HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արագաչափեր. ում երազանքն անվտանգ դարձրեց «Սեքյուրիթի Դրիմը»-2

սկիզբը

Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններն այս տարի նշում են անվտանգության համակարգերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող իրենց ընկերության՝ «Էլլիպս Ջի Էյ»-ի գործունեության 25-ամյակը:

Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ին, և այս տարի պիտի լրանար ընկերության գործունեության 13-ամյակը: Սակայն տնօրեն Ալեքսան Զաքարյանն ասում է, որ անվտանգության համակարգերի ներմուծման և վաճառքով իրենք ավելի վաղ են սկսել զբաղվել՝ 1989թ.-ից:

«Էլլիպս Ջի Էյ»-ը իրավանախորդ ընկերություն չունի, այն հարցին, թե ինչ ընկերություններով են Հայաստանում նույն գործունեությամբ զբաղվել, Ալեքսան Զաքարյանը պատասխանում է. «Սկզբում կոչվում էր «Կյանք», հետո «Էլլիպս», դա վաճառեցինք, ապա բացեցինք «Էլլիպս Ջի Էյ»-ը»: Թե ում է վաճառվել «Էլլիպսը», Ալեքսան Զաքարյանը չպատասխանեց՝ համարելով «անիմաստ» և ավելացնելով, որ իր հիշելով` վաճառված «Էլլիպս»-ն այժմ չի գործում:

Ընկերությունը, սակայն, լուծարված չէ, իսկ միակ բաժնետերը ՌԴ քաղաքացի Լյուբով Գոլուբևան է: Զաքարյաններն այս ընկերությունը վաճառել են 2002թ.-ին:

«Էլլիպս Ջի Էյ»-ը մինչև հիմա էլ տարբեր առիթներով «ներկայանում է «Էլլիպս» անունով, սակայն Ալեքսան Զաքարյանը նշում է, որ իրենք որևէ կապ չունեն իրենց նախկին «Էլլիպսի» հետ:

Զաքարյանները անվտանգության համակարգերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերություններ ունեն նաև արտերկրում:

2008թ. եղբայրները Չեխիայում հիմնել են «Էլֆնեթ գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերության 70% բաժնեմասը պատկանում է Ալեքսան Զաքարյանին, 10%-ը` Գուրգեն Զաքարյանին, մնացածը՝ նրանց ընտանիքի անդամներին:

Elfnet Group-ը Չեխիայում վերջերս տեղի ունեցած անվտանգության համակարգերի ցուցահանդեսի ժամանակ ներկայացել է որպես ռուսական «Метаком» ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Չեխիայում: «Մետակոմ պլյուս» ռուսական ընկերությունը գործընկերներ ունի մի շարք երկրներում: Հայաստանում նրանց գործընկերը «Էլլիպս Ջի Էյ»-ն է, այսինքն` դարձյալ Զաքարյանները:

Զաքարյանների ամենամեծ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը «քնած» է Լոնդոնում

2012թ. հուլիսի 18-ին Ալեքսան Զաքարյանը Լոնդոնում գրանցել է «Securrella LTD» ընկերությունը: Այս ընկերությունը, ըստ Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրում ունեցած 

փաստաթղթի, բիզնես գործունեություն չի ծավալում:

«Securella»-ն, ինչպես բնորոշում է բրիտանական օրենսդրությունը, «քնած ընկերություն է» (Dormant company): Մեծ Բրիտանիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական պարզաբանմամբ՝ «քնած» համարվում է այն ընկերությունը, որը հաշվետու տարում չի կատարել «էական հաշվապահական գործարքներ»: Իսկ «էական հաշվապահական գործարքը», նույն օրենսդրությամբ, բոլոր ֆինանսական գործառնություններն են, որոնք ընկերությունը պարտավոր է ներառել իր հաշվապահական փաստաթղթերում:

«Securella»- ն բացվելուց հետո իր հաշվետվություններից որևէ մեկում չի ներառել ֆինանսական գործարք: Ընկերության հաշվին միայն կանոնադրական կապիտալն է` 80 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 50 միլիոն դրամ):

«Securella» ընկերության քարտուղարությունը հաջորդաբար վարել են Լոնդոնում գրանցված չինական երկու ընկերություններ, որոնց ղեկավարները հոնկոնգցի գործարարներ են:

Բրիտանական ռեգիստրը մի քանի պատճառներ է նշում, թե ինչու են գործարարները հիմնում «քնած ընկերություն»: Պատճառներից մեկը ընկերության անունը պահպանելն է հետագա ծրագրերի համար, իսկ երրորդը` ակտիվներ կուտակելը. ըստ 2012-2014թթ. հաշվապահական զեկույցների, ընկերությունը չի ավելացրել ակտիվները. հիմնադրման օրվանից մինչ օրս այն կազմում է 80 հազար ֆունտ: «Securella»-ն Զաքարյանների ամենամեծ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունն է:

Հայաստանյան «քնած» ըներությունները կարող են դառնալ «Սեքյուրիթի Դրիմ»

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը հիմնադրվել է 2004թ. նոյմեբերի 10-ին: Նույն ամսում Զաքարյանները հիմնել են նաև այլ ընկերություններ: Դրանք ոչ մի տեղ չեն երևացել, ինչպես «Սեքյուրիթի Դրիմը», գործունեության հասցե չունեն, սակայն նաև լուծարված չեն:

Նույն ամսում՝ նոյեմբերի 25-ին, ստեղծվել է «Էլլիպս Հոլդ» ՍՊԸ-ն: Հարցազրույցի ժամանակ Ալեքսան Զաքարյանն այս ընկերության անունը նույնիսկ չհիշեց: ««Էլլիպս Հո՞լդ», ինչո՞վ է զբաղում: Կարող է խառնում եմ, բայց մենք ինչ-որ կապ ունե՞նք»,- հարցրեց նա: Պատասխանից հետո, որ ինքը ընկերության հիսուն տոկոս բաժնետերն է և տնօրենը, ավելացրեց. «Ուրեմն հա, գիտեք շատ են, ես չեմ կարող էդ սաղ հիշել, էլի»:

Թե ինչու են այնքան ընկերություններ հիմնել, որ մոռացել են անունները, և ինչով է զբաղվում, օրինակ, «Էլիպս Հոլդը», Ալեքսան Զաքարյանը պատասխանեց. «Ես հիմա չգիտեմ, ճիշտն ասած, ինչով է զբաղվում, ինչ ընկերություն է, բայց եթե բացել ենք, ուրեմն անհրաժեշտություն է եղել»:

Երկրորդ ընկերությունը «Ֆրիես Ջի Էյ»-ն է: Այս ՍՊԸ-ի մասին ևս Ալեքսան Զաքարյանը ոչինչ չի հիշում: Նա այս ընկերությունը հիմնադրել է 2004թ. նույն օրը, ինչը «Սեքյուրիթի Դրիմը»: Հաջորդ տարի՝ 2005թ.-ին, «Ֆրես Ջի Էյ»-ի 100 տոկոս մասնակիցն է դարձել ոմն Գրիգոր Հարությունյան: Ընկերության իրավաբանական հասցեն, սակայն, չի փոխվել և գտնվում է Զաքարյաններին պատկանող Տիգրանյան 27 շենքում:

«Ֆրիես Ջի Էյ»-ը կրկնում է «Սեքյուրիթի Դրիմի» պատմությունը: Հիմնադրումից մեկ տարի անց` 2005թ. «Սեքյուրիթի Դրիմի» բաժնետոմսերը ևս հարյուր տոկոսով փոխանցվել էին երրորդ անձի` ոմն Հարություն Գալստյանի: Միայն 2014թ. եղբայրները հետ վերցրին ընկերությունը 50-ական բաժնետոմսերով:

Թե ով է Հարություն Գալստյանը, Ալեքսան Զաքարյանը հարցազրույցի ժամանակ ընդամենն ասաց. «Մեր ընկերներից մեկը»: Բացառված չէ, որ «Ֆրիես Ջի Էյ»-ը հանկարծ հաղթի որևէ մրցույթում, և միայն բիզնեսի «ծաղկուն» փուլում պարզվի, որ դրա հետևում Զաքարյաններն են:

Արագաչափեր.

ում երազանքն անվտանգ դարձրեց

«Սեքյուրիթի Դրիմը»-1

Ընկերություններին պետգնման մրցույթում շահելու և «Սեքյուրիթի Դրիմի» պես որևէ ոլորտում մենաշնորհ հաստատելու համար պետք չէ նաև փորձ, աշխատանքային ռեսուրսներ կամ ֆինանսական կարողություն:

Զաքարյանները այդ հարցի լուծումը ևս տվել են. օգնության է հասնում կոնսորցիում պայմանագիրը, որը ստորագրած ընկերություններն էլ պարտավորվում են բավարարել մրցույթի չափանիշները: Ինչպես ցույց է տալիս «Սեքյուրիթի Դրիմի» հետ կապված դատական գործը, ընկերությունը հաղթել էր առանց ֆինանսական միջոցների, տեխնիկական չափանիշների և աշխատանքային ռեսուրսների:

Գործունեություն հարկային դաշտից դուրս

Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների՝ 2004թ. նոյեմբեր ամսին հիմնած չորրորդ ընկերությունը՝ «Էլլ Փրինթ ՋիԷյ»-ն է: Ի տարբերություն «Էլիպս Հոլդի» և «Ֆրիես Ջի Էյ»-ի, Ալեքսան Զաքարյանը մի փոքր պատմեց «Էլլ փրինթ Ջի Էյ»-ի նախկին գործունեության մասին:

««Էլլ Փրինթ Ջի Էյ»: Դա ուրեմն հիմնադրվեց բավական վաղուց: Էն ժամանակ մենք ներկրեցինք տպագրական մեքենա, որպեսզի տպենք գովազդային վահանակների վրայի բաններները: Էն ժամանակ Հայաստանում կար մի ձեռնարկություն, որը որ դա տպում էր: Եվ քանի որ միակն էր, շատ բարձր գներ էին դրել, մոնոպոլ էին: Մենք ներկրեցինք էդ մեքենան, դրեցինք, սկսեց աշխատել»,- պատմեց Ալեքսան Զաքարյանը:

Կարճ ժամանակ անց` մոտ մեկ ամիս հետո, նրա խոսքով, այդ բիզնեսը կորցրեց իմաստը, քանի որ ամեն ընկերություն աշխատում էր սեփական տպագրական մեքենայով տպել գովազդային բաններները:

լուս.` armtimes.com

«Հայկական մի հատ սենց սովորություն կա: Երբ ես անվտանգության կամերաներ վաճառող ընկերությանը առաջարկում եմ, օրինակ, ասում եմ՝ էս գներով ես ձեզ կարող եմ տալ, ասում է՝ էդ գնով հենա Դուբայում վերցնում ենք: Ասում եմ՝ դու որ Դուբայում ես վերցնում, ես էդ գնով քեզ էստեղ եմ տալիս, մինչև Դուբայից բերես, պահեստավորես, իմ մոտ պահեստում կա, ես քեզ կտամ: Այսինքն՝ դա հայկական մենատլիտետն է, թե ոնց կլինի ես հայից, ինչ-որ տեղական բանից վերցնեմ: Նույնը դա, այսինքն՝ բոլոր ընկերությունները իրենց համար մեքենաներ բերեցին: Ամեն մեկն իր համար էր տպում, իմաստը կորցրեց մեքենայի»,- ասաց Ալեքսան Զաքարյանը:

Այս ընկերությունները պետռեգիստրում չեն գրանցել գործունեության հասցեներ: Հայտնի է միայն իրավաբանական հասցեն, որը Զաքարյաններին պատկանող Տիգրանյան 27 շենքն է:

«Էլլիպս Հոլդ» և «Էլլ փրինթ Ջի Էյ» ընկերությունները չունեն նաև հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ): Սա այն կոդն է, որն ընկերությունը ձեռք է բերում պետական եկամուտների կոմիտեում գրանցվելուց հետո: ՊԵԿ-ի հարկ վճարողների էլեկտրոնային բազայում չգտնելով այս ընկերությունների մասին որևէ տեղեկություն, «Հետքը» հարցում ուղարկեց ՊԵԿ` ձեռք բերելու դրանց ՀՎՀՀ-ն:

Ֆինանսների նախարությունը մեզ ուղարկված պատասխանում նշել է, որ իրենց տեղեկատվական բազայում «Էլլիպս Հոլդ» և «Էլլ-Փրինթ Ջի Էյ» անունով կազմակերպություններ չկան:

«Եթե Դուք տիրապետում եք կամ առաջիկայում ձեր հետաքննության արդյունքում կտիրապետեք դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության, կխնդրեինք այդ մասին տեղեկացնել նաև մեզ: Եթե մեր հսկողական աշխատանքների արդյունքում որևէ տեղեկատվություն հայտնվի այդ անվանումով կազմակերպությունների վերաբերյալ` մենք էլ պատրաստակամություն ենք հայտնում այդ մասին լրատվություն տրամադրել ձեզ»,- գրված է ՊԵԿ-ի պատասխանի մեջ:

Ընկերությունների հարկային կոդ չունենալու վերաբերյալ հարցից հետո Ալեքսան Զաքարյանը ասաց, որ «Հետքը» «կեղտ է փնտրում» և կանչեց իրավաբան Արամ Ղլեչյանին` հարցերին սպառիչ պատասխան տալու համար:

«Էլլիպս Հոլդ»-ը և «Էլլ փրինթ Ջի Էյ»-ը, ըստ Արամ Ղալեչյանի, պետռեգիստրում գրանցվելուց հետո որևէ գործունեություն չեն ծավալել, հետևաբար անհրաժեշտ չի եղել դրանք գրանցել պետական եկամուտների կոմիտեում և ձեռք բերել ՀՎՀՀ:

Տեղեկացնելուց հետո, որ մինչև իր գալը Ալեքսան Զաքարյանը պատմել էր «Էլլ փրինթ Ջի Էյ» ընկերության գործունեության մասին, Ա.Ղլեչյանը պատասխանեց. «Ես ձեզ մի հատ էսպիսի բան ասեմ, զուտ բարեկամաբար խորհուրդ տամ, էլի, էկեք ձևաչափը չդարձնենք «ասեցիք», ասենք թե ասեցի, լավ չէի հիշում մի բան ասեցի»:

Իրավաբանի բարեկամական խորհուրդը լսելու ընթացքում Ալեքսան Զաքարյանը փոխեց նախորդ պատասխանը. «Գործունեություն, եթե հիշում եք, ես ասացի, փորձել է ծավալել, այդ պահին բերեցինք, ու չստացվեց, հիմա ես չեմ կարող հիշել 2004թ.-ին էդ մեքենան ոնց ա բերվել, ինչ է արվել»:

Շարունակելի

Արագաչափեր. ում երազանքն անվտանգ դարձրեց «Սեքյուրիթի Դրիմը»

Մեկնաբանություններ (3)

տիգրան
Էդիկ ջան ձեռնարկությունը պետռեգիստրում գրանցվելուց հետո ավտոմատ կերպով ստանում է նաեւ ՀՎՀՀ։ Հաշվապահի բացատրությունը չեմ հասկանում։
Մարինե Մադաթյան
Հարգելի Տիգրան, «Հարկերի մասին» 2004թ. գործող օրենքով` իրավաբանական անձինքն ՀՎՀՀ ձեռք էին բերում ոչ ավտոմատ կարգով, անհրաժեշտ էր ներկայանալ ՊԵԿ ռեգիստրում գրանցվելուց հետո: 2011թ. փոփոխությամբ համակարգն ավտոմատացվել է և ՀՎՀՀ-ն ձեռք է բերվում պետռեգիստրում գրանցվելու ժամանակ:
mko
Մարդը վաղուց է հաղթել բոլոր տեսակի այլ կենդանիներին, օգտագործելով խելք ու գործիքներ: Հիմա պայքարում ու ոչնչացնում է իր նմաններին, հնարելով նորանոր որակի ու տեսակի,մեքենայություններ ու թաքնված սրիկայություններ՝ քանի որ բացահայտ մրցակցությունն այստեղ չի կարող մեծ առավելություններ ապահովել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter