
Ու՞մ անունով է գրանցված դատավոր Լևոն Արազյանի ունեցվածքը
Դատելով դատավորների (այդ թվում՝ փոխկապակցված անձանց) ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից` նրանք սոցիալապես «խոցելի» խմբին պատկանող պաշտոնյաներ են: Դատավորները ո́չ բիզնես ունեն, ոչ եկամտի այլ աղբյուր և բավարարվում են միայն «չոր» աշխատավարձով:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, ևս միայն աշխատավարձով ապրող դատավորների թվին է պատկանում: Մինչդեռ Արտաշատում բնակվող Արազյանի ունեցվածքին քաղաքում բոլորն են քաջատեղյակ:
Իհարկե, Լևոն Արազյանն այնքան էլ միամիտ չէ, որ իր ունեցվածքը գրանցի իր կամ իր հետ բնակվող ընտանիքի անդամների անուններով. դրանք գրանցված են հոր՝ Ռուբեն Արազյանի անունով:
Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհի վրա է գտնվում կիսամերկ աղջիկների նկարներով պատված «Չոռնի Անգել» գիշերային ակումբը: Այն պատկանում է Ռուբեն Արազյանին, բայց քաղաքում երբ հարցնում էինք, թե որն է դատավորի գիշերային ակումբը, ցույց էին տալիս հենց «Չոռնի Անգելը»՝ նշելով, որ այն Լևոն Արազյանինն է:
Քաղաքային լճի հարեւանությամբ` Երևանյան փողոցում, վեր է խոյանում դատավորի կնոջ՝ Կարինե Միքայելյանի երկհարկանի գեղեցկության սրահը՝ «Beaty Ri Ki Salon»-ը: Երբ զանգահարեցինք գեղեցկության սրահ, աշխատակցուհին տրամադրեց հենց Կարինե Միքայելյանի բջջային հեռախոսի համարը՝ նրան ներկայացնելով որպես պատասխանատու մենեջեր:
Գեղեցկության սրահից մի քանի մետր հեռու՝ Օգոստոսի 23 փողոցի վրա, Արազյանների դեղատունն է:
Դեղատան վաճառողուհին հաստատեց, որ այն դատավորինն է, սակայն տրամադրած ՀԴՄ կտրոնի վրա գրված էր «Գալստյան Մարիաննա» ԱՁ, որը հաշվառված է Մասիսում և զբաղվում է դեղատներում դեղերի մանրածախ առևտրային գործունեությամբ:
«Արտաշատի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ-ն, որն ավտոմեքենաների վերանորոգմամբ է զբաղվել, պատկանում է Ռուբեն Արազյանին: Ըստ հարկային ծառայության տվյալների՝ ԲԲԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, իսկ գործունեության տեսակը նշված է «հագուստի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում»:
«Ներսիկ» արտադրական կոոպերատիվը ևս Ռուբեն Արազյանինն է: Այն ակտիվ գործունեությամբ չի զբաղվում և տիրապետում է 1հա հողատարածք, որը նախկինում եղել է լողավազան:
![]() |
![]() |
Նշենք, որ Ռուբեն Արազյանի անունով գրանցված է մի քանի հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք Արտաշատ քաղաքում:
Քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ` դատավորի հոր անունով գրանցված հողերի և գույքի մասով կուտակվել են ապառքներ: Միայն լողավազանի սեփականատեր «Ներսիկ» ԱԿ-ն 205 հազար դրամ հողի և 372 հազար դրամ գույքահարկի ապառք ունի: 100 հազար դրամից ավել գույքահարկի ապառք ունի նաեւ Կարինե Միքայելյանի գեղեցկության սրահը:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք դատավոր Արազյանի կնոջը՝ Կարինե Միքայելյանին: Վերջինս լսելով իրենց ունեցվածքի մասին հարցը` պատճառաբանեց, թե բանկում է, հարմար չէ խոսել: Ճշտող հարցին` հարմա՞ր չէ, թե՞ չի ցանկանում խոսել, Կարինե Միքայելյանը պատասխանեց. «Երևի չէ, հետո զանգեք»: Մեր հետագա զանգերին նա այդպես էլ չպատասխանեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել