Վերաբացվեց Արարատյան զանգվածի փոստային բաժանմունքը
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 25-ին Կուրղինյան 7 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա համայնք) տեղի ունեցավ թիվ 0068 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Արարողությանը ներկա էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի տեղակալ Աշոտ Սմբատյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև թաղամասի բնակիչներ:
Աշոտ Սմբատյանն իր խոսքում առանձնացրեց բարեկարգ միջավայրի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» տնօրինությանը նման նախաձեռնության համար՝ թաղապետարանի կողմից խոստանալով գարնանը բարեկարգել դիմացի պուրակը:
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր ելույթում նշեց, որ «Հայփոստ թրասթ մենեջմենթի» ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստի» բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:
Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում:
Առաջիկա 5 տարում նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել