HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլորս մարդիկ ենք, բայց քչերն են ՄԱՐԴ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Երբևէ մտածել եք, թե ինչու են գրեթե բոլոր պետությունների զինանշանների վրա կենդանիներ, հիմնականում՝գիշատչներ պատկերված. առյուծներ, արծիվներ, վագրեր և այլն: Այս բարդ խնդիրը թողնում եմ հոգեբաններին, մասնագետներին, իսկ ինքս ուրիշ հարց եմ բարձրացնում. տեսնես՝ կգա՞ մի օր, երբ մարդը պատկերվի պետությունների զինանշաններում: Սակայն ո՞վ գիտի`միգուցե պետք չէ, նկատի ունենալով այն կարծիքը, որ մարդն ամենազարհուրելի գիշատիչն է կենդանական աշխարհում…

Մենք՝ բոլորս էլ մարդիկ ենք, սակայն քչերն են ՄԱՐԴ:                                                

Բարոյականությունն ու իրավունքը յուրահատուկ գործիքներ են հասարակությունում մարդկանց հարաբերությունները կարգավորելու համար: Համաձայն մասնագետ-գիտնականների` մարդկության պատմության ընթացքում սկզբից եղել է բարոյականությունը և հետո է առաջ եկել իրավունք հասկացությունը: Ես այդքան էլ համամիտ չեմ այս կարծիքի հետ և այդ մասին գրել եմ իմ հոդվածներից մեկում: Այսօր շարունակելով մտորումներս՝ ուզում եմ խոսել բարոյական իրավունքի մասին…                                                                         

Բանտեր այցելող հոգևորական Հայր Ռուբենը մի օր ինձ առաջարկեց կարդալ Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» աշխատությունը: Կլանվեցի նրա գաղափարներով, քրիստոնեական ուսմունքի ու իրավունքի տեսության հայելային արտացոլանքով: Այնտեղ գրված է պարզ ճշմարտության մասին:

Օրենքները պետք է, առաջին հերթին, բարոյական լինեն: Սակայն ի՞նչ է բարոյականությունը, եթե ոչ պարզ մարդկային վերաբերմունք, որը դեռ հազարամյակներ առաջ արտահայտվել է Աստվածաշնչում ոսկե կանոնով. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ.7:12):

Բարոյակա՞ն են արդյոք այսօրվա մեր օրենքները: Համոզված եմ, որ շատ օրենքներ ի սկզբանե բարոյականությանը դեմ են, այսինքն՝ անմարդկային են: Օրինակ՝ չգիտես ինչու դատապարտված քաղաքացուն օրենքով արգելվում էր իր հարազատի կյանքը փրկելու համար օրգանի կամ հյուսվածքի կենդանի դոնոր դառնալ: Իմ կողմից այս հարցը բարձրացվեց 2010 թ-ին, քանի որ խցակիցս կնոջ կյանքը փրկելու համար ցանկանում էր իր երիկամներից մեկը տալ նրան՝ փոխպատվաստման համար: Օրենսդիր մարմինը լսեց բարձրացված հարցը, և «Մարդու օրգաններ և կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում իմ առաջարկությամբ փոխվեց օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը: Ըստ այդմ` դատապարտյալը մերձավոր ազգականների՝ ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ ու եղբոր համար կարող է դառնալ օրգանի կամ հյուսվածքի կենդանի դոնոր:

Մարդկայի՞ն է արդյոք, որ պետությունը չի պահպանել ու դեռ շարունակում է օրենքով ոչնչացնել քրեական գործերով իրեղեն ապացույցները, երբ քաղաքակիրթ աշխարհը դրանց պահպանմամբ անգամ 20 տարի անց հարյուրավոր ցմահ բանտարկյալների է կարողանում վերադարձնել ազատություն: Ճի՛շտ է, իրեղեն ապացույցների պահպանման դրույթ է սահմանվել քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, բայց քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, իրեղեն ապացույցները շարունակում են ոչնչացվել՝ դրանով սահմանափակելով գործերի վերաբացման հիմքերը:

Մարդկայի՞ն է արդյոք բանտից փախուստի համար, երբ ազատության մեջ որևէ հանցանք չի կատարվել, անձին քրեական պատասխանատվության ենթարկել, այն դեպքում, երբ անգամ գերիները ցանկացած ժամանակ ունեին և ունեն փախուստի իրավունք: Եթե նրանք ռեյխի զինվորին չէին վնասում երկրորդ համաշխարհայինի ժամանակ, պատասխանատվության չէին ենթարկվում: Դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելը համակարգի խնդիրն է, իսկ անձն ունի ազատության բնական ձգտում: Սա է հիմնավորումը, որ Գերմանիայի, եվրոպական մի շարք երկրների օրենսդրությամբ` փախուստը բանտից չի համարվում պատժելի արարք: Իսկ Արցախյան պատերազմի մասնակից, 19 տարի առաջ մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի և իմ երկու փախուստների, 32 օր մաքուր օդ շնչելու համար դատարանը մեր ցմահ ազատազրկման մեջ կլանել է ևս 15 տարվա պատժաչափ: Սակայն մեր փախուստները ակցիաներ էին, որ համակարգը ուշադրություն դարձնի մեր գործերին:

Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ էր այցելել ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ հանդիպելու ցմահ դատապարտյալների հետ: Շնորհակալ եմ, որ ինձ էլ լսեց պարոն Սահակյանը: Մենք զրուցեցինք նաև օրենքների, դրանց ստեղծման ու կիրառման մասին: Ասացի, որ արդեն որպես ապագա իրավաբան ցանկանում եմ բարձրաձայնել որոշ խնդիրների մասին: Հարցերից մեկը, որն ուզում եմ առանձնացնել գործերի վերանայման հնարավորության, բայց ռեալ կյանքում՝ դրա անհնարինության խնդիրն է: Ըստ օրեսդրության` միայն նոր ու նոր երևան եկած հանգամանքներով կարելի է հասնել գործերի վերաբացման՝ այլապես կխաթարվի դատական ակտի վերջնականության սկզբունքը: Իսկ եթե պետությունն այդպես էլ կամք չի ցուցաբերում ընդունել որևէ նոր կամ նոր երևան եկած հանգամանք, խաթարվում է մարդու կյանքը: Այսպես՝ իմ գործով երկու տարի առաջ են բերվել նոր հանգամանքներ, իմ բախտակից Սողոմոն Քոչարյանի գործով «Հետք» կայքն այս տարի է բերել այդպիսիք, սակայն համակարգը չի ցանկանում ընդունել, որ ժամանակին միգուցե սխալվել է: Առաջարկում եմ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում ամրագրել մի նոր դրույթ, ըստ որի գոնե ցմահ ազատազրկման պարագայում սահմանվի գործերի վերաբացման հնարավորություն  դատական ակտի կայացումից 15 տարի անց՝ անկախ նրանից՝ կա՞ն նոր հանգամանքներ, թե՞ ոչ: Քանի որ կյանքը շարժվում է առաջ, օրենքները փոխվում են, իրավահարաբերությունները՝ նույնպես:  

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Մհեր ջան, եթե Ձեր բոլոր առաջարկները ընդունվեին կամ գոնե քննարկվեին, կատարյալ արդարադատության համակարգ կունենայինք... Համոզված եմ, որ երբ Դուք վերջապես վերադառնաք ( ինչը շատ շուտով տեղի կունենա ու ինչին շատերս անհամբեր սպասում ենք), շատ բան կկարողանաք փոխել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter