Հայաստանում ներդրվել է Արտոնագրերի տեղեկատվական համակարգը (ԱՏՀ)
Արտոնագրերի տեղեկատվական համակարգը` մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության իրականացումն օժանդակող միջոցներից մեկը, այսօր ներկայացվեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ: Կարճաժամկետ այցերի համար մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության նպատակն է հնարավորություն տալ Շենգեն գոտուն արդյունավետ գործել, ինչպես նաև դյուրացնել օրինական այցելուների մուտքը դեպի Եվրամիություն և միևնույն ժամանակ ուժեղացնել ներքին անվտանգությունը: Վերջին տարիների ընթացքում ԵՄ մշակել է արտաքին սահմանների կառավարմանը վերաբերող տվյալների հավաքման, մշակման և տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ ծրագրեր, և ԱՏՀ ստացված արդյունքներից մեկն է:
Այն թույլ է տալիս Շենգենյան համաձայնագրի երկրներին միմյանց հետ փոխանակել արտոնագրերին վերաբերող տվյալներ ՏՏ կենտրոնական համակարգի, ինչպես նաև հաղորդակցման ենթակառուցվածքի միջոցով, որը կապ է հաստատում նշված կենտրոնական համակարգի և ազգային ծրագրերի միջև:
ԱՏՀ երրորդ երկրներում գործող ԵՄ հյուպատոսությունները կապում է Շենգեն համաձայնագրի երկրների արտաքին սահմանների բոլոր անցակետերի հետ, ինչպես նաև մշակում է դեպի Շենգեն գոտի կարճաժամկետ այցերի արտոնագրերի դիմումների տվյալները և որոշումները:
«ԱՏՀ նպատակը ստուգումների և արտոնագրերի տրամադրման դյուրացումն է: Այն նաև օգնում է պայքարել չարաշահումների դեմ, ուժեղացնել անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել ճամփորդողներին անձնական տվյալների գողությունից»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը:
Ինչ է իրենից ներակայցնում ԱՏՀ-ն. արտոնագրի համար դիմած անձից պահանջվում են բոլոր մատնահետքերը և թվային լուսանկարը: Կենսաչափական այս տվյալները, ինչպես նաև մուտքի արտոնագրի դիմումի մեջ նշված տվյալները գրանցվում են տվյալների կենտրոնական ապահով շտեմարանում: Երբ մատնահետքերը պահված են ԱՏՀ, դրանք կարող են օգտագործվել հետագա 5 տարիների ընթացքում մուտքի արտոնագրերի համար դիմելիս ( մատնահետքեր չեն վերցվում 12 տարեկանից ցածր երեխաներից, ինչպես նաև այն անձանցից, ովքեր ֆիզիկապես անկարող են այն տրամադրել): Երբ մուտքի արտոնագիր ունեցող անձը հասնում է շենգեն գոտու արտաքին սահմանին, սահմանի աշխատակիցները ԱՏՀ միջոցով հնարավորություն են ունենում ստուգել տվալ անձի ինքնությունը, ինչպես նաև արտոնագրի իսկությունը:
ԱՏՀ կիրառելի է Շենգեն համաձայնագրի բոլոր պետությունների համար, և անցումային ժամանակաշրջանից հետո, 2012թ աշնանը ներդրվող ՏՏ նոր լայնամասշտաբ համակարգի ԵՄ նոր գործակալությունը պատասխանատու կլինի ԱՏՀ գործառնական կառավարման համար:
Արտոնագրերի համար իրավասու պաշտոնատար անձիք կարող են օգտագործել ԱՏՀ դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները քննարկելու համար: Հատուկ դեպքերում, ահաբեկչական և քրեական հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու և հետաքննելու նպատակով` ազգային իշխանությունները և Եվրապոլը կարող են խնդրել ԱՏՀ տվյալների հասանելիության թույլտվություն: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել