HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում` Հայաստանի եւ Վրաստանի անտառների պատասխանատուների շրջանում

Այսօր  երրորդ օրն է`  Հայաստանի և Վրաստանի անտառների պատասխանատուներն ու մասնագետները քննարկում են անտառների կառավարման մարտահրավերները և որոնում` դրանց լուծման   համագործակցության  ուղիները:

Քննարկումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի, Վայրի բնության պահպանության միջազգային կազմակերպության  և Բնության պահպանության միության  համատեղ FLEG -2 ծրագրի շրջանակներում` Լոռու մարզի Ձորագետ ավանում:

Ծրագրում  ընդգրկված  են 7 երկրներ` Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինան, Մոլդովան և Անդրկովկասի երեք հանրապետությունները` Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը:

«Ընդգրկված բոլոր երկրների համար անտառների ապօրինի օգտագործումը  անտառային համակարգերի թիվ մեկ խնդիրն է: Դրանց պատճառները տարբեր են. սկսած օրենսդրությունից և այն վայրիվերումներից, որոնք  իրականացվեցին և տեղի ունեցան հետխորհրդային ժամանակաշրջանում»,- ասաց քննարկումը ղեկավարող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Մարտուն Մաթևոսյանը:

Եռօրյա քննարկման շրջանակներում մասնակիցները  հանդիպման առաջին օրվա երկրորդ կեսը տրամադրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության ճանաչողական այցին: Մարտուն Մաթևոսյանի տեղեկացմամբ` հարևան երկու պետությունների անտառների պատասխանատուները միմյանց մասին ունեն շատ քիչ տեղեկություն, թեև  դրանք ըստ պարոն Մաթևոսյանի նույնատիպ են:  

Նա քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ վերջին տարիներին  պետակսն ֆինանսավորմամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի 35 հա անտառային տարածքում կատարվել են անտառավերականգնման աշխատանքներ, 2013թ.-ի տվյալներով էլ վերջին տարիներին Հայաստանում 10 անգամ նվազեցվել է գրանցված ապօրինի անտառահատումները: Հավելեց նաև, որ մինչև այսօր ապօրինի  անտառահատումները անտառային սեկտորի համար Հայաստանում մնում է ամենակարևոր խնդիրը:

Ըստ «Հայանտառի» տնօրենի` Հայաստանում ապօրինի անտառահատումներին  նպաստում են հիմնականում սոցիալական խնդիրները: «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն  Պետրոսյանը  վրացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի անտառների և «Հայանտառի» ՊՈԱԿ-ի կառուցվածքն ու առանձնահատկությունները:  

Վրաստանի անտառների ազգային գործակալության ղեկավար Նատիա   Յորդանաշվիլին հայտնեց, որ Վրաստանի անտառային տարածքները կազմում են մոտ 3մլն. հա: Ըստ Ն. Յորդանաշվիլու` վերջին 5 տարիներին Վրաստանի անտառներում  կոռուպցիայի  դեպքեր չեն եղել` համեմատած 90-ական թվականների այդ ուղղությամբ իրավիճակը շատ բարելավվել է, բարձրացվել է  անտառապահների  մասնագիտական որակավորումը:

«Ապօրինի անտառահատումները նույնպես նվազել են, որովհետև  մեր   տեսչությունը շատ լավ է աշխատում»,- ասաց Նատիան: Վրաստանի անտառների  ազգային գործակալության ղեկավարը հայ–վրացական  սահմանում անտառային չլուծված խնդիրներ այս էտապում չի  տեսնում:

«Մենք համատեղ միջոցառումներ պետք է մշակենք սահմանային անտառների  հնարավոր հրդեհների կանխման և անտառօգտագործման հարցերի շուրջ»,-ասաց նա: 

Հայ գործընկերների աշխատանքային գործելակերպի մասին իր կարծիքում Նատիա  Յորդանշվիլին հայտնեց, որ երկու կողմերի հիմնախնդիրներն էլ  միանման են: Անդրադառնալով  անտառների կառավարման վրացական մոդելին` Յորդանաշվիլին հայտնեց. «Մենք աշխատում ենք հասնել նրան, որ անտառային տնտեսությունը ղեկավարեն  մասնագետները և ոչ պատահական մարդիկ: Իմ կարծիքով այս գործում հաջողություններ ենք արձանագրում»:

«Հետքի» հետ զրույցում բանախոսը կարևորեց նաև անտառային ճանապարհների բարելավման խնդիրը. «Արդեն 35 կմ անտառային ճանապարհներ ենք բացել: Երբ ես ասում եմ, անտառային ճանապարհ` պետք է հասկանալ, որ այդ ճանապարհով պետք է անցնի տրակտոր»,- բացատրեց  նա: 

Վրաստանի Անտառների ազգային գործակալության ներկայացուցիչ  Մանուկա Իվանաշվիլիի տեղեկացմամբ` Վրաստանի կառավարության կողմից  անտառների կառավարումը վերջին երկու տարիներին ընթացել են մի շարք ռեֆորմներով: Մ. Իվանաշվիլին կարևորեց հատկապես Վրաստանի կառավարության կողմից անտառների վերահսկողությունն ու ռեսուրսների օգտագործումը մասնագետների հսկողության տակ պահելու միտումը: 

Վերջինս ընդգծեց, որ հայ-վրացական սահմանում անտառների պահպանության գործում չկա աշխատանքնային կապ և կարևորեց համագործակցության գործողությունների մշակումը: Անտառների հայ և վրացի պատասխանատուների և մասնագետների քննարկումներն այսօր շարունակվում են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter