HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Գալստյան. «Մայրենի բնության նկատմամբ հերթական վանդալիզմը»

Բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը հասարակության եւ պետության քաղաքակիրթ գոյակցության բաղկացուցիչներից է: Ճշմարտություն, որն, ավաղ, որեւէ առնչություն չունի մեր իրականության հետ: Ականատեսն ենք ու նաեւ լուռ վկան մեր բնաշխարհի նկատմամբ հերթական վանդալիզմի, իսկ այս դեպքում մեր բնության հրաշալիքներից մեկի` Թռչկանի ջրվեժի նկատմամբ ոտնձգության: Այս մտահոգությունը այօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Ըստ պատգամավորի՝ որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան, ՀՀ կառավարության 967-Ն որոշմամբ դեռևս 2008թ-ին Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկում:

«Այնուամենայնիվ, սա չի խոչընդոտել, որ բնապահպանության նախարարության եւ պետական այլ մարմինների կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. (ճիշտ այն ժամանակ, երբ ջրվեժն ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների ցանկում) տրվեին մի շարք թույլտվություններ, այդ թվում նաեւ բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն, ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն: Եվ սա այն դեպքում, երբ ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան, եւ դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որեւէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ»,-հայտարարել է պատգամավորը:

Լիլիթ Գալստյանի ասելով՝ ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել է նաեւ  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 1-ին կետով արգելվում  է  Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որեւէ  գործունեության իրականցումը:

Խախտվել են նաեւ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի (28.06.1998թ, Օրհուս) պահանջները:

«Հերթական անօրինական որոշումը, որը մեր հանրության մի մասի եւ բնապահպանական տասնյակ կազմակերպությունների արդարացի ընդվզման առիթ է տվել`դրդելով նրանց իրենց իրավունքներն ու հայրենիքի շահը պաշտպանել բողոքի ակցիաներով: Եվ ինչպես շատ դեպքերում, այս անգամ եւս բախվում ենք մի իրականության հետ, երբ  կառավարությունն ու իշխանությունները հայտարարում են մի բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետեւ նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից ու շահից այն կողմ չի անցնում(տեղին է հիշել Հայաստանը տարածաշրջանային տուրիզմի կենտրոն դարձնելու վերաբերյալ կառավարության հաստատումները)»,- ասում է պատգամավորը:

Լիլիթ Գալստյանը համոզված է, որ այս վարքագծով չի բացառվում, որ կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը, երբ այցելուներին դիմավորում է «ինչ-որ փնթի» ու մի քանի հազար դրամի դիմաց բացում Աստծո շնորհով մեզ տրված, բայց ինչ-որ մեկի սեփականաշնորհած ջրվեժի ծորակը:

«Զարմանում եմ այն կույր համառությունից, որ կառավարությունը դրսեւորում է հասարակության հերթական ընդվզման դեմ` խնդիրները լուծելու քաղաքաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մեր հայրենակիցներին դրդելով փողոցներում միտինգներում նաեւ եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը»,- հայտարարությունը եզրափակեց պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես
Լիովին, լիովին համաձայն եմ՝ ապրես, Լիլիթ: Զարմանում ես, չէ?, թե ինչու պիտի ժողովուրդը պայքարի այն բանի համար, ինչը այդ նախարարության խնդիրն է, եւ դրա լուծումը, արդար լուծումը չինովնիկների սուրբ գործը պիտի լինի: Համո Սահյան կարդացեք, տնավերներ. :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter