HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ազնավուրը թուրքական մանիպուլյացիայի՞, թե՞ հայկական դիվանագիտության «լավագույն ավանդույթների» զոհը

Հայաստանի արտգործնախարարությունը անհեթեթ դրության մեջ ընկավ` կապված թուրքական «Posta Gazetes» պարբերականին աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս, 2009-ից Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն զբաղեցնող Շառլ Ազնավուրի տված հարցազրույցի և թուրքերից ինչ-որ մրցանակ ստանալու շուրջ ստեղծված վիճակի հետ:

Հիշեցնենք, որ պարբերականում հարցազրույցի ձևաչափով Ազնավուրի անունից հրապարակվել են տարակուսանք հարուցող մի շարք մտքեր ու տեսակետներ, որոնք առանձին դրվագնելով անհարիր են ոչ միայն նրա կարգավիճակին` իբրև Հայաստանի ազգային հերոսի, այլև կոչմանը` որպես Հայաստանի դեսպանի: Բացի այն, որ ըստ այդ հրապարակման, Ազնավուրը, իբր, ասել էր, թե իր մայրը թուրք է, քննադատել էր Հայաստանի իշխանությանը երկրում տիրող վիճակի և արտագաղթի համար, ինչպես նաև պնդել, որ ինքը «անկախ դեսպան» է և չի կատարում Հայաստանից եկող հրահանգները:

«Հարցազրույցի» հայերեն թարգմանության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում հրապարակեց, թե Ազնավուրը նման հարցազրույց չի տվել ու որևէ մրցանակ չի ստացել: ԱԳՆ-ի սույն «պարզաբանումը» թվում էր մեղմ ասած անարժանահավատ: Եթե թերթը զրպարտություն էր հրապարակել, ապա առնվազն ենթադրելի էր, որ նախարարությունը կամ Ազնավուրն անձամբ թերթից պետք է պաշտոնապես հերքում պահանջեր՝ քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ շարքային կամ ոչ շարքային երգչի, այլ Հայաստանի դեսպանին, այսինքն ուղղակի առնչվում է երկրի, պետության հեղինակությանն ու վարկանիշին: Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ մեկնաբանություն հրապարակեց, որով հերքում էր իր կողմից թուրքական թերթին հարցազրույց տալու իրողությունը, նշելով, որ դարձել է ստոր մանիպուլիացիայի զոհ: Ուշադրություն դարձնենք՝ մեծանուն երգիչը չի հերքում թուրք լրագրողի հետ զրուցելու փաստը, ավելին, այդ մեկնաբանության մեջ որևէ ակնարկ անգամ չկա թերթից հերքում պահանջելու վերաբերյալ: Դրանից առաջ civilnet.am-ը հրապարակել էր հարցազրույցի թուրք հեղինակից ստացած պարզաբանումները, ըստ որոնց շանսոնյեն ոչ միայն ստացել է մրցանակը, այլև տվել է իր արտահայտած մտքերը հրապարակելու  համաձայնությունը: Այս երկու հակառակ տեսակետների պարզ համադրումը ցույց է տալիս, որ կամ Ազնավուրն իսկապես տեղյակ է եղել իրենց զրույցի հնարավոր հրապարակման մասին, սակայն չի հաշվարկել կամ գիտակցել դրա հետևանքները և հիմա բախվելով դրան փորձում է իրադրությունը ներկայացնել այն լույսի ներքո, թե պարզապես խարդախության զոհ է դարձել, կամ նրան իսկապես խաբել են՝ դրդելով անկեղծ երկխոսության՝ նրա մտքերը ձայնագրելու, ապա նաև հրապարակելու ակնհայտ դիտավորությամբ, ինչը լրագրողական էթիկայի կոպտագույն խախտում է: 

Ազնավուրին կարելի է հասկանալ մարդկայնորեն: Նման խաբեության զոհ կարող է դառնալ ցանկացած մեկը: Կարելի է ըմբռնել հայերին ու թուրքերին հաշտեցնելու նրա ցանկությունը, որոշ դեպքերում համակերպվել դրա համար ընտրված մեթոդների հետ: Բայց իբրև դեսպանի նման բացախոսությունը՝ առանց հաշվի առնելու իրավիճակի և շրջապատի առանձնահատկությունները, ուղղակի հասկանալի չէ: Եթե Ազնավուրը պրոֆեսիոնալ դիվանագետ լիներ, նման մանրուքներին մատների արանքով երբեք չէր նայի:

Առաջին անգամը չէ, որ Ազնավուրը գոնե հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայաստանյան արտաքին քաղաքական ուղենիշներից էականորեն տարբերվող տեսակետներ է հայտնում, հանդես գալիս իշխանությանն ուղղված քննադատությամբ, ինչը, որքան էլ տեղին լինի, դուրս է դեսպանի ֆունկցիաների շրջանակից: Բայց սա իրականում Ազնավուրի խնդիրը չէ, այլ նրան այդ առաքելությունը վստահողի, նրան այդ պաշտոնը վերապահողի: Հանրապետության նախագահը, Ազնավուրին այդ պաշտոնում նշանակելիս, ըստ ամենայնի, առաջնորդվել է նրա անունը, «բրենդը» Հայաստանի շահերին և հեղինակությանը ծառայեցնելու, նրա միջոցով գուցե անհաղթահարելի թվացող շատ պատեր ճեղքելու մղումներից ելնելով: Բայց հաշվի չի առնվել Ազնավուրի` ստեղծագործող լինելու, և իբրև այդպիսին` բնականորեն ըմբոստ ոգի ունենալու, անհրաժեշտության դեպքում առանց կաշկանդումների պոռթկալու հնարավորության հանգամանքը: Ի վերջո հաշվի չի առնվել, որ ի պաշտոնե դեսպանի գործառույթների, պարտավորությունների շրջանակը կարող է նեղ լինել նման անհատականության համար:

Այս կարևոր դետալներն անտեսելու հանգամանքը մերթ ընդ մերթ ԱԳՆ-ի և  Հայաստանի համար վերածվում է լուրջ խնդրի` հավելյալ անգամ բացահայտելով առհասարակ արտաքին քաղաքականության, դիվանագիտական ծառայության ոլորտում իրականացվող ուղղակի խայտառակ կադրային քաղաքականության ողջ էությունը: Ազնավուրի հետ կապված այս դեպքը դեռ մի կերպ կարելի է տանել՝ հաշվի առնելով ուղղակի թակարդն ընկնելու հանգամանքը և փաստացի պրոֆեսիոնալ հմտությունների բացակայությունը նրա մոտ: Սակայն իրականում երբեմն գործ ենք ունենում շատ ավելի խայտառակ դրսևորումների հետ, նշանակումների հետ, որոնք ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն:

ԱԳՆ-ն նման անհեթեթ վիճակներում հայտնվում է առաջին հերթին այն պատճառով, որ որևէ ազդեցություն կադրային քաղաքականության վրա իրականում չունի: Այդ դաշտում ԱԳՆ-ն վաղուց պատանդ է դեսպանների պաշտոններում մարդկանց լավություն անելու մղումներով նշանակումներ անելու արդեն ավանդույթի վերածված պրակտիկայի ճիրաններում: Եվ հարց է առաջանում` ինչ իմաստ ունի դիվանագիտական ինչ-որ դպրոցների, ակադեմիաների ստեղծումը, պրոֆեսիոնալ դիվանագետների պատրաստումը, եթե միևնույն է, առանցքային պոստերում նշանակումները կատարվում են բոլորովին այլ չափորոշիչներով կամ այդ չափորոշիչների բացարձակ բացակայությամբ, ընդամենը պահի տակ կայացված որոշումների ազդեցությամբ: Կամ ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը միջազգային ասպարեզում ներկայացնող այդ կառույցից ինչ որ արդյունքներ ակնկալել, երբ օղակները, որոնք կոչված են դրսում  ապահովելու այդ արդյունքները, նրան բառի բուն իմաստով ուղարկում են «գրողի ծոցը»՝ միայն այն բանի համար, որ իրենց նշանակման համար պարտական են ոչ թե ԱԳ նախարարությանը և իրենց կարիերային բնական աճին, այլ հանրապետության նախագահին:

Մեկնաբանություններ (1)

qwerty
Serj Sarkisyan doesn't like professionals, because they may tell him that he is doing wrong things.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter