11 համայնքների գազաֆիկացման վրա դրվել են միլիոնավոր դրամներ, իսկ գազ ունի միայն մեկը
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ելույթը ՀՀ ԱԺ այսօրվա նիստում
Այսօրվա հայտարարությունս կրկին վերաբերում է 2008 թվականին Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Շենիկ, Վանանդ, Կողբավան եւ Արագածոտնի մարզի Արագածավան, Արեգ, Արտենի, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Մաննախ», «Տեդաս» ՍՊԸ-ների կողմից թույլ տրված հափշտակումներին, որոնց վերաբերյալ սույն թվականի օգոստոսի 26-ին ՀՀ վարչապետին ուղղված իմ նամակի պատասխանում ասվում է, որ տարածքային կառավարման նախարարությունը ՀՀ վերահսկիչ պալատի կազմած ակտերը Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով քննարկել է շահագրգիռ մարմինների հետ:
Հասարակությանն եմ ներկայացնում վերոնշյալ խնդիրների մասին ՀՀ փոխվարչապետին հանձնարարված քննարկումների արդյունքները:
Վանանդ, Կողբավան, Բագարան եւ Երվանդաշատ համայնքներից միայն Վանանդում է գազաֆիկացումն ավարտվել, որի գազատար խողովակները դեռեւս ներկված չեն, իսկ Երվանդաշատ, Բագարան գյուղերի գյուղապետերի գրությունների համաձայն` այս գյուղերում գազաֆիկացման աշխատանքները չեն ավարտվել, եւ չկատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները վերադարձվել են ու ծախսվել տարբեր նպատակներով: Այստեղ անպայման պետք է բարձրաձայնեմ այն մասին, որ վերոնշյալ գյուղապետերի գրությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ, ըստ փոխվարչապետի նամակի, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մանշին»-ը 05.09.2011թ. դրությամբ Բագարան համայնքին 13.5մլն-ի փոխարեն վերադարձրել է 10.53մլն, Երվանդաշատին` 20.3-ի փոխարեն 15.8մլն, Կողբավանին` 11.3մլն-ի փոխարեն 8.75մլն: Միայն Կողբավանն այդ գումարը չի ծախսել եւ չի գրել նման գրություն, իսկ մյուս երկու համայնքների գյուղապետերն ինչո±ւ տեր չեն կանգնում իրենց պարտքին, տարօրինակ է: Ասեմ նաեւ, որ Բագարան, Կողվբավան ու Երվանդաշատ գյուղերի գազատարի համար հենասյուներն արդեն տնկված են եւ իրականացված աշխատանքների ծավալները, ըստ փոխվարչապետի, ակտով հանձնված է համայնքների տնօրինությանը: Մնում է նրանք հոգ տանեն, որպեսզի սյուներն ու խողովակները չգողացվեն:
«Մաննախ» ՍՊԸ-ն դեռեւս 2005-ին կնքած պայմանագրով պետք է 89մլնով իրականացներ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան համայնքների գազաֆիկացումը, չնայած փոխանցվել է 70մլնը, սակայն գյուղերը գազ չունեն, եւ «Մաննախ»-ը որեւէ պատասխանատվություն չի կրել ծրագիրը չավարտելու համար, իսկ մարզպետը սույն թվականի օգոստոսի 22-ի գրությամբ հայտնում է, որ 2008-2009թթ. պետբյուջեով եւ համայնքների ներդրման միջոցներով Արեգ-Արտենի-Արագածավան 89մլն արժողությամբ ծրագիրն ավարտված է: Ո±ր տեղեկությունն է ճիշտ:
Արմավիրի մարզի Բերքաշատ, Արտամետ եւ Շենավան համայնքների գազաֆիկացման պայմանագրերը կնքվել են «Տեդաս» ՍՊԸ-ի հետ, փոխանցվել է 64 մլն դրամ, սակայն դեռեւս գազ չունեն եւ չկատարված աշխատանքների արժեքը կազմել է 39մլն դրամ, որից վերադարձվել է ընդամենը 10մլնը, իսկ տնօրենը ձերբակալվել է:
«Մանշին» ՍՊԸ-ն այդպես էլ չի ավարտում Շենիկ համայնքի գազաֆիկացման աշխատանքները, որը խոստացել էր ավարտել 2010-ի դեկտեմբերին, հիմա էլ խոստանում է 2011-ի դեկտեմբերին:
Նշեմ, որ Վերահսկիչ պալատի 2008 թվականի հաշվետվության մեջ գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին:
Հայտարարությունս ի±նչ կցուցանե: Այն, որ տարիներ շարունակ պետբյուջեից հանրապետության 11 համայնքների գազաֆիկացման վրա դրվել են միլիոնավոր դրամներ, իսկ գազ ունի միայն Վանանդը, այն, որ միջոցները հափշտակվել ու հափշտակվում են «Մանշին», «Մաննախ», «Տեդաս» իշխանությանը հայտնի, օրենքի տեսակետից անձեռնմխելի ՍՊԸ-ների կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել