HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրվում է «Նոյեմբերի 7-ի» հիշատակին

Լեռ Կամսար

Խորհրդային տոն։ Ժողովուրդը տարիներ շարունակ միևնույն շարժումներու մէջ մարզված, շքերթ կազմած կերթա փողոցով` մեռելի մը հուղարկող սգավորի նման կոմիքական ու ձանձրալի։

Հուղարկավորություն առանց դագաղի։ Առջևէն կերթան «առաջնորդներու» նկարները։ «Առաջնորդներ»` փայլող աչքերով, ժպտադէմ, կարմիր ու ճարպի մէջ կորսված։ Ժողովուրդն որքան է ալ տխրադէմ, այնուհանդերձ չի կրնար թաղել այս կենսախինդ մեռելները, որոց սակայն սաստիկ կցանկար թաղել։

Գնա՛, ժողովուրդ քո  առաջնորդներու ետևէն, մարդիկ, որք քեզի համար հավասարություն ու եղբայրություն կկերտեն։

Քսանյոթը տարի անմռունչ քայլեցիր` քսանութերորդ տարին ալ քայլէ` գուցե թե բռնես առջևէդ վազող շվաքը…

 ***

Ի նկատի ունենալով, որ արաբներու, թաթարներու արշավանքի ժամանակները դպիրներն ու վանականները քաշված վանքերը` այդ բարբարոսներու արարքները գրի առնելով մեզ ավանդեցին, բոլշևիկյան բարբարոսները մեր երկիրը մտնելով նախ և առաջ վերջ տվին վանականությանն ու մտավորական դասուն։

Փորձված ավազակներու նման կողոպուտէ առաջ նախ հանգցրին լույսերը։

Ու ես այսօր որ կապրեմ տակավին, մոխիրներու տակ մոռացված կայծ մըն եմ միայն, գնդակահարված ու խոշտանգված դիակներուն տակ մնացած կենդանի դիակ մը։

 ***

Այսօր դարձյալ տոն է՝ չեմ գիտեր ինչ առթիվ։ Խորհրդային տոներուն ինչ ըլլալն կիմացվի՞։ Շաբաթվա յօթ օրվա մէջ ութը տոն կտոնվի։ Ստալինի յուրաքանչյուր արտասանած ճառը առանձին նախադասություններու կվերածվեն՝ այն նախադասությունները որք պարզ են, այսինքն՝ ենթակայէ մը ու ստորոգելիէ մը կազմված՝ մէկ օր կտոնվի․ բարդ ու լրացումներով կազմված նախադասությանց համար երկու օր։ Ստորակէտներու, միջակէտներու և վերջակէտներու համար հինգ, տաս, տասնհինգ րոպէ դադար։

Իսկ եթէ հարցնէք ի՞նչ է խորհրդային տոնը՝ այդ գիտեմ, կրնամ ըսել։

Խորհրդային տոնը, դա Լենինի ու Ստալինի պատկերներն են հաստատությանց պատերուն փակցուցած։

Խորհրդային տոնը՝ դա Լենինի, Ստալինի, Մարքսի և Էնգելսի նկարներն են՝ միասին փակցված։ 

Խորհրդային տո՞նը կուզես գիտնալ․ դա Ստալինի, Լենինի, Մարքսի, Էնգելսի նկարներու շարքն է։

Խորհրդային տո՞ն կհարցունես․ դա Էնգելսի, Մարքսի, Ստալինի, Լենինի նկարներու շարասյունն է փողոցի պատին փացված։

Խորհրդային տոնի մասին տեղեկանա՞լ կուզես․ դա միակ Ստալինն է պատի մը տակ կանգնած, դա մենակ Մոլոտովն է պատուհանէ մը կախված․ դա Միկոյանն ու Բերիանն են կոոպերատիվի մը ցուցափեղկին հենված, դա Միկոյանն ու Բերիանն են Ստալինին մէջտեղը առած, դա Մոլոտովն ու Կալինինն են Ստալինի թևը մտած, դա մենակ Վորոշիլովն է Ստալինի քիթը մտած, դա նորէն Բերիանն է, որ կաշխատէ Ստալինի հարմար տեղ մը մտնել․․․ դա Ժդանովն է, հարբածի նման գինետան մը պատին թինկն տված։

Խորհրդային առաջին տարիներուն կարտասանվէին նաև ճառեր, որտեղ ամեն «Ստալին» բառին արանքը բառ մը կդնէին, որ որոշ հեռավորություն պահպանվի «Ստալիններու» մէջ ու «Ստալինները» իրար չփակչեն։ Ժամանակի ընթացքին, սակայն, այդ միջանկյալ բառերը բան մը չնշանակելու համար ձախացան, ատրոֆիի ենթարկվեցան ու ինկան, ու մնաց ծայրէ ի ծայր «Ստալին»։

Հասկցա՞ք ինչ  է խորհրդային տոնը։

Եթէ չհասկցաք՝ նորէն կրնեմ։

***

Ինձի սա տոներու  գաղափարական կողմը այնքան չի հետաքրքրեր, ինչքան տեխիկականը։

Այսքան անհնարին բազմությամբ գործիչներու նկարներ, կըսեմ, պահեստներուն մէջ մուկերը չե՞ն կրծեր արդյոք։ Մանավանդ, անոնցմէ շատերը յուղաներկ են և խիստ սննդարար։

Հետո կըսեմ։

Կրծված նկարներու տերերը որպէս հայրենական պատերազմի վիրավորներ արդյոք շքանշան-բան չե՞ն ստանար, կամ Խորհրդային հերոսի կոչում, գովասանագիր։

Ինչո՞ւ, գիտէ՞ք։ Վասնզի խորհրդային սա գործիչներու անձին ու նկարին մէջ ոչ մէկ տարբերություն կա։

Երկուսն ալ միայն դեկորացիայի կգործածվեն․․․

***

Այսօր նորէն տոն։ Նորէն չեմ գիտեր ինչ տոն։

Առաջնորդի նկարներ առաջնին, ժողովուրդը ոչխարացած ետևէն կերթա, ինքն ալ չիմանալով, թէ ուր։

Զարմանալի բան. նկարի մը տակ գրված է «Ի.Վ. Ստալին»։ Ուրեմն, կնշանակէ մարդ մը կա մէր երկրին մէջ, որ առանց անվան, միայն նկարին նայելով չի ճանչնար Ստալինին։ Ասկէ ալ կհետևի, թէ այս երկրում կարելի է չճանչնալ Ստալինին, կամ իրավունք ունեն չճանչնալու։

Ստալինի նկարի տակ «Ի.Վ. Ստալին» գրելը՝ նման է այն բանին, որ մարդ ու կին քսանյոթ տարի ապրեն իրարու հետ, ունենան ինը երեխա իրարմէ (չորսը աղջիկ, հինգ տղա) ու հանկարծ կինը հարցունէ մարդուն.

-Ներողություն, ձեր անունն ի՞նչ է…

Ժողովուրդը չճանչնա՞ այն մարդուն, որ ամբողջ քսանյոթ տարի օրը ցերեկով կբռնաբարէ զինքը…

Այդ կարելի՞ բան է։

Հապա թող մէկը համարձակի հայտարարել, թե «Ստալինը չեմ ճանչնար». գիտե՞ք ինչ կպատահի։ Ողջ Չեկան ոտքի կելնէ մէկ մարդու պէս։Բոլոր խաչաձև փողոցները հսկողության տակ կառնվեն ու առանց «պրոպուսկի» արտաքնոցն անգամ չես կրնար երթալ։ Արդէն լեցված բանտերուն վրա հաստ  շերտ մըն  ալ կավելնա ու վարէն ծորակները կբացվեն հյուսիսային բևեռ հոսեցնելու համար։

Ուրեմն, քաղաքացի՛, առանց անունը կարդալու ճանչցիր Ստալինին, վասնզի նախ և առաջ անիկա քո «ընկերն է», քո «հայրը», քո «բարերարը»։

Եթէ այդքան մոռացկոտ ես` ակնոց դիր, որու ապակու վրա ներսի կողմէն կպած ըլլա զույգ պատկերները  Ստալինին,  քանի կենդանի ես, իսկ մեռնելուդ ալ դագաղիդ կափարիչին (նորէն ներսի դիէն*) փակցված ըլլա Ստալինը։

Այսպիսով դուն կատարյալ ստալինիզացիայի կենթարկվես այս անցողիկ ու հավիտենական կյանքումդ։

***

Բայց իրավ կըսեմ, որ այսօր նորէն տոն էր։ Չըլլա թէ չհավատաք։ Ես կյանքիս մէջ սուտ խոսած չունեմ։

Եթէ սուտ խոսելու ընդունակություն ունենայի` «Սովետական երկիրը աշխարհի ամենաերջանիկ երկիրն է» կըսեի, ու այսօր փոխանակ 300 գրամ սև հաց կրծելու, յուղի վաննա կընդունէի, մեղրի մէջ կլողանայի, կաթի սերով կցայվէի, օդեկոլոնով կսրսկվէի ու մեքենա նստած երկրիս ամենագեղեցիկ կնկա հետ պտույտի կելլէի…

Ես անընդունակ մարդ չեմ, բայց երկու բան չկրցի սովրել` մէկ սուտ խոսել, մեկ ալ ռուսերեն լեզվին տիրապետել։

*կողմեն /հնց․/

1946թ․ անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter