Իմ հայտնիներն ուրի՜շ են…
«Հայտնի մարդիկ» արտահայտությունը մեր օրերում դարձել է…տնազ: Վիճարկում-քննարկումից դուրս են ՄԵԾԵՐԸ, որոնց լեզվով, գրչով, վրձնով, մտքով կամ ձեռքով ի կատար են ածվում Նախախնամության որոշումները: Մարդիկ, որոնց ԿՇԻՌ-ը մեր` հասարակ մահկանացուներիս, տկար չափողականությունից դուրս է…Նրանց` իմ, մեր, հանուրի լռելյայն խոնարհումը:
Նրանք մեր` ԱՍՏՎԱԾԸՆԾԱ ԲՈՆՈՒՍՆԵՐՆԵՐՆ են` մեր կամքից ու արածից անկախ…
Բայց հիմա շուտասելուկ են դարձել «հայտնիներ» բառի ամենատարբեր զուգորդումներն ու հոլովումները: Կներեք` ձվից դուրս եկար, ու թե մի քիչ ուզեցիր-ուզեցին, սարքեցիր-սարքեցին, վե ՛րջ, այն ծեփվեց ճակտիդ…
Ու` դու դեմք ես…
Էսօր հայտնի ես, թե մի երկու անգամ անկապ-մանկապ երգեցիր, էկրանին, մեր նյարդերի գնով, թառեցիր, անհամ-ախմախ դիջեյություն արիր, մի պրոյեկտ խցկվեցիր ու մեր նյարդերի վրա սկսեցիր …ծանր ռոք նվագել, անպրծնել, տափակ-մափակ մի սերիալ խուժեցիր ու «ղըռի», ավելի ճիշտ` «ղարաչու» ծամոնի պես մեր աչքին ու ականջին կպար կամ, ոնց մոռացա, մտար քաղաքականության…կազինո ու տըժժացիր` մեր` էն պահուստային նյարդերը…(չասեմ` ինչ անելով…)….
Իմ հայտնիներն ուրի՜շ են…
Ռուբեն պապս էր, որ ասում էր. «Ա ՛, խոխեք, Ըստըծու ամեն օրը նհե ՛նց ըպրեցեք, վեր քիշերը վախեք վեչ տուռնը թըկողան»:
Մի 30 տարի առաջ, Վաղատուր գյուղում հանդիպածս մի հովիվ էր, որի հետ, մի որձաքարի նստած, զրուցում էինք, ու ասաց. «Ղուզի ՛, ընջուկիդ օղ ըրա` հինչքան էլ պիցրանաս, մի վենդդ միշտ վեղին վիրա պահի»:
Մեր շենքի Գանին էր, որ անզուգական հումոր ուներ ու հորդորեց մի օր. «Ջանիդ մատաղ, հիշի` կընգանը ամենապաց տեղը ունքամեջը պիտի ինի, տըղըմարդինը` տանը տուռնը»:
Մեր շենքի Վահագն էր, որ շատ «վատ ճանապարհներ» էր անցել, որ, իր բնութագրմամբ` պրծած մարդ էր, որ ջահելներին երդվել էր տալիս, որ իրեն տեսնեն ու իրենց մայրերին խղճան, որ, քոռ կոպեկ չունենալով, հոր գերեզմանը սարքեց ու հետո ինքը…
Մեր ներքևի շենքի ամենահաս, քույր Մարգոն էր` «Հաստիկ աղան», որ «գրադի» կրակահերթի ժամանակ իրենց մուտքի ապահով` ամենավերջին աստիճանից շրջվել, վազելով եկել ու ամբողջ մարմնով ծածկել էր փողոցի կենտրոնում դղրդյուններից խուճապահար իմ որդուն. նա, ով, ում որդին էլ լիներ, անելու էր…
Որքա՜ն կարելի է թվարկել` հեռուն չգնալով…
Նշածս մարդիկ իմ աշխարհի հայտնիներն են, որոնց, իհարկե, ոչ ոքի ու երբեք չեմ պարտադրի…
Թե չէ հիմա գրում են` «Հայտնիները` սրա մասին, նրա մասին…»…
Ի սեր Աստծո, թեկուզ միայն Տիգրան Մանսուրյան ունեցող ժողովուրդը «հայտնի» բառին…մոտենալիս պիտի խաչակնքի…
Որքա՜ն է բացակա մեր երկյուղը բառերի հանդեպ…
Լենա Հովսեփյան, Գորիս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել