HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանին տնից է. երբ ուզես, նիստ կհրավիրես

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մանկապարտեզը 2010 թ. 11,8 մլն դրամ ներդրումային գումարով հիմնանորոգել եւ գույքով ապահովել են «Շեն» եւ «Օրանժ Տելեկոմ» կազմակերպությունները, սակայն մանկապարտեզը աղքատ գյուղի երեխաների համար մնում է երազանք, քանի որ համայնքի 5 մլն դրամ եկամուտ ապահովող բյուջեից համայնքապետ Էդիկ Եղոյանը չի կարողանում մանկապարտեզին գումար տրամադրել:

Այս տարվա հունիսի 7-ին մանկապարտեզը շահագործելու նպատակով համայնքապետը Կառավարությունից 2,8 մլն դրամ աջակցություն է խնդրել, որին ի պատասխան` համայնքապետին խորհուրդ է տրվել նախադպրոցական հիմնարկի պահպանությունը լուծել համայնքի բյուջեի միջոցներով կամ բարերարների օգնությամբ: Էդիկ Եղոյանը արդեն մեկ տարի է` չի կարողանում լուծել ընդամենը 1 խումբ ունեցող մանկապարտեզի ֆինանսավորման հարցը:

Վահագնաձորում չի լուծվում ոչ միայն մանկապարտեզի, այլեւ ֆինանսական լուրջ միջոցներ չպահանջող այլ խնդիրներ: Գյուղի միջով անցնող գլխավոր մայրուղու մոտ կանգնած երկու տղամարդու հարցրի համայնքապետարանի տեղը: Նրանք ճանապարհի տակ մի փոքրիկ շինություն ցույց տվեցին: Համայնքապետարանի շենքի վրա ոչ ՀՀ դրոշն էր ծածանվում, ոչ էլ ցուցատախտակ էր փակցված, համայնքապետն էլ դեռ չէր եկել:

Մինչ նրա գալը որոշեցի ծանոթանալ համայնքապետարանի պատին փակցված մի քանի հայտարարությունների: Հիշեցի Լոռու մարզպետարանի կողմից Վահագնաձոր համայնքում իրականացված հսկողության ակտում արձանագրված թերությունների վերացման մասին համայնքապետ Էդիկ Եղոյանի 18.06.2011 թ. գրությունը` ուղղված Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանին:

Գրության 6-րդ կետով համայնքապետը նախկին մարզպետին հավաստիացրել էր, թե ավագանու որոշումները փակցնելու համար համայնքապետարանում ցուցատախտակ է տեղադրել: Ցուցատախտակը չգտա: Քիչ հետո եկավ Էդիկ Եղոյանը: Պարզվեց, որ համայնքապետը չի տիրապետում «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներին:

«Ես օրենքին շատ լավ եմ տիրապետում, Ձեր նման 150 հատ կազմակերպություն կա, Դուք գիշեր-ցերեկ հարցնում եք: Ուրիշ բան ու գործ չունեք Ձեզ»,- զայրացած ասաց համայնքապետը:

Չափի զգացողությունը կորցնող համայնքապետի հետ հետագա աշխատանքս շարունակելու համար հարկադրված եղա դիմել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջամտությանը, որից հետո միայն հնարավոր եղավ շարունակել աշխատանքը:

Վահագնաձոր գյուղն ունի 148 տնտեսություն, գյուղում ներկայումս գրանցված է 285 մարդ: Գյուղը վարելահողեր չունի, պարսպված է 148 հա անտառով: «Համայնքը ոչ մի տեսակ սեփականաշնորհումից չի օգտվել»,- հայտնեց համայնքապետը: Վահագնաձորը չունի անգամ բուժկետ: Համայնքի 2011 թ. բյուջեի եկամուտները պլանավորվել են 5 մլն դրամ, որից 3,5 մլն դրամը պետբյուջեից վճարվող դոտացիան է:

«Պլանավորված եկամուտներից 1,1 մլն դրամը համայնքի սեփական եկամուտներն են: Բյուջեի եկամուտների հավաքագրումը շատ վատ ենք կատարել, որը նշանակում է, որ բնակիչները վատ են ապրում, գումար չունեն»,- ասաց Է. Եղոյանը: Ապա հավելեց. «Հենց այս պահին եկամուտների հավաքագրումը կատարվել է 82%-ով: Բայց ոչ թե բնակիչների շնորհիվ, այլ մի քիչ ի շնորհիվ մեզ: Որոշակի, ինչ-որ ձեւով ստեղից-էնտեղից փող ենք բերել»,- իրեն գովեց Եղոյանը:

Համայնքի ղեկավարին հիշեցրի, որ Լոռու մարզպետարանն այս տարի Վահագնաձորում իրականացրած հսկողության ակտում արձանագրել է, որ բյուջեի եկամուտների մուտքերն ապահովել են 11,9%-ով:

«Այո, այն ժամանակ շատ քիչ էր: Մարզպետարանը մեզ մոտ ստուգումներ է անցկացրել ապրիլ ամսին: Մեր մուտքերը հիմնականում լցնում է գյուղի հանգստյան տունը եւ ամառային ճամբարը: Նրանք աշխատում են սեզոնային, բյուջեին վճարում են մոտ 400 հազար դրամ»,- ասաց Էդիկ Եղոյանը:

Ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզվեց, որ համայնքի բյուջեի եկամուտների անբավարար հավաքագրման խնդիրը համայնքապետը լուծել է նաեւ համայնքի հողերի օտարման հաշվին: «Մենք 3512 քմ հող ենք օտարել, որից համայնքի բյուջե մուտքագրվել է 1 մլն 469 հազար դրամ»,- ասաց նա: Վահագնաձորի բյուջեի 5 մլն դրամ եկամուտներից 3,8 մլն դրամը նախատեսել են համայնքապետարանի պահպանության ծախսերի համար:

Համայնքի 2009-2012 թթ. զարգացման ծրագրով ամենահրատապ խնդիրը արտագաղթի օրեցօր մեծացումն է համարվել: Քառամյա ծրագրով նախատեսվել է գյուղի գերեզմանատան ճանապարհի բարեկարգում, գերեզմանատան նոր տարածքի հատկացում, գյուղի գազաֆիկացում, խմելու ներքին ջրագծերի կապիտալ նորոգում, մանկապարտեզի շահագործում եւ այլ խնդիրներ, որոնց լուծման համար, սակայն, ֆինանսական աղբյուրներ չեն մատնանշվում:

Էդիկ Եղոյանն ասաց, որ գյուղի գազաֆիկացման համար գազի խողովակները մոտ 30%-ի չափով հասցվել են Վահագնաձորի կենտրոն, սակայն գյուղացիներն այնքան աղքատ են, որ չեն կարողանում 70-80 հազար դրամ ծախսել եւ գազը տուն հասցնել: Քառամյա ծրագիրը համայնքի համար ոչ մի հարց չի լուծել. մնացել է որպես թուղթ:

Համայնքի ավագանու 5 անդամներից Արման Սարգսյանը 2010 թ.-ից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ ավագանու նիստերին չի մասնակցում: Ավագանու 4 անդամներից մեկը` Անժիկ Խաչատրյանը, համայնքապետ Էդիկ Եղոյանի կինն է, Արմեն Եղոյանը` եղբայրը:

Կարծում ենք` այդ հանգամանքն է համայնքապետին հնարավորություն տվել օրվա ցանկացած ժամի ավագանու նիստ հրավիրել, ինչպես արձանագրված է Լոռու մարզպետարանի հսկողության ակտում. «Ավագանու նիստերը կայացվել են երկու շաբաթը մեկ անգամ, ինչպես նաեւ մեկ օրում կայացվել է երկու նիստ` օրակարգային մեկական հարցով»:

Երբ համայնքապետին հայտնեցի ավագանու անդամների հետ զրուցելու իմ ցանկության մասին, նա ասաց, որ ավագանու անդամ Վաչագան Ղեւոնդյանը Վանաձորում է, իսկ նրա կինը` Անժիկ Խաչատրյանը, ասաց, որ ավագանու անդամ Շուշանիկ Կիրակոսյանը նույնպես Վանաձոր է գնացել:

Համանքապետարանում հրաժարվեցին ինձ տրամադրել ավագանու անդամների հեռախոսահամարները: Ավագանու անդամներից ինձ հաջողվեց հանդիպել համայնքապետի կնոջը. նա շատ գոհ էր համայնքապետ ամուսնու եւ ավագանու աշխատանքներից:

Այս տարվա անցած ժամանակաշրջանում Վահագնաձորում ավագանու 9 նիստ է հրավիրվել: Քննարկվել են Վահագնաձորի 2010 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, համայնքում հողամաս օտարելու, համայնքի 2011 թ. բյուջեն հաստատելու եւ այլ հարցեր:

Ավագանին այս տարվա մարտի 28-ի որոշմամբ համայնքապետ Արմեն Եղոյանի որդուն համայնքի բյուջեից 45 հազար դրամ է տրամադրել որպես ուսման վարձ: Ավագանու նիստերի օրակարգից դուրս են մնացել գյուղի հիմնախնդիրները:

Համայնքապետ Եղոյանը զլացել է ավագանու քննարկմանը ներկայացնել նաեւ այս տարվա ապրիլին Լոռու մարզպետարանի իրականացրած հսկողության արդյունքում Վահագնաձորի համայնքապետարանի բյուջետային գործընթացներում համայնքի ղեկավարի եւ ավագանու գործունեության մասին կազմված ակտը:

Վահագնաձորի դպրոցի տնօրեն Անահիտ Ջոմարդյանը «Հետքին» ասաց, որ դպրոցի 9 դասարաններում սովորում է 32 աշակերտ: Դպրոցի դասարանների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 5 աշակերտ: «Դպրոցի 5 լավ սովորող աշակերտներ այս ուսումնական տարում ծնողների հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն»,- ափսոսանքով ասաց տնօրենը:

Գյուղի մայրուղուն հարող մթերային խանութում հավաքված կանայք էլ դժգոհեցին գյուղի վատ ապրելակերպից ու իրենց ամուսինների եւ ջահել տղաների` արտագնա աշխատանքի մեկնելուց:

«Տղաս էսա 3-րդ տարին է` Ռուսաստան է, չի գալիս, կնկանը ստիպված պետք է ուղարկեմ իր մոտ, տղայիս ընտանիքը քայքայվում է: Երկու երեխա ունի, կինն էլ ուսուցչուհի է:  Ընտանիքը քայքայվելուց շատ վախենում եմ»,- ասաց վահագնաձորցի Լյուդմիլա Վարոսյանը: Վահագնաձորցիները գյուղում ապագա չեն տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter