HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ վերբալ հաղորդակցություն. ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը

«Հետքն» սկսում է նոր շարք «ոչ վերբալ հաղորդակցության» մասին, որի նպատակն է ոչ միայն ծանոթացնել և սովորեցնել մարդու «մարմնի լեզուն», այլև հետագայում կիրառել այն՝ վերլուծելու վիզուալ կոնտենտը։ Այս հոդվածների շարքը հիմնված է ոլորտում մասնագիտացած գիտականների (Չարլզ Դարվին, Պոլ ԷկմանՈւոլլ Ֆրիզեն, Ջո Նավառռո, Ռոբերտ Չալդինի և շատ այլոց) աշխատությունների և հեղինակային վերլուծությունների հիման վրա։

Պատկերացրեք՝ դուք հայտնվել եք այնպիսի երկրում, որի լեզուն չգիտեք։ Սակայն ձեզ անհրաժեշտ է սնվել, քնել, տեղաշարժվել։ Լեզվի չիմացությունն ամենևին էլ չի նշանակում, որ դուք «կկորչեք» այդ երկրում։ Մարդկային ուղեղը կառուցված է այնպես, որ միշտ հոգ է տանում իր գոյությունն անվտանգ և ապահով դարձնելու մասին։ Այս պարագայում օգնության է գալիս «ոչ վերբալ լեզուն», լեզու՝ առանց բառերի։
Ոչ վերբալ հաղորդակցությունն ազգություն և լեզու չի ճանաչում. այն հատուկ է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, ռասայական պատկանելիությունից։

Դեռևս 1872 թ․-ին Չարլզ Դարվինն իր «Հույզերի արտահայտումը կենդանիների և մարդու մոտ» աշխատության մեջ ներկայացրել է մարդկանց և կենդանիների մոտ հույզերի դրսևորումը և գտել մի շարք նմանություններ։ Հիմնվելով հենց այս աշխատանքի վրա՝ իրենց ուսումնասիրություններն են սկսել մի շարք գիտնականներ: Այս ոլորտի «առաջնեկներից» մեկն է եղել հայազգի գիտնական Ալբեր Մեհրաբյանը, ով, ուսումնասիրելով հաղորդակցությունը,1950 թ.-ին առաջ է քաշել «7-38-55» սկզբունքը, այսինքն՝ 7 %-ը հաղորդակցության մեջ այն է, ինչ է ասվում, 38 %՝ ինչպես է ասվում, և 55 %-ը մարմնի ոչ վերբալ ազդակներն են՝ «մարմնի լեզուն»։

Հայաստանում այս ոլորտը պատշաճ ուսումնասիրված չէ։ Ավելին, շատ հաճախ դրան թերահավատորեն են մոտենում ՝ ստորադասելով «խոսակցական ինֆորմացիային»։ Ոչ վերբալ հաղորդակցության ուսումնասիրությունը ոչ միայն կարևոր է, այլև պարտադիր. այն տալիս է իրականության ամբողջական և, որն ամենակարևորն է, ճշգրիտ պատկեր։

Ինչու՞ պետք է վստահել«ոչ վերբալ» հաղորդակցությանը

Դժվար է պատկերացնել, որ 4,5 միլիոն տարի առաջ մեր նախահայրերը հաղորդակցվում էին առանց կապակցված խոսքի։ Մարդկանց միջև շփումն իրականացվում էր լիմբիկ համակարգի, այսինքն՝ մեր «չմտածող ուղեղի» շնորհիվ, որը պատասխանատու էր մեր գոյատևման և անվտանգության համար։ Այժմ էլ այն իրականացնում է նույն գործառույթները։ Պարզապես հիմա օպտիմալ և արագ հաղորդակցության համար մենք հաճախ և գրեթե միշտ օգտագործում ենք բառերը․ դրանցով հեշտությամբ կազմվում է այն նախադասությունը, որն օգնում է արտահայտել ցանկալի միտքը։ Նախադասությունը մարդը կազմում է օգտագործելով «նեոկորտեքս»-ը կամ պարզ ասած՝ «մտածող ուղեղը»։ Այնինչ «ոչ վերբալ» հաղորդակցությունն իրականացվում է հենց լիմբիկ համակարգի՝ «անկեղծ» ուղեղի շնորհիվ։

Ըստ գիտնականների՝ «ոչ վերբալ» նշանները դրսևորվում են ի պատասխան արտաքին աշխարհից ստացվող 3 ազդանշանների.

-Քարացի՛ր

-Վազի՛ր

-Պայքարի՛ր

Քարացի՛ր

Այժմ մենք ապրում ենք համեմատաբար հարմարավետ պայմաններում։ Բայց միլիոնավոր տարիներ առաջ մեր նախնիներին այս բախտը չէր վիճակվել. նրանք ստիպված էին ապրել գիշատիչների կողքին, որոնք ուժային առավելություն ունեին։ Այդ պատճառով էլ մեր ուղեղի լիմբիկ համակարգը մեզ համար մշակել էր պահվածքի այնպիսի ձևեր, որպեսզի կարողանայինք պահպանել մեր գոյությունը։

Գիշատիչներին և կենդանիներին առհասարակ գրավում է շարժումը։ Նրանք որսում են «շարժվող թիրախին»՝ հասնելու, բռնելու և ուտելու համար։ Հենց այս իրավիճակներում էլ աշխատում է «քարացի՛ր» ռեակցիան, որով մարդը փորձում է դառնալ «անտեսանելի»։ Սա մենք ժառանգել ենք մեր նախնիներից։ Այն, որ այժմ մենք ստիպված չենք ապրել գիշատիչների հետ միևնույն պայմաններում, ամենևին էլ չի նշանակում, որ այդ «ռեակցիան» մենք այլևս չեք դրսևորում սովորական կյանքում։ Հենց այն իրավիճակներում, երբ մենք վտանգ, անհանգստություն, սթրես ենք զգում, լիմբիկ համակարգը միացնում է այս ազդակը։ Օրինակ, ստի մեջ բռնված մարդը, հարցաքննության ժամանակ աշխատում է «քարանալ»․ նա անշարժանում, կծկվում է՝ խուսափելով ավելորդ շարժումներից, տեսողական որևէ կոնտակտից, երբեմն էլ բարձրացնում է ուսերը՝ ստեղծելով, այսպես ասած, «կրիայի էֆեկտ»՝ ավելի աննկատ երևալու, իր ֆիզիկական ներկայությունը «թաքցնելու» համար։

«Քարանալով» մարդը ոչ միայն փորձում է խուսափել սպասվող վտանգից, այլև ժամանակ է շահում մտածելու և հետագա քայլերը որոշելու համար։

Վազի՛ր

Երբ «քարանալ» այլևս ուշ է, և մեր ուղեղը գիտակցում է, որ դա այլևս չի փրկի, ի հայտ է գալիս մեկ այլ՝ ոչ վերբալ ռեակցիա՝ «վազելը»։ Այն օգնում է որքան հնարավոր է «հեռանալ» սպառնացող վտանգից։ Թվում է՝ փախուստը կարող է օգուտ տալ, երբ այն ֆիզիկապես իրագործելի է։ Բայց ռեակցիան կիրառվում նաև այժմ, պարզապես վերափոխված տարբերակով։ Օրինակ, երբ մոտենում և խոսակցություն է սկսում անցանկալի որևէ մեկը, մենք, իհարկե, չենք կարող շրջվել և փախչել։ Սակայն կարող ենք «փախուստ» իրականացնել մեկ այլ՝ աննկատ տարբերակով․ իրանը հետ տանելով, ոտքերը ուղղելով դեպի մոտակա ելքը, որևէ առարկա, ասենք պայուսակ տեղադրելով ձեր և զրուցակցի «միջև», արգելափակելով տեսողական շփումը և այլն։ Այս ամենով լիբմիկ հմակարգը փորձում է մեզ հետ պահել տհաճ, նեգատիվ իրավիճակից՝ ենթագիտակցաբար «փախուստի» նախապատրաստելով։

«Վազելու» ռեակցիայի նպատակը մեկն է խուսափել վիզուալ կամ ֆիզիկական շփումից անցանկալի, տհաճ օբյեկտի հանդիպելիս։

Պայքարի՛ր

Երբ աննկատ մնալն անհնար է, իսկ փախուստի համար միջոցներ չկան, մնում է միայն պայքարել։ «Պայքարի» ռեակցիան ենթադրում է ավելի ագրեսիվ ոչ վերբալ պատասխան։ Իհարկե, «հաղորդակցական պայքարի» դեպքում մարդը առավել հեշտությամբ կարող է դիմել «վերբալ» միջոցներին, ինչպիսինք են վեճը, մեղադրանքը, ռեպլիկը, հեգնանքը և այլն։ Սակայն միշտ չէ, որ կուտակված ագրեսիան կամ վատ հույզերը կարող են նման կերպով արտահայտվել։ Ասենք, օրինակ, տնօրենը զայրանում է ձեզ վրա և սպառնում հեռացնել աշխատանքից. վերբալ միջոցներով դուք նրան պատասխան տալ չեք կարող կամ չեք ուզում։ Փոխարենը լիմբիկ համակարգը մշակել է նեգատիվ վերաբերմունք դրսևորելու այլ տարբերակներ․ սպառնացող, կկոցած աչքեր, բռունցք արած ձեռքեր, մարդուն չափազանց մոտ կանգնելով, անձնական տարածք ներխուժել և այլն։ Երբեմն դիմացինի մոտ նման ռեակցիան ժամանակին նկատելը կարող է զերծ պահել հետագա ֆիզիկական «պայքարից»։

Արտաքին աշխարհից ստացվող ազդակները ստիպում են որևէ կերպ արձագանքել։ Եվ մեր ուղեղն ընտրում է տվյալ պահին ամենահարմար տարբերակը։ Մարդկային պահվածքն ինքնին շատ բարդ ու բազմակողմանի է, և այս 3 ռեակցիաները վկայում են միայն այն մասին, որ մարդը հայտնվել է «ոչ կոմֆորտ զոնայում»՝ առանց որոշակիացնելու պատճառը։ Կոնկրետ պատճառ կարող են մատնանշել հույզերը։

Մարդու 7 ունիկալ հույզերը

Հույզերը մոտիվացնում են կյանքը․ սոված մարդը չի ուտի այն ուտելիքը, որն իր մոտ զզվանք է առաջացնում։ Հույզերն առաջացնում են փոփոխություններ ուղեղի տարբեր հատվածներում։ Դրանք հաղորդում են որոշակի ազդակներ, որոնք կարող են խթան հանդիսանալ այս կամ այն գործողության համար։ Օրինակ՝ հույզերի արտահայտման ժամանակ փոփոխության են ենթարկվում դիմային մկանները։ Դա էլ իր հերթին առաջացնում է փոփոխություններ վեգետատիվ նյարդային համակարգում։

Մարդ ունակ է զգալ և արտահայտել բազմաթիվ հույզեր, սակայն դրանցից 7-ը բնածին, ունիկալ են, քանի որ նույնությամբ արտահայտվում են թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ։

Զայրույթ


Զայրույթը հաճախակի արտահայտվող բացասական հույզ է։ Արտահայտվում է տարբեր ինտենսիվությամբ։ Զայրույթի ժամանակ վերին և ստորին կոպերը լարվում են (եթե իհարկե, մարդ չի կենտրոնացել որևէ բանի վրա, դա վկայում է այն մասին, որ մարդը զայրացած է)։ Հաճախ հոնքերն իջնում և մոտենում են։ Երբ զայրույթն ուժեղանում է, այդ արտահայտությունները դառնում են ավելի ինտեսիվ, աչքերում երբեմն նկատվում է փայլ։ Հիմնականում բերանը փակ է, շրթունքները՝ սեղմված, նեղացած։

Վախ


Վախի ժամանակ վերին կոպերը բարձրանում են, ներքևինները՝ լարվում։ Որքան ուժեղ է վախի զգացումը, այնքան դրանք ավելի ցայտուն են դրսևորվում։ Հաճախ հոնքերը բարձրանում և մոտենում են իրար, իսկ շրթունքները ձգվում են։ Զարմանք և վախ միաժամանակ զգալու դեպքում բերանը նկատելիորեն բացվում է։

Զզվանք


Զզվանքի դեպքում քթարմատի և քթի վրա հայտնվում են կնճիռներ։ Որքան դրանք շատ են, այնքան ուժեղ է զզվանքի զգացումը։ Երբեմն փոքր-ինչ բարձրանում է վերևի շրթունքը, իսկ ներքևինն առաջ է գալիս։

Արհամարհանք


Արհամարհանքն արտահայտվում է բերանի մի անկյունի բարձրացմամբ։ Այս հույզը հեշտությամբ կարելի է հասկանալ, քանի որ այն դրսևորվում է որպես ասիմետրիկ /միակողմանի ժպիտ։ Երբեմն աչքերում կարող է հայտնվել փայլ՝ արտահայտելով կեղծ ուրախություն։

Զարմանք


Զարմանքը հեշտ տարբերակվող զգացմունք է։ Դրա ժամանակ վերևի կոպերը բարձրանում են։ Չպետք է շփոթել հետաքրքրության հետ, երբ կոպերը բարձրացած են թեթևակիորեն։ Զարմանքի ժամանակ դեմքի այդպիսի արտահայտությունը պետք է տևի մի քանի վայրկյան, այլապես այն կամ կեղծ է, կամ վկայում է նոր սկսվող վախի մասին։ Զարմանքը հնարավոր չէ առանց հոնքերի «մասնակցության», որոնց շնորհիվ ճակատին երբեմն հայտնվում են կնճիռներ։ Զարմանքի ժամանակ կարող է մի փոքր բացվել բերանը։

Ուրախություն


Ուրախությունը շատ հաճախ արտահայտվող զգացում է։ Տարբերակման առումով բավականին հեշտ է, սակայն խնդիրն այստեղ այլ է՝ տարբերել կեղծ զգացումն իսկականից։ Ուրախությունն արտահայտվում է հիմնականում ծիծաղով, ժպիտով։

Այն կարող է լինել թեթևակի, այպես կոչված, «սոցիալական ժպիտ»։ Այն չի կարելի կոչել անկեղծ, քանի որ քաղաքավարության դրսևորում է. անկեղծ ուրախությանը միշտ մասնակցում են աչքի մկանները, և որպեսզի տարբերել անկեղծ ուրախությունը կեղծից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աչքերին. մտովի փակել դեմքի ներքևի մասը և նայել աչքերին, եթե նրանք «ժպտում են», ապա հույզը կեղծ չէ։

Բոլոր վերև թվարկված հույզերից ուրախությունը տարբերվում է նրանով, որ կարող է արտահայտվել միայն մեկ մկանի օգնությամբ այն դեպքում, երբ մնացածների դեպքում անհրաժեշտ է 3-5-ը։

Տխրություն


Տխրության ժամանակ վերին և ստորին կոպերը իջնում են։ Հոնքերը ներսի հատվածում միանում և թեթևակի բարձրանում են՝ կազմելով «տնակ» աչքերի համար։ Բերանի անկյունները երբեմն իջնում են, դառնում Ո-անման, ներքևի շրթունքը փոքր-ինչ առաջ է գալիս։ Տխուր մարդկանց մոտ երբեմն նկատելի է ցրված հայացք։

Երբեմն այս հույզերը դժվար է նկատել, քանի որ դրանք արտահայտվում են քառորդ վայրկյանում (միկրոէմոցիաներ) կամ քողարկվում են։ Բացի այդ, ոչ վերբալ նշանները վերլուծելիս պետք նախ իմանալ մարդու «բազային պահվածքը». արդյոք մարդը ստում է, թե ուղղակի հայտնվել է դիսկոմֆորտ զոնայում։

Շարունակելի 

Մեկնաբանություններ (3)

Մայիս
դուք գրել էք նախկինում շփումն իրականացվում էր լիմբիկի համակարգի այսինքն մեր չմտացող ուղեղի շնորհիվ իսկ նկարում լիմբիկի համակարգն բնուտագրել էք անկեղց կամ էմոցոնյալ ուղեղ , հիմա որն է ճիշտն? և ցանկալի կլիներ տեղեկանալ նաև մյուս ազդանշնաների մասին նույնպես ....
Ենովք Քարատաշ
Հասկացա.... non-verbal communication - ոչ բանավոր հաղորդակցություն....Nonverbal communication is the process of communication through sending and receiving wordless (mostly visual) cues between people)
Ենովք Քարատաշ
Հարգելի Հետք՝ Եթե չեք ընդունում «Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները»....խի՞ եք հրատարակում նման «վերբալ» բառով վերնագիր: Վարբալ= բանավոր: Մի քիչ հետեւողական եղե՛ք ձեր սկզբունքների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter