
Օձունի եկեղեցին վերականգնվել է, սակայն դեռ խնդիրներ կան
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ հռչակավոր եկեղեցում «ԼևԳուգ» ՓԲԸ-ի կողմից վերականգնման որակյալ աշխատանքներ են կատարվել:
«Շատ լավ աշխատանք է կատարված եկեղեցու տանիքի վրա: Փառք Աստծո, ջուրը տանիքների մեջ չի ներծծվում»,- ասում է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Ըստ քահանայի` եկեղեցի այցելող զբոսաշրջիկները նույնպես բարձր գնահատականներ են տալիս վերականգնման աշխատանքներին: Եկեղեցու համար, սակայն, այս պահին պոտենցիալ սպառնալիք է դարձել դեռևս չլուծված ջրահեռացման խնդիրը: Եկեղեցու վերականգնման աշխատանքների և իրավիճակային մյուս խնդիրների շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է «ԼևԳուգ» ՓԲԸ- ի նախագահ Լևիկ Ղուկասյանը
-Որպես գլխավոր վերականգնող ի՞նչ գնահատական կտաք եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
-Մենք վերականգնել ենք եկեղեցու 19-րդ դարի տեսքը: Նախագծով շատ էր տված նոր պատշար` քանդում-վերաշարում: Ես էլ իմ մասնագիտության մեջ ավելի շատ հակված եմ քիչ միջամտելուն, որպեսզի կառույցի տեսքը չխաթարվի: Եթե մենք եկեղեցու ամեն ինչը նորացնենք, չէր լինի Օձունի էն հին եկեղեցին, կլիներ մի հատ շողշողուն եկեղեցի, բայց ոչ Օձունը: Որոշեցինք կատարել ներքին միջամտություններ: Սկսեցինք վեղարից: Խաչը իջեցրինք: Վեղարի ծածկասալերը տուֆից էին` վերականգնվել էին 1889 թ.-ին: Տեղադրեցինք Կառնուտից բերված անդեզիտային բազալտե ծածկասալեր, որը տեխնիկական հատկություններով մի քանի անգամ ավելի ուժեղ քար է, քան տուֆը: Վեղարի և գմբեթարդի ամրացման լուրջ աշխատանքներ են կատարվել: Մենք թմբուկը ամրացրինք ապակեթելային գործվածքից շերտերով, որը չի փտում և չի ժանգոտում: Այնտեղ մի քանի շերտ հատուկ շաղախներ կատարելիս իտալական կրով առանձգականություն հաղորդող հավելիչներով ստացանք մի շաղախ, որը բավականին թանկ է` 1 խմ-ն մոտ 200 հազար դրամ է, բայց բարերարը, ով, Փառք Աստծո, երբեք չի միջամտել մասնագիտական խնդիրներում, ասաց, որ թմբուկը պետք է ամրացնեք այնպես, որ մի քանի 100 տարի այնտեղ մարդ չբարձրանա:
-Մինչ վերականգնումը եկեղեցին մռայլ էր: Հիմա լույսի մեջ է: Ի՞նչ մեթոդների կիրառման արդյունք է դա: Մաքրե՞լ եք քարերը:
-Հիմա ժպտում է: Մենք քարերը չենք մաքրել: Աշխատելիս մեր մոտեցումը հետևյալն է՝ կամ լավը, կամ չանել: Չենք խնայել ոչ մի բան Օձունի համար: Մենք ցանկացած քար հեռացնելուց հետո, շարելուց առաջ ջրի բարձր ճնշումային շիթով մաքրել ենք, այսինքն` փոշեզրկել ենք այն, որպեսզի կապակցումը լավ տեղի ունենա: Ջրով լվացել ենք այդ պատերը: Դրա համար է սկսել մի փոքր ավելի ժպտալ: Հեռացրել ենք հին շաղախի շերտը: Կարանները, որտեղից խոտ էր աճում և որտեղ կարող է աճել, ցավոք ոչ ամբողջովին, որովհետև դա ֆինանսական լուրջ գումարներ է պահանջում, բայց մոտ 300 քմ չափով մենք կարանախցել ենք: Չեմ ասի, թե դա ավելի հեշտ է, քան պատ շարելը: Պատի շատ քարեր մենք ամրացրել են մետաքսե ճոպանի անկեռներով: Ասենք, զանգակատան հյուսիսարևելյան սյուները ճաքած էին, նախատեսված էր փոխել, չփոխեցինք, որովհետև ավելի լավ էր ճաքած հինը, քան պսպղուն նորը: Մենք պարզապես ստուգեցինք, թե ինչու է ճաքել: Մետաղ են դրել, մետաղը կոռոզիայի է ենթարկվել, կոռոզիայի ծավալը մեծացել է, քարը ճաքել է: Հեռացրինք մետաղները, քարը կարեցինք ապակե ամրաններով, որը գրեթե ընդարձակման գործակից չունի: Իսկ միացումները իրականացրինք քարե շարույթներով:
-Աննկատ չէր, որ Օձունում բավականին լուրջ վարպետներ աշխատեցին:
-Ես 15 տարի հոգի եմ դրել դրա վրա: Մենակ Օձունում 17 վարպետ եմ բերել, դրանցից գրեթե 70-80 տոկոսի հետ ընդհարվել եմ: Որովհետև վերականգնումը նա չէ, որ գաս լարը գցես, դնես մետրով աշխատանք անես, ասես էսօր 10 մետր շարել եմ: Վերականգնման աշխատանքների ժամանակ չես կարող 10 մ շարել: Դա շարք չի, դա արվեստ է: Դրան պետք է այնպես մոտենաս, որ մեր պապերի արածը չփչացնես:
-Կարծում եմ` շատ հաջողված վերականգնում է եկեղեցու արևելյան պատը:
-Արևելյան պատի վրա նախագծով ոչինչ չէր նախատեսված, Բայց հարթաքանդակներն ու զարթաքանդակները սկսվել էին քայքայվել: Այս դեպքում որոշակի միջամտություն արվել են:
-Կա՞ն չկատարված կամ թերավարտ աշխատանքներ, որոնք կարող սպառնալիքներ դառնալ եկեղեցու համար:
-Կան այդ վտանգները: Ես այդ մասին տեղյակ եմ պահել բարերարին, ՀՀ մշակույթի նախարարությանը և Մայր Աթոռին: Բայց գիտե՞ք ինչ կա, Օձունի եկեղեցու բարերարին ներկայացրել են նախագիծ և նախահաշիվ: Բարերարը կոնկրետ 320 մլն դրամ է տրամադրել, որից արդեն մոտ 270 մլն դրամը ծախսվել է: Ընթացքում աշխատանքների 1/3-րդը այդ նախահաշվից նոր աշխատանքներ են արվել, որոնք նախատեսված չէին: Ասենք, 2-րդ հարկի 2 ավանդատները, որոնք փլված էին, ամբողջ կարանախցումները, վեղարի ամրացումները նախատեսված չեն եղել, բայց արվել են: Մովսես Ձավարյանն ասել է, որ ինքը պատրաստ է շարունակել ջրահեռացման աշխատանքների ֆինանսավորումը միայն մի պայմանով, որ ունենանք նախագծային լուծում:
-Ինչպե՞ս եք տեսնում շրջակայքի հետ եկեղեցու ներդաշնակությունը, և ո՞րն է լինելու այնտեղ դեռ անցյալ դարի 70-ական թվականներից թափված համարակալված քարերի ճակատագիրը:
-Իմ կարծիքը կասեմ, թե ես ինչ կանեի: Եկեղեցու ներսում կան սովետական շրջանի ցեմենտի պահեստի հետքեր, անաստվածության հետքեր: Կմաքրեի այդ հետքերը: Ես չէի ուզենա շրջակայքը լինի պլպլան: Այս գործում պետք է որոշակի մոտեցում արվի, հենց եկեղեցու դիմացի պատը պետք է եկեղեցու հետ համահունչ դարձնել, որոշակի տեղանքից բխող ճանապարհներ կնախատեսեի, բայց կպահպանեի նույն միջավայրը, որը հարազատ է: Պետք չէ հրաժարվել խոտածածկ տարածքից: Ամենակարևորը ջրահեռացման խնդիրն է, որ պետք է ապահովել: Պատուհանները շատ չնչին խնդիր է, բայց կարևոր է, թե ոնց պետք է տեղադրվեն: Դրա խնդիրները թող լուծեն: Եթե բարերարը իր խոստացած գումարները վճարի, իսկ ես 90 տոկոսով վստահ եմ, որ կտա, հյուսիսային սրահը գոնե պետք է հասցնել հարավային սրահի վիճակին: Այդ ժամանակ Ձեր ասած համարակալած քարերը բոլորը կգնան, կնստեն իրենց տեղերում:
-Օձունի հոգևոր հովիվն առաջարկում է արտաքին եռակողմ սրահների ամբողջական վերականգնում անել` քարե թաղակապով և ծածկասալելով:
-Օձունի դեպքում, գիտեք, ես հյուսիսարևելյան խորանը կավարտեի, կամարաշարը կվերականգնեի և այդտեղ կկանգնեի: Այսուհանդերձ, այն, ինչին որ ճարտարապետը հիմնավոր լուծում կտա, կարելի է և շարունակել:
Մեկնաբանություններ (36)
Մեկնաբանել