HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարվա լավագույն քաղաքը Դիլիջանն է, գյուղը` Ախուրյանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր անցկացվեց «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:

ՏԿ նախարարի պաշտոնակատար Վ. Տերտերյանը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին եւ համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում արդյունավետ աշխատանք մաղթեց:

«Ակնհայտ է, որ 18 տարին բավարար ժամանակահատված է որոշակի եզրահանգումներ,արդյունքներ ձեւավորելու համար, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով ՏԻՄ համակարգի բազմաշերտ ու բարդ համակարգ լինելը, անկասկած,  փոքր ժամանակահատված է այս ոլորտում շատ արագ, վերջնական արդյունքներ գրանցելու համար: Բայց մենք պետք է հետեւողական լինենք եւ մեր արդյունավետ աշխատանքով փորձենք լուծել համակարգի առջեւ ծառացած խնդիրները»,- նշեց Վ. Տերտերյանը:

Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ՏԻՄ համակարգի զարգացման առումով բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` կարեւորելով Երեւան քաղաքում ՏԻՄ համակարգի ներդրման ու զարգացմանն ուղղված աշխատանքները, որտեղ գործարկված շատ մոդելներ եւ մեխանիզմներ փորձ կարվի տարածել նաեւ հանրապետության մյուս համայնքներում:

ՏԻՄ համակարգի կազմավորման եւ ընթացիկ տարում գրանցած էական ձեռքբերումների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով պարգեւատրվեցին Կապան, Ստեփանավան քաղաքային համայնքների եւ Ակունք գյուղական համայնքի ղեկավարները:

«Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը։

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքին:

«Կանաչապատ համայնք» ճանաչվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքը, մշակութային լավագույն քաղաքային համայնք` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը:

«Տարվա լավագույն համայնքային կայք» մրցանակին արժանացավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը: 

«Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միության» կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter