HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատական փոփոխությունների դիսկուրսը` «քառյակի» հրապարակային գործունեության խորապատկերի ներքո-3

Էդգար Վարդանյան

«Քառյակի» նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողներին կարելի է բաժանել երկու պայմանական խմբերի։ Առաջին խմբում կհայտնվեն նրանք, ովքեր գտնում են, որ անկախ այն հանգամանքից, թե, արդյո՞ք «ազնիվ» են եւ «մաքուր» այս նոր ֆորմատի նախաձեռնողները, ժողովրդավարության հաստատմանը, երկրի առողջացմանը հնարավոր չէ  հասնել այն մեթոդների կիրառմամբ, որոնք, ըստ նրանց, ընկած են «քառյակի» գործունեության հիմքում։

Առաջին խմբի ներկայացուցիչները հայտարարում են, որ, ժամանակ առ ժամանակ, ցույցեր կազմակերպելով, հարթակից պոպուլիստական ելույթներ ունենալով, կուսակցական առաջնորդներին վստահելու կոչեր անելով, քաղաքացիներին ընդամենը ստատիստի, «մասսովկա»-ի մասնակցի դերակատարում վերապահելով հնարավոր չէ իրավիճակ փոխել։ Նրանք գտնում են, որ միայն մարդկանց կրթելու, սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին ակտիվ ու գիտակից մասնակիցը դարձնելու, առօրյա կյանքում նրանց վարքը եւ բարքը փոխելու միջոցով է հնարավոր երկրի ժողովրդավարացումը եւ վերջինիս իրական զարգացումը։  

Երկրորդ խմբում են նրանք, որոնք հիմնական խնդիրը տեսնում են կազմակերպիչների ով լինելու մեջ։ Նրանք գտնում են, որ «քառյակի» հրապարակային գործունեւության հետեւում լրիվ ուրիշ խաղ է գնում, որ այդ ամենը պարզ «աթոռակրռիվ» է, «ռեսուրսակռիվ» է։ Իրականում, այս խմբի ներկայացուցիչները քառյակի կողմից կիրառվող նույն մեթոդների կողմնակիցներն են, նրանք, ինչպես արդեն նշվեց, «կռիվ» ունեն են միայն կազմակերպիչների հետ։  

Հասկանալի է, որ այս բաժանումը պայմանական է, իրականում «մաքուր» խմբեր չկան, բայց, այնուամենայնիվ, շատ կարեւոր է գործընթացները հասկանալու տեսակետից արձանագրել, որ քննադատողները տարբեր են, որ, ըստ քննադատության բուն առարկայի, գոյություն ունի առնվազն երկու տեսակի քննադատություն։ Ի դեպ, այստեղ մենք չենք քննարկում քննադատողների ազնվության խնդիրը՝ մենք հենվում ենք միայն հնչած տեսակետների վրա։

Հարկ է առանձին անդրադառնալ խնդրո շուրջ ծավալվող քննարկումների եւ բանավեճերի ժամանակ կողմերի իրար լսելու եւ հասկանալու խնդրին, քանզի, կարծում ենք, որ փոփոխությունների վերաբերյալ դիսկուրսի զարգացման տեսանկյունից այն ունի առանձնահատուկ դերակատարություն։

 Քառյակի քննադատները հաճախ նշում են, որ հնարավոր չէ դրական վերաբերվել մի գործունեության, որի կազմակերպիչները, իրենց առօրյա վարքով, նիստ ու կացով, մշակութային մակարդակով չեն տարբերվում Հայաստանում իշխող խմբի վերնախավից։  Երբ այս պնդմանը հաճախ հակադարձում են՝ «ոչ մեկս էլ մի բարի պտուղ չենք» կոնցեպցիայով, ի պատասխան, որպես կանոն, ասվում է՝ «բա էլ ո՞րն է այս ամենի իմաստը», եթե բոլորս էլ վատն ենք, ապա ի՞նչ իմաստ ունի որէ փոփոխություն, չէ՞ որ արդյունքում նոր որակ չենք ստանալու։

«Քառյակի» կողմնակիցները պատասխանում են, որ ադյունքում ստանալու ենք նոր որակ, բայց ոչ այն առումով, որ մարդիկ ավելի լավն են դառնալու, այլ որ նրանք ստիպված են լինելու փոխել իրենց վարքը՝ նոր, մրցակցային պայմանների առաջացման պարտադրանքով։

Եվ այստեղ սկսվում է դիսկուրսի խզումը։ «Քննադատողները», փոխանակ հակադարձեն այս գաղափարին եւ հակափաստարկներ ներկայացնեն, վերադառնում են իրենց առաջին պնդմանը եւ հղում անելով «քառյակի» որոշ ներկայացուցիչների եւ նրանց շրջապատող մարդկանց այս կամ այն «վատ» արարքին, հայտարարում են, թե բա տեսեք, այսպիսի «արատավոր» մարդկանցով ղեկավարվող շարժմանը, ինչպե՞ս կարելի է դրական վերաբերվել։ Բայց չէ որ «քննադատվողները» չեն ասում, որ այդ մարդիկ «լավն» են ու որ հենց իրենց «լավը» լինելու շնորհիվ է, որ «քառյակը» գնահատում են որպես դրական երեւույթ։

«Քննադատվողների» հիմնական թեզը հետեւյալն է՝ իշխող կլաններից, խմբերի մեկը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցանկանում է «իրենով անել» բոլոր ռեսուրսները։ Մնացած բոլոր կլանները դժգոհ են սրանից, որոնցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է լուրջ քայլեր անել, որպեսզի Սարգսյանի այս ծրագիրը չիրականացվի։ Քառյակի կողմնակիցները գտնում են, որ եթե հանրությունը սատար կանգնի այս քայլերին, նա կնպաստի, թեկուզ եւ հիմնականում վերնախավի շրջանակներում, մրցակցության ինստիտուտի ձեւավորմանը, ինչն, ի տարբերություն միանձնյա, լճացած «խանական» կառավարմանը, լուրջ հիմքեր է ստեղծում պետության ժողովրդավարեցման, զարգացման համար։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter