HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերազգային միություններն ու անկախությունը

Էդգար Վարդանյան

«Մուտք գործելով Եվրասիական միություն՝ Հայաստանը կորցնում է իր անկախությունը եւ այդ գործընթացին չդիմադրողները, ավելին, այդ միությանը միանալը կայացած փաստ համարողները, փաստացի, նպաստում են ՀՀ անկախության կորստին»՝ պնդում են այսօր շատերը։ Սակայն, իրենց ընդդիմախոսները հայտարարում են, որ, ճիշտ չէ ասել, թե այդ միությանը միանալով հայաստանցիները կորցնում են իրենց անկախությունը, որ, իրականում, Հայաստանը անկախության մի մասը պատվիրակում է այդ կառույցին, ինչը նորմալ երեւույթ է եւ այդպես է լինում յուրաքանչյուր այլ վերազգային կառույցի, լինի դա ՄԱԿ, Եվրամիություն եւ այլն անդամագրվելիս։

Այստեղ հարկ է հիշել, որ 20-րդ դարերում տեղի են ունեցել «խոշորից դեպի փոքր» եւ «փոքրից դեպի խոշոր» սխեմայով գրեթե միաժամանակ ընթացող քաղաքական գործընթացներ, երբ կայսրությունների կազմալուծման արդյունքում ձեւավորվեցին նոր պետություններ եւ այդ պետություններից շատերը միանգամից կամ կարճ ժամանակ անց դարձան տարբեր միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների, միությունների անդամ։

 Այսօր, երբ, օրինակ, եվրոպական պետություններում ինչ-որ մի ժողովուրդ, տարածքային միավոր, ցանկանում է անկախանալ, մեծ է հավանականությունը, որ անկախանալու դեպքում վերջինս միանգամից, կամ որոշ ժամանակ անց կդառնա Եվրամիության անդամ։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այս երեւույթը, ինչու՞ հենց նոր անկախություն ձեռք բերած սուբյեկտը ինքնակամ ցանկանում է լիազորել իր անկախության մի մասը մեկ այլ վերազգային կառույցի։

Նախ, նշենք, որ վերոնշյալ երեւույթը ցույց  է տալիս, որ անկախության ձգտող սուբյեկտները վերազգային կառույցների նկատմամբ տարբերակված մոտեցում ունեն։ Այսինքն, ժողովուրդները կարող են համարել, որ «իքս» միավորման մաս կազմելը անկախ լինելու հնարավորություն չի տալիս, իսկ «իգրեկ» միության մաս լինելը չի սպառնում նրանց անկախությանը։ Այսինքն, տեսակետը, թե բոլոր միություններն էլ նույնչափ սահմանափակում են երկրների անկախությունը, փաստացի չեն կիսում  հենց այսօր անկախության ձգտող շատ ազգեր։

Այսօր, երկրների սուվերենությունը երեւի ամենաշատը սահմանափակող վերազգային մարմինը Եվրամիությունն է, դրամավարկային քաղաքականությունից սկսկած մինչեւ արտաքին քաղաքակության հետ կապված շատ հարցեր այդ միության անդամ պետությունները պատվիրակել են վերազգային եվրապական մարմինների։ Սակայն եվրոպական ազգերից շատերը նախընտրում են Եվրամիության մեջ լինել եւ նույնիսկ մտածում են էլ ավելի շատ լիազորություններ պատվիրակել Բրյուսելին։

Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք ֆորմալ առումով անկախ էին Խորհրդային Միությունից, սակայն, ութսուննականների երկրորդ կեսին խնդիր էին դրել ազատվել վերջինից եւ երբ դա տեղի ունեցավ արեւելյան եվրոպացիները ջանք ու եռանդ չէին խնայում պատվիրակել իրենց անկախության մի մասը Եվրամիությանը։ Կարծում ենք, որ խնդիրն այն է, որ լինելով  ֆորմալ առումով անկախ, նրանք, սակայն, գտնվում էին քաղաքացիների ազատ կամքը չհարգող պետության ազդեցության տակ, որը իրենց երկրների ազգային էլիտաների միջոցով խիստ սահմանափակում էր մարդու իրավունքները եւ, հարկ եղած դեպքում, ուժի միջոցով անմիջականորեն ճնշում էր ինքնավարության դրսեւորումները

Սոցիալիստական ճամբարի մաս կազմող Արեւելյան Եվրոպայի պետությունների քաղաքացիներից շատերը հասկանում էին, որ իրենց կյանքին վերաբերող այս կամ այն որոշումը կայացվում է Մոսկվայում, առանց իրենց համաձայնության եւ իրենց կամքին հակառակ եւ որ կայացված որոշումներն էլ մարդու իրավունքները սահմանափակող, իրենց ազգի զարգացմանը խորընդոտող բնույթ ունեն։ Եվրամիությանը միանալու դեպքում անկախության կորստի վտանգ շատերը չեն տեսնում քանի որ համոզված են, որ Բրյուսելում որոշումների կայացման հիմքում հենց իրենց կամքն է եւ որ կայացված որոշումերն էլ կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները եւ նպաստում են իրենց ազգի զարգացմանը։ Որոշ մարդկանց, խմբերի մոտ Եվրամիությունից առկա դժգոհություններն էլ, որպես կանոն, հիմնված են այդ պատկերացումների վրա, թե քաղաքացիների ձայնը կորում է Բրյուսելում, որ այնտեղ կայացված շատ որոշումներ զարգացմանը նպաստող չեն եւ այլն։

Ըստ այդմ, կարծում ենք, որ Եվրասիական միություն մտնելու խնդիրը հարկ է քննարկել հենց այս դիտանկյունից։ Հնարավոր է, որ, ֆորմալ առումով, այդ Միություն մտնելիս Հայաստանը շատ ավելի քիչ լիազորություններ է պատվիրակում վերազգային մարմինների, քան եթե վերջինս մտներ Եվրամիություն։ Սակայն  այստեղ անկախության կորստի վտանգ կարող են տեսնել այն պատճառով, որ այդ Միությունում, որը պուտինյան Ռուսաստանի գերիշխանությամբ ավտորիտար պետությունների ակումբ է, որոշումների կայացման գործընթացը հնարավոր է իրականացվի առանց քաղաքացիների մասնակցության, չհենվի նրանց կամքի վրա, որ ազգային էլիտաները էլ ավելի կարող են հեռանալ ժողովրդից եւ օգտագործվեն Կրեմլի կողմից մարդու իրավունքները սահմանափակելու եւ հայ ժողովրդի զարգացմանը չնպաստող քաղաքանություն իրականցնելու համար։ Նրանք, ովքեր կարծում են, որ իրականում չկա նման վտանգ, պետք է փորձեն հիմնավորել իրենց տեսակետը եւ այդ դեպքում նոր կունենանք խնդրի շուրջ կառուցողական բանավեճ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter