HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես՝ հրեշաաղջիկս, սիրուն եմ ինքս ինձ համար

Մանե Գրիգորյան

Ժամը առավոտյան 6 անց 15 է: Երկու օր է՝ ֆեյսբուքյան ստատուսներ չեմ կարդում, սայթում չեմ տեղադրում, խմբագիրն ասաց՝ չեմ հասկանում ինչ տեսակ մարդ ես, եթե հարցն ունի ճիշտ ընկալման 7 տարբերակ ու սխալ ընկալման՝ մեկ, դու միշտ այդ մեկ տարբերակն ես ընտրում... ու ընդհանրապես՝ քեզ երևի ստեղծագործական աշխատանք է պետք: Ես մտքումս ժպտացի, սա իմ կյանքի ապրած չգիտեմ որերորդ նույն ֆիլմի նույն կադրն էր: Փոխարենը ես որոշ ժամանակ կունենամ փող, կարող եմ գերմաներենիս պարապմունքների համար վճարել, երբեմն երես եմ տալիս ինձ քաղցրեղեն գնելով՝ էդ պահին ամենաշատը մտածեցի, որ ինչ տխուր է՝ հերթական առավոտս առանց քաղցրի, իսկ շաքարավազը լեզվիս դնելը՝ ստեղծելով խաբկանք, որ ես քաղցր եմ ուտում, չէ, իմը չէ:

Ոնց որ կոմպրոմիսի գնաս, համակերպվես, էստեղ երևի երևակայությունը կարող է փրկել, բայյց իմ դեպքում սենյակիցս խոհանոց ճանապարհը ոնց որ խեղճ մարդու քայլեր լինեն... էդ ժամանակ կամաչեմ նայել կոշիկներիս, ներսում ոտքերիս ծայրերը կկարմրեն, կսեղմվեն, կփոքրանան: Ես անտանելի փոքր մարդ եմ: Ունեմ սուր հոդացավեր, ոտքերս անընդհատ ցավում են, ոմանք ասում են՝ եղանակից է, ոմանք՝ մեջքիս թեթև թեքվածությունն է իբր պատճառը, ես համոզված եմ՝ ինձ դուր չի գալիս այս աշխարհում քայլելը, դրա համար չգիտեմ ով, բայց մարմնիս հրահանգ է տալիս չհարմարվել:

Ես  արդեն չգիտեմ իմ որերորդ  գործն եմ փոխում, հետո տեսա դա չի օգնում անցա երկրները փոխելուն... իբր ուրիշ տեղ հանդարտություն կգտնեմ, եթե ոչ տանս մեջ, գոնե տունը քթիս տակ կլինի... կնայեմ ու կուրախանամ, կասեմ՝ հեյ, մարդ, դու տուն ունես: Ընկերոջս տանն եմ՝ Գերմանիայում, հերթական կոնֆլիկտի ժամանակ չգիտեմ ինչեր էր խոսում՝ մասնավորապես երևի որ ես չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում կյանքից, որ նա ահավոր վախենում է, երբ ես բռնում եմ թեյի բաժակը այդքան անփութությամբ, թվում է՝ հեսա կընկի, ինչին ես միշտ հավելում եմ՝ բայց չի ընկնում, չէ՞… բայց չէ, նա համառությամբ կշարունակի, որ այս աշխարհում իմ տեղը խիստ խախուտ է և նույնիսկ նրա տղամարդու ձեռքը ինձ չի օգնի: Չէ, նա այդպես չասեց, բայց ես գիտեի: Հերթական անգամ, երբ խոսում էր, ձեռքիս տուն էի նկարում, նայեց՝ ասում է, եթե խորանամ ու ասեմ՝ ինչ ես անում հիմա, տխուր կլինի,ավելի լավ է չխոսենք: 

Չխոսեցինք: 
Ես երկար խոսում էի նկարիչ ընկերոջս հետ, երևի չէր ուզում մենակ թողներ... ինձ թվում է՝ վախենում է ինձ համար: Ինչևէ: Ճամպրուկս անկողնու տակ չտեղավորեցի, վարագույրիս տակ է, ամեն անգամ պատուհանը բացելիս բախվում եմ. հա, գիտեմ, գիտեմ, ճամպրուկ, ես ամեն ինչ գիտեմ:

Հայաստանում առաջին օրս սկսվեց ընտանեկան ժողովով, մորեղբորս աղջիկը, որ իմ, իսկական իմ մասին շատ լղոզված պատկերցումներ ունի, թեպետ կարծում է ինձ իր 10 մատի պես գիտի, խոսում էր, թեթև,վստահ ժպիտով ասում՝ պետք է փոխվես, չես զգում՝ ոչ մի տեղ չես հարմարվում, էսպես չի լինի: Մորս հայացքը կնիքում էր նրա ժպիտը: Գրողը տանի... ես մեծ-մեծ խոսում էի՝ աստծո մասին, իմ ընտրած ճանապարհի, իմ եղած ու գալիք սխալների: Հետո մորս կանչեցի խոհանոց ասում եմ՝ մի անգամ էլ ինձ քննարկես ուրիշ մարդկանց հետ, կգնամ, կգժվեմ, հասկանո՞ւմ ես: Մայրս չի լսում ինչ եմ ասում, գիտի՝ հիվանդ եմ, ասում է՝ լավ, լավ հասկացա, ես շարունակում եմ՝ տես, ասեցի, հա,հա,էլ չեմ անի: 

Երբ եկա Գերմանիայից ավելի սրվեց այս զգացողությունը. ես մտածեցի՝ ինչ տխուր բան է սեփական պատկերացումների վրա հիմնվելով երեխա ունենալը, ես արդեն մեծ բեռով էի ծնվել... պատկերացրի, նման է սրան՝ թագուհին ու թագավորը կամրաթուշ, սիրուն թագաժառանգի են սպասում, մեկ էլ հրաշամանուկի փոխարեն հրեշամանուկ է ծնվում. թագավաորը, ինձ թվում է՝ թագուհին հատկապես, երկար անիծում են իրենց բախտը՝ գուցե դա վերագրելով ինչ-որ հմայության, մտածում են ժողովրդի աչքը կպավ, թե պալատական չբեր կանայք աչքով տվեցին, էս ինչ փորձանք էր:

Մայրս բոլորովին ուրիշ պատկերացում ուներ 25 տարեկան Մանեի մասին, երեք, չորս, հինգ տարեկանում աղետը դեռ նկատելի չէր, հետո երևի բերանիցս բոցեր դուրս թռան, մայրս այդ պահին, ինչպես թագուհին, մտքում ասաց՝ էս ով ինձ աչքով տվեց: Թագուհին ու մայրս նույն գծի վրա,... մի բառ կա՝ տողան, ինձ համար լրիվ ճամբարային, այսինքն ես ճամբարում եմ լսել, որովհետև մի տարի երեք աղջկա՝ ներառյալ ինձ, տնօրենը սպառնացել էր տողանով, 13 տարեկան աղջկա համար բավական միստիկ էր հնչում, հետո պարզվեց՝ պետք է ասֆալտին քաշած գծի վրա կանգնենք՝ դեմքով դեպի երեխաները, իմ պատանեկան ընկալմամբ՝ մոտ 300 հոգի, ու տնօրենը՝ ձեռքերը հետևում խաչած, կասի, թե մենք ճամբարի ամոթն ենք, ու որ մեզնից պետք է հեռու մնալ... հիմա մայրս ու թագուհին նույն տողանի վրա են՝ դիմացը ամբոխն է, ու մեր մայրերը մեզ թաքցնում են իրենց թիկունքում:

Ժամը՝ 6 անց 40 րոպե: Լսում եմ Յուրայ Հիփի հուլիսյան առավոտը: Տխուր եմ մորս համար, ով միշտ հենարան է փնտրում, ասում, որ մեռած հայրս էլ չէր հասկանա ինձ: Իսկ ես ուզում էի պահպանել դրա խաբկանքը: Ինձնից արդեն մի կողմ են քաշվում բարեկամները, ընտանիքի անդամները (բացի քրոջիցս), երբ տունը մարդ է գալիս՝ էլ ձևական չեմ անցնում հյուրասենյակ, չեմ պատասխանում ինձ հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց տված հարցերին: Մարդիկ, որոնք տարին մի քանի անգամ հայտնվելով քո կյանքում՝ դառնում են քո հանդիսատեսը: Ես մերժել եմ դա:

Կեսօրին՝ժամը երեքին, լսում եմ մորս հառաչանքները խոհանոցից՝ նստած են մորեղբորս տղան ու աղջիկը, մայրս սիրտը՝ հիասթափված մոր սիրտը, բացում է նրանց առջև, լոգարանում լվանում եմ ատամներս: Մեկ էլ քույրս.
-Բարև:
-Բարև:
Սպասում էր, որ պետք է ուրիշ ձև ինձ պահեմ, հետո կգրի ինձ՝ քո 6 տարվա ուսումը քեզ քաղաքակիրթ չդարձրեց:
-Մազերդ սև սիրուն են:
-Հա, մերսի:
-Ինչի՞ որոշեցիր ներկել:
-Դե չգիտեմ:
Վերջ: 

Մազերս սև սիրուն են, ես՝ հրեշաաղջիկս սիրուն եմ ինքս ինձ համար ու վերջակետ,ես կարդալու գրքեր ունեմ, ինձ տարբեր երկրներ են սպասում, տարբեր հիասթափություններ ու սերեր, ու մենակություն, ու անչափ սիրուն բավարարվածություն ինքս ինձ հետ մնալուց:

Առանց դուռը թակելու սենյակս է մտնում մորեղբորս տղան, ում հետ ամբողջ կյանքում երևի 100 բառ եմ փոխանակել.
-Դեռ քնա՞ծ ես:
-Չէ, պառկած եմ:
-Լա՞վ ես:
-Հա:
-Քո հետ խոսելու բան ունեմ:
-Խոսի:
-Չէ, սենց չէ:
-Համարս ո՞ւնես:
-Չէ:
Գրիչ է ման գալիս: Տեղիցս չեմ շարժվում, ինձ համար միևնույնն է:
-Լավ, գրիչ չկա:
-Դե գուցե Մեդեան (քույրս) ունի, կասեմ կտա:
-Հա, ունի:
Մեկ էլ դուրս եկավ, նորից մի 10 րոպեից ինքնավստահությամբ բացեց սենյակիս դուռը.
-Համարս ա, անպայման, լսում ես՝ անպայման կզանգես...
-Բա ոնց:
Վերջ:

Ես հրաժարվում եմ հագնել այն կոշիկները, որ սերնդեսերունդ փոխանցվել է, թեպետ ինձ թվում է, պետք է որ կլանային ընտանիք չլինեինք, պապս բանաստեղծություններ էր գրում ու նկարազարդում տետրը, ավտոտնակում դեղնած թղթերի ու թերթերի կապոցներ ունենք, տատուս ծնողները աղախինններ ունեին ու աղաներ էին, տատս 15 տարեկանից սիրավեպեր է ունեցել... ահ, ես ինքս եմ հիմա ուզում այս ամենի վրա փչեմ ռոմատիկայի փոշին: Բայց փոշին փոշի է:

Հորս կողմը ուրիշ են երևի, հայրս վախենում էր, վախենում էր կամ գիտեր, որ չեմ հարմարվի այս աշխարհին, դրա համար սովորեցնում էր, որ կռիվ անեմ: Բայց երբ ասում էի՝ ուզում եմ Ռոմիկ ապերի (հորեղբորս) տնից ունենալ, պատերին մեռած կենդանիների՝ վագրի, արջի, թռչունների դիեր էին, ու մորթիներ, հայրս ասում էր՝ միակ կենդանին, որ կարող ես ունենալ դա կենդանի շունն է, մեռած կենդանիները մեր տանը տեղ չունեն: Սովորական օրերին մեր տանը միշտ ծաղիկներ էին, ու մայրս դեղին պուտերով շորեր էր հագնում:

Յուրայ Հիփ... հուլիսյան կամ աշնանային հերթական առավոտ... ժամը՝ 7 անց է 11 րոպե:

Ընկերս ասում է՝ գիտե՞ս, դու ձի ես, որ ուղղակի ձիավորի կարիք ունի, մի անգամ թամբեմ քեզ կգաս էնտեղ, ուր ես կտանեմ: Ես ժպտում եմ: Հերթական մարդը, որ ուզում է ճանապարհ գծի ինձ համար, հերթական մարդը, ով կարծում է ես ձի եմ կամ մեկը, ով ձիավորի կարիք ունի: Եթե ձի՝ ուրեմն թոկից փախած, դաշտերի կանաչի մեջ գլուխը թաթախող ձի, որ թողնում է արևը մտնի ամեն երակի մեջ, մկանների մեջ խաղա, խուտուտ տա, սիրի: Հետո գլուխը կմտցնի գետի ջրերի մեջ ու ձի լինելը աշխարհի ամենահիասքանչ բանը կլինի:

Նոյեմբերյան առավոտ, գրողը տանի, նոյեմբերյան գեղեցիկ առավոտ, 7 անց 20 րոպե, պատուհանից թափանցող լույսը չնկատել այլևս չի լինի: Բարի լույս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter