Գորիսի քաղաքապետն՝ իր պաշտոնավարման 100 օրվա մասին
Մարիամ Մաթեւոսյան
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը պաշտոնավարման 100 օրերին 85-ից ավելի որոշումներ է կայացրել, որոնք հիմնականում վերաբերել են տարբեր հանձնաժողովների ստեղծմանը, կառույցների վերահասցեավորմանը, ինքնակամ շինությունների օրինականացմանը եւ այլն:
«Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիներից ստացվել է 168 դիմում, տարբեր կազմակերպություններից` 170 գրություն: Դիմումներում բարձրացված հարցերն առնչվել են աշխատանքի տեղավորմանը, բնակարանային խնդիրների լուծմանը, սոցիալական հարցերի բարելավմանը, բնակարանի հասցեավորմանը, հողհատկացմանը, շինարարության, առեւտրի ու սպասարկումների թույլտվությանը»,- տեղեկացրեց քաղաքապետը պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Հուլիսից-նոյեմբեր ամիսներին նաեւ 118 քաղաքացի է ընդունել, դրամական օգնություն է տրամադրվել դժվար իրավիճակում հայտնված, սոցիալապես անապահով 40 ընտանիքի:
100 օրվա ընթացքում համայնքային իշխանության իրականացրած աշխատանքներից Վաչագան Ադունցը կարեւորեց քաղաքի որոշ փողոցներում լուսակիրների տեղադրումը, փողոցների, եզրառուների սանիտարական մաքրումը, նոր աղբամանների տեղադրումը: Քաղաքապետի խոսքով՝ կարճ ժամանակում Գորիսում կազմակերպվել է երկու մշակութային միջոցառում՝ Թթի փառատոնը եւ Գորիսի տոնը, որոնց ընթացքում քաղաքում հյուրընկալվել են նաեւ քույր քաղաքների՝ Ֆրանսիայի Վիենի եւ Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, քաղաքապետը նշեց, որ նախատեսվում են փոսային նորոգումներ կատարել եւ Ավանգարդ փողոցում հեղեղատար կառուցել: Առաջիկայում տեղական իշխանության աջակցությամբ մասնակի կվերանորոգվեն համայնքային ենթակայության որոշ նախադպրոցական հաստատություններ:
Ասուլիսի մասնակիցները հետաքրքրված էին, թե ինչ քայլեր է ձեռնարկում համայնքային իշխանությունը քաղաքի հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծման համար, որոնց թվում են, մասնավորապես, վթարային շենքերի պահպանությունը, աղբահանությունը, հասարակական տրասպորտի երթուղիների կարգավորումը եւ այլն: Ի պատասխան քաղաքապետը հայտնեց, որ բարձրացված հարցերին լուծում տալու համար խստացնելու է վարչարարությունը` կիրառելով անգամ վարչական տուգանքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել