
5 տարվա ազատազրկում են պահանջում կնոջը խոշտանգելու համար
Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Սարգիս Հակոբյանի` կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատական պրոցեսը: Այսօրվա լսման ժամանակ իրենց ճառերով հանդես եկան մեղադրող դատախազ Վարդան Լալայանը եւ Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը:
Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում, որի համար սահմանված պատիժն ազատազրկումն է՝ 3-7 տարի ժամկետով: Դատախազ Լալայանը մեղմացուցիչ հանգամանք համարեց Սարգիս Հակոբյանի եւ Հասմիկ Խաչատրյանի որդու` հոր խնամակալության տակ գտնվելը:
Որպես ծանրացուցիչ հանգամանք դատախազը դիտարկեց 2012թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով Սարգիս Հակոբյանի մեղավոր ճանաչվելը ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Ի վերջո` մեղադրող Վարդան Լալայանը միջնորդեց Սարգիս Հակոբյանին որպես պատիժ սահմանել 5 տարվա ազատազրկում, խափանման միջոցն ընտրել կալանքը:
Տուժող Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանն իր ճառում մեջբերեց ընդդեմ ընտանեկան բռնությունների միջազգային մի շարք կոնվենցիաներ, որոնց Հայաստանը միացել է: Մուրադյանը պահանջեց Սարգիս Հակոբյանին առավելագույն` 7 տարվա ազատազրկում:
Սարգիս Հակոբյանի պաշտպանը 15 օր ժամանակ խնդրեց` ճառին նախապատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Մանրամասները` տեսանյութում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել