշում ընդունեցինք, որ Ստանիսլավսկու թատրոնը կխաղա միայն Վանաձորում»,- բացատրեց «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը:  Վերջինիս ասելով` հետագա փառատոներին թատրոնի ժանրային որոշակի վերաբաշխումներ կկատարվեն: Քանի որ  մենաներկայացումները բարդ ժանր են, դրանք կներկայացվեն միայն Վանաձորի հանդիսատեսինԼ «Մարզկենտրոնի հանդիսատեսը ավելի պատրաստ է ընկալելու դրանք»,- պարզաբանեց Հ. Պապինյանը:

Ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանի խոսքերով` փառատոնի նպատակը հանդիսատեսին դաստիարակելն է, և եթե այդ ուղղությամբ հաջողություններ  կան, նշանակում է փառատոնն իր դերը կատարել է: «Հիանալի հանդիսատես կա Ալավերդիում: Շատ ուրախ եմ, որ թատրոնի ոլորտում այն ամենը, ինչ Երևանում էր կենտրոնացված, արդեն մարզերում էլ է տարածվում»,- ասաց  Համազգային թատրոնի դերասանուհի Նելլի Գրիգորյանը:

Սոս Սարգսյանի այրու` Նելլի Սարգսյանի աչքից չէր վրիպել, որ ալավերդցիները  թատրոն  են գալիս ընտանիքներով, երեխաներով, փոքրով ու մեծով: «Սա նշանակում է` թատրոնի նկատմամբ կարոտ կա, թատրոնն իրենց հարազատ է, սիրելի է»,- ասաց տիկինՍարգսյանը:

Փառատոնի առաջին մրցանակը հանձնվեց Երևանի համազգային թատրոնին` հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի թատերական ավանդների հավատարմության համար: Վիլյամ Սարոյանի «Մեկ գավաթ բարություն»  ներկայացման մեջ Վիլյամ Փրիմի դերակատարման համար ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը ստացավ Վլադիմիր Մսրյանի անվան մրցանակ:  ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը Նատալի Ֆիլիոնի «Դզին» մենաներկայացման դերակատարման համար արժանացավ Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացման  համար հանձնվեց Հրաչյա Ղափլանյանի անվան մրցանակ: Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մենաներկայացման համար Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակի արժանացավ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: ՀՀ վաստակավոր արտիստ  Բորիս Պեպանյանին Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը» ներկայացման մեջ Կարապետի դերակատարման համար տրվեց Վոլոդյա Գրիգորյանի անվան մրցանակ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան  պետական տիկնիկային թատրոնը Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման համար արժանացավ Երվանդ Մանարյանի անվան մրցանակի: Ռուսաստանի Դաշնության  Չեխովի քաղաքապետարանի դրամատիկական թատրոնը Անտոն Չեխովի «Սիրո մասին» ներկայացման համար  արժանացավ Արմեն Ջիգարխանյանի անվան մրցանակի: Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը Ա. Օստրովսկու «Բանկրոտ» ներկայացման համար արժանացավ  Խորեն Աբրահամյանի անվան մրցանակի: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շահեց Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը` Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը» ներկայացման համար: «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի մրցանակին արժանացավ Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան`  Գաետանո Դոնիցետիի «Զանգակը» ներկայացման համար: Դիպլոմներ և մրցանակներ հանձնվեցին նաև փառատոնի մասնակից մյուս կոլեկտիվներին: Փառատոնի ավարտը ավանդական զանգի ղողանջներով  ազդարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:  

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Պապինյան
Տիկին Փարեմուզյան շնորհակալ եմ. որ կարևորել և անդրադարձել եք «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնի փակմանը. սակայն գրելով. որ փառատոնի ժյուրիի նախագահը դժգոհում է որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ալավերդիում ժի խաղացել և տեղադրելով իմ պատասխանն այդ առթիվ գրում եք. «Այնպես ստացվեց, որ Ստանիսլավսկու թատրոնը կարող էր փառատոնին մասնակցել միայն ամսի 16-ին: ». ստացվում է այնպես. որ մենք չենք ցանկացել պարզապես ամսի 16-ին ընդունել ռուսական թատրոնին Ալավերդում. մինչդեռ այդ օրը Ալավերդում խաղում էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը. որը նույնպես միայն ամսի 16-ին կարող էր մասնակցել փառատոնին, կապված դերասանների Երևանում ունեցած զբաղվածության հետ: Ինչ վերաբերում է իմ կողմից շատ հարգելի Հայկազ Երանոսյանի ասածին. թէ իրեն պարտադրել են ստորագրել չտեսած ներկայացման պարգևատրման դիպլոմը: Ես զարմացած եմ, որ պարոն Երանոսյանը նման բան է ասել. քանի որ հայտնի է, որ վաղուց մեր փառատոնի դիպլոմները որևէ մեկի կողմից չեն ստորագրվում: Բայց եթե անգամ ասել է. ուրեմն մեղանչել է իր խղճի հետ, քանի որ նման բան չի եղել: Նախ այս փառատոնի ողջ ընթացքում բազմիցս ասել եմ պարոն Երանոսյանին. որ փառատոնը ժյուրի չունի, դա մի տեսակ մասնագիտական հանձնախումբ է. որի խնդիրը բոլորովին այլ է, որ իր կարծիքները պարտադիր չեն պարգևատրման հարցում. առավելապես այն մրցանակի դեպքում , որն ստացել է Ռուսական թատրոնը և որը կոչվում է «Թատերական Լոռի» փառատոնի տնօրենի հատուկ մրցանակ» ինչին պարտադիր չէր պարոն Երանոսյանի համաձայնությունն անգամ եթե նա լիներ ժյուրիի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter