HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիների սադրանքի պատճառը

Երեկ ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ ԼՂՀ պատվիրակությունը` Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց` պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնինը` ցուցահանդեսին ներկա մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ եղել են նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: Կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:

Ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, ով այս օրերին ղեկավարում էր Արցախի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում՝ վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձևի ձախողմամբ:

«Խոսքը վերաբերում է ս.թ. հոկտեմբերին Սամարղանդում կայացած նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին»  բանաձևին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկված  վերոհիշյալ բանաձևը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից: Իսկ ադրբեջանական ցույցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին, սակայն ապարդյուն»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

«World Travel Market»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը համարվում է խոշորագույն տուրիստական իրադարձություն, որի ժամանակ հազարավոր ընկերություններ և աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնում են զբոսաշրջության ոլորտում իրենց ներուժն ու ձեռքբերված հաջողությունները:

Լուս.` Karabakh Travel-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter