
Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
Հիշեցնենք, որ նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
«Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը և վերածնվող բարին։ Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար»,- գրել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգևոր առաջնորդի և Հորդանանի հոգևոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների և իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաև հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:
Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:
Մեկնաբանել