HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անտարբերության հետեւանքով հաշմանդամ երեխաների կենտրոնը կարող է փակվել (վիդեո)

Լիլիթ Հովհաննիսյանը մանկուց հաշմանդամ է եւ արդեն 2 տարի է` հաճախում է Արմավիր քաղաքի «Նուռ» հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության ցերեկային կենտրոն: 18-ամյա Լիլիթի մոտ ախտորոշվել է մանկական անդամալուծություն (պարալիչ):

Աղջիկը թուլություն ունի լրագրողական գործիքների` լուսանկարչական ապարատի, տեսախցիկի, ձայնագրիչների ու բարձրախոսների նկատմամբ: Իմանալով, որ լրագրող եմ, անմիջապես մոտեցավ ինձ եւ հետաքրքրվեց, թե ուր է «կամերան», այնուհետեւ սկսեց հարցազրույց վերցնել: Գտավ թղթի մի կտոր, ոլորելով այն` նմանեցրեց բարձրախոսի, այնուհետեւ պարզելով` հարցրեց իմ անունը, որտեղից եմ եւ ինչ է իրենց քաղաքապետի անունը: Լիլիթը չմոռացավ նախապես զգուշացնել, որ մենք «ուղիղ եթերում» ենք, այնուհետեւ նայելով աշխատակիցներից մեկին` ասաց. «մատոռ» (այդպես են ասում հեռուստատեսության աշխատողները): «Հարցազրույցն» ավարտելուց հետո նույն թղթի կտորը վերածեց «լուսանկարչական ապարատի» եւ, մի քանի «լուսանկար» անելուց հետո, մոտեցավ նույն կենտրոնի երեխաներից մեկին` Դավիթին եւ նրանից սկսեց հարցազրույց վերցնել:

«Նուռը» Արմավիր քաղաքում գործող միակ ցերեկային կենտրոնն է: Այն  2007թ. հունիսին հիմնադրել են հաշմանդամ երեխաների ծնողները:

Այդ ժամանակ «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության կողմից 3 տարով ներդրվել է «Կյանքի առողջ սկիզբ» ծրագիրը, որի նպատակն էր Արմավիրի եւ հարակից գյուղերի համար ստեղծել ցերեկային կենտրոններ, որոնք հագեցած կլինեն համապատասխան նյութերով եւ կահավորանքով: Բացվել է նմանատիպ 10 ցերեկային կենտրոն, որոնցից այժմ մնացել է միայն երկուսը` Արմավիրում եւ Մեծամորում, մնացած 8-ը ծրագրի ավարտից անմիջապես հետո փակվել է: Փակման վտանգի տակ  է նաեւ Արմավիրի «Նուռ» կենտրոնը:

Կենտրոնի նախագահ Սվետա Հակոբյանն ասաց, որ հովանավոր չունեն: Դիմելու դեպքում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է իրենց օգնում, սակայն արդեն ամաչում են գումարի խնդրանքով նամակ ուղարկել կուսակցության նախագահին: Անցյալ տարի կուսակցության հատկացրած գումարով հաշմանդամ երեխաների համար կազմակերպել են բակային ճամբար, եւ 6 ամիս երեխաներն օրը մեկ անգամ սնվել են, դրանից հետո ոչ մի բարերար չի աջակցել:

Սվետա Հակոբյանի ասելով, «Նուռի» զբաղեցրած մոտ 100քմ տարածքը քաղաքապետարանի հաշվեկշռում է, եւ իրենք այն վարձակալությամբ են վերցրել: Մինչեւ 2010 թ. 1քմ-ի համար վճարել են 1000 դրամ, սակայն անցյալ տարի քաղաքապետարանից նամակ են ստացել, որ այսուհետ 1քմ-ի համար պետք է  վճարեն ոչ թե 1000, այլ 2000 դրամ: Ծնողները, ՀԿ-ի նախագահը վարձավճարի հարցում զիջումներ անելու խնդրանքով դիմել են քաղաքապետարան, սակայն մերժում են ստացել: Ծնողներն ասում են, որ կենտրոնը, իր տեսակի մեջ լինելով միակը, որեւէ ուշադրության չի արժանանում մարզային եւ քաղաքային իշխանությունների կողմից:

Քաղաքապետարանը միայն մեկ անգամ է օգնել հաշմանդամ երեխաների ցերեկային կենտրոնին: 2010 թ. դեկտեմբերին մի խումբ ծնողներ, այցելելով քաղաքապետին, խնդրել են հոգալ ձմռան ջեռուցման հարցը, որպեսզի երեխաները կարողանան այդ ամիսներին էլ հաճախել կենտրոն: Որպես ջեռուցման գումար հատկացրել են ընդամենը 80.000 դրամ եւ ծնողներին ասել, որ հունվարին «Նուռի» նախագահը նորից դիմի իրենց: Սվետա Հակոբյանն այդպես էլ արել է եւ նամակ է գրել քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, սակայն մինչ օրս նամակի պատասխանը չի ստացել:

2007 թ. կենտրոն հաճախել է հաշմանդամ եւ սոցիալապես անապահով ընտանիքների 30 երեխա, այժմ հաճախում է ընդամենը 7 երեխա: Երեխաների թիվը նվազում է, քանի որ ծնողների ակնկալիքները, թե իրենց երեխաներն այս տարի էլ կմասնակցեն բակային ճամբարին, անվճար սնունդ կստանան եւ այլն, չիրականացան եւ հիմա երեխաներին չեն բերում ցերեկային կենտրոն: Շատերն էլ տրանսպորտի խնդիր ունեն եւ չեն կարողանում երեխաներին բերել: Կենտրոնն ունի ավտոմեքենա, սակայն այն չի աշխատում, քանի որ բենզինի եւ սպասարկման համար գումար չունեն:

Ցերեկային կենտրոնում հասարակական կարգով աշխատում է 7 կամավոր: Այժմ նրանք են ամեն օր 500-ական դրամ հավաքում, երեխաների համար սնունդ գնում, որ առավոտյան ժամը 9-17-ը գոնե սոված չմնան:

«Մեր ուժերով հազիվ կարողանում ենք կոմունալ վճարումները կատարել եւ տարածքի վարձակալության գումարը վճարել: Այդ պայմաններում պարզ է, որ 30 երեխա չէինք կարողանա պահել: Իհարկե, մենք ոչ մեկին չենք ասել` մի եկեք: Սկզբում բոլոր ծնողներին ասացինք, որ երեխաների հետ սնունդ ուղարկեն կենտրոն, որ այնտեղ սնվեն: Բայց ընտանիքներ կային, որտեղից հաճախում էր 5 երեխա, բնական է, որ ծնողները հնարավորություն չունեին բոլորի հետ ուտելիք ուղարկել, այդ իսկ պատճառով նախընտրեցին, որ երեխան մնա տանը, ոչ թե հաճախի կենտրոն»,- ասում է Սվետա Հակոբյանը:

«Նուռ» ՀԿ-ի ցերեկային կենտրոնում գործում են նկարչական, դիզայներական եւ կարի խմբակներ: Կամավոր լոգոպեդ է երեխաների հետ աշխատում, քանի որ նրանք լեզվական խնդիրներ ունեն, ոմանք նույնիսկ տառաճանաչ չեն:

Սվետա Հակոբյանի խոսքերով` ամսական 100 հազար դրամ գումար է անհրաժեշտ 10-15 երեխայի օրական մեկ անգամ սննդով ապահովելու եւ տուն տանել-բերելու համար:

«Ես արդեն ի վիճակի չեմ կենտրոնը պահել, կողքից օգնող չունեմ եւ մտավախություն ունեմ, որ շուտով ցերեկային կենտրոնը կփակվի: Հիմա իմ անձնական գումարներով եմ հարցեր լուծում: Փորձել եմ, շատ նամակներ եմ ուղարկել, այդ թվում` մեծահարուստներին, ոչ օգնել են, ոչ էլ պատասխանել են մեր նամակներին: Միայն ԲՀԿ-ն է օգնել, բայց նրանց էլ միշտ չէ, որ դիմում ենք, վատ ենք զգում անընդհատ դիմելով: Ես ինքս հաշմանդամի ծնող եմ, հասկանալով այդ խնդիրը` փորձում եմ նմանատիպ երեխաներին էլ օգնել: Միակ շահագրգռվածությունս դա է, որ հիվանդ երեխաներին ընտանիքներից հանեմ դուրս, շփվեն այլ երեխաների հետ, իսկ ծնողներին էլ բացատրել, որ երեխաները ոչ մի բանով մեղավոր չեն, որ այդ ճակատագիրն ունեն»,- ասում է Սվետա Հակոբյանը:

Ըստ նրա`  ցերեկային կենտրոնում երեխաներն իրենց լավ են զգում եւ ուրախությամբ են հաճախում: Սվետա Հակոբյանը չի ցանկանում, որ կենտրոն հաճախող երեխաների նկատմամբ խղճահարություն առաջանա: «Բոլորն էլ թող այս երեխաներին նայեն այնպես, ինչպես կնայեն սովորական մարդուն»,- ավելացրեց Ս. Հակոբյանը:

Նվարդ Վարդանյանի երեխան նույնպես հաճախում է «Նուռ» հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության ցերեկային կենտրոն: Ինքն էլ այստեղ կամավոր է աշխատում: Ն. Վարդանյանն ասում է, որ իր երեխան կենտրոնում համակարգչի վրա աշխատել է սովորել, հաճույքով է շփվել այլ երեխաների հետ, բայց հիմա հետաքրքրություն չի տեսնում կենտրոնում. չկան ճամբարներ, միջոցառումներ:

«Շատ ենք դիմել տարբեր այրերի, բայց ոչ մի անգամ չի եղել, որ մի փոքր բացիկ կամ մի տուփ նվեր ուղարկեն, ոչ քաղաքապետարանը, ոչ մարզպետարանը մեզ չեն օգնել»,- ավելացրեց Ն. Վարդանյանը: Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ  երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ին, կենտրոնի երեխաներն իրենց նկարների ցուցահանդես-վաճառք են կազմակերպել քաղաքի հրապարակում, որը մարզպետարանի եւ Արմավիրի քաղաքապետարանի միջեւ է, սակայն ոչ մարզպետարանից, ոչ էլ քաղաքապետարանից որեւէ մեկը չի մոտեցել երեխաներին:

Պարզաբանում ստանալու համար այցելեցինք Արմավիրի քաղաքապետարան: Այդ պահին Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը տեղում չէր: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, թե չի կարող հարցերին բանավոր պատասխանել եւ խնդրեց հարցերը գրավոր ուղղել: Իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին հանդիպելու համար օրեր են անհրաժեշտ: Քաղաքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանության աշխատակցի կողմից, իսկ քաղաքապետն «անհաճո» լրագրողների համար միշտ «տեղում չէ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter