HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Այլակերպման մղումը

(Ժամանակակից տեխնոլոգիական հոլովույթի ընկալումը Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ)

Շատ ժամանակ չի բաժանում այսօրվա ընթերցողին[1] Հրանտ Մաթեւոսյանի գրական արտադրությունից՝ հիմնականում ամփոփված «Երկեր» երկհատորյակում եւ «Տերը» ժողովածուում։ Բայց պատահել է մի բան, որ մեզ դուրս է դնում այդ գրականության ժամանակից, գրության հաստատած շրջանակից։ Ինձ շատ կարեւոր է թվում այս միջնորդվածության ու սահմանի արձանագրումը. այժմյան ընթերցումը կորցրել է անմիջականությունը, եթե կուզեք՝ անմեղությունը. այն ենթադրում է վերադարձ դեպի գրությունը։

Ներկա ընթերցման համար մեկնակետ են ծառայել Մաթեւոսյանի, պայմանականորեն ասած, երեք «գրական հանգանակները»։ Նկատի ունեմ գրականագետ Ալլա Մարչենկոյի հետ հարցազրույցը[2] (1980թ.), երկհատորյակն ուղեկցող «Երկու խոսք ընթերցողիս»-ը[3] (1985թ.) եւ «Ի սկզբանե էր բանն…» (Ինքնանկարի փորձ) էսսեն[4] (1990թ.)։ Մեզ հետաքրքրողը գրողական արարքի՝ հստակորեն միմյանցից զանազանվող երեք որոշադրումներն են, դրանց փոփոխման ընթացքը հարուցող ներհայտ մղումը։ Այս հարցազրույցում Ա. Մարչենկոն հիշատակում է ավելի վաղ շրջանի մի հարցազրույց, որտեղ Մաթեւոսյանն իրեն անվանում է Ծմակուտի «լուսանկարիչ» ու «ակնարկագիր»։ Սա առաջին ինքնաբնորոշումն է։ Գրականությունը կոչված է փրկելու անհետացող հայրենիքը. «Լոռին (ե՛ւ որպես աշխարհագրական, ե՛ւ որպես հոգեւոր-բարոյական հասկացություն) չպետք է անհետանա երկրի երեսից»[5]։ Երկհատորյակի առաջաբանում կարդում ենք. «Օհաննեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել եւ բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով եւ կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ», եւ ապա՝ «…ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը»[6]։ Հայրենի երկրի նկատմամբ պարտականությունը փոխակեպվում է։ Շեշտադրության փոփոխումը հստակ է. եթե անգամ վերստին Լոռին կորստից փրկելու մասին է, ապա «նոր մի հովիտ» փռելու միջոցով, եւ միանգամայն նոր հրամայական՝ լինել ժամանակի տարեգիրը։ Հետեւյալ մեջբերումն արդեն «Ինքնանկարի փորձ»-ից է. «Եւ ուրեմն ինչ գեղեցիկ են նրանք, ովքեր մարդու համար գրում են ի՛ր խոսքը, մարդու մեջ բացում են ի՛ր լույսը, արձակում ի՛ր ձգտումը»[7]։ Փոխակերպության ակնարկագիր-տարեգիր-գրող շղթայի ողջ երկայնքին, թվում է, գրելը մնում է նույն՝ որդիական պարտքի շրջանակում («Ես նրանց որդին եմ…»), բայց ակներեւ են եւ տարբերությունները։ Եթե գրողական արարքն առաջին դեպքում առնչվում է տեղանքին, երկրորդում՝ առավելապես ժամանակին, ապա վերջին բնութագրման մեջ դուրս է գալիս տեղի ու ժամանակի որոշակի սահմաններից եւ իր գործադրումը գտնում վերացական մի հավաքականության մեջ, որը ներառում է Ղուկասի ավետարանի Սիմոնին, Պլատոնովի պատմվածքի եւ Գոդարի ֆիլմի հերոսներին, հողի այսօրվա մունջ մշակին եւ ուրիշների։ Այլակերպումների այս փուլերի մեջ գրանցվում է գյուղական համայնքի «մենք»-ից դուրս ելած եւ իրենց ինքնությունը որոնող գրողի ու գրության տեղափոխությունների շղթան։ Կտեսնենք, որ այս տարագրության բուն ազդակը անմիջականորեն կապված է տեխնոլոգիականացման հոլովույթին։

Անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ այս երեք հանգրվաններն առաջադրվել կամ վերահաստատվել են Մաթեւոսյանի մինչեւ օրս հրատարակված բոլոր գրություններից հետո։ Ժամանակագրական առումով՝ առաջինը հարցազրույցն է, որտեղ խոսվում է ոչ միայն մեզ հայտնի գրությունների, այլեւ նոր վեպին («Տախը») առնչված բարդությունների մասին։ Նպատակ չունեմ այսօր արդեն հետին թվով ի հայտ բերելու գրողի՝ այս փոխակերպումների շարքում նշմարվող հետագա «լռությունը», բայց այս տեղաշարժին զուգահեռ՝ այլակերպումի մի ուրիշ շղթա ենք գտնում Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ՝ «Ահնիձոր»-ից մինչեւ «Տերը»։ Տեխնիկան, տեխնոլոգիականը նախ՝ իբրեւ պարզ միջոց, ապա՝ օտար, մերժվող եւ կործանարար, փոփոխվելով՝ միշտ հայտնվում է գաղափարաբանական որոշակի կառույցի մեջ՝ մնալով լծորդված Հայրենիքին։ Ստորեւ կհետեւենք Հայրենիք-տեխնոլոգիա զույգի փոխակերպումներին, որ ուղեկցվում են ուրիշ համընթաց փոփոխություններով։

Ուստի՝ ընդհանուր ձեւով հարցումը կարելի է ձեւակերպել նաեւ այսպես. Մաթեւոսյանի գրականության մեջ ինչպե՞ս է ընկալվում, ընդունվում-մերժվում տեխնոլոգիականը, այսօր այն մեզ ի՞նչ հնարավորություն է տալիս հարցադրումներ անելու կամ արդիական տեխնոլոգիայի մասին խոսք բացելու։

Աշխատանք 

Աշխատանքը, Մաթեւոսյանի առաջին շրջանի ստեղծագործության մեջ («Ահնիձոր», «Մենք ենք, մեր սարերը», «Բեռնաձիեր») ունենալով առանցքային նշանակություն, միաժամանակ այն տեղն է, ուր գտնում ենք տեխնոլոգիան՝ հին ու նոր գործիքները, արդի տեխնիկական միջոցները, աշխատանքային հմտություններն ու կարողությունները։ Համապարփակ բնույթը, որ այստեղ ունի աշխատանքը, խույս է տալիս մեզ հայտնի սահմանումներից։ «Աշխատանք», այո՛, նշանակում է նեղություն ու տանջանք եւ այդպես էլ՝ իբրեւ անխուսափելի ու անփոխարինելի, ընդունվում է։ Այն սոսկ կենսական անհրաժեշտ միջոցների արտադրություն չէ, եւ ոչ էլ աշխատանքով կարելի է հարստանալ։ Թվում է՝ ջնջված են աշխատանքին կապված հեթանոսական պաշտամունքային ծեսերի ու սովորույթների բոլոր հետքերը։ Երկիրը գործելու, մշակելու՝ որպես սկզբնական մեղքի համար փոխհատուցման, աստվածային պատվիրանի մասին այստեղ չեն հիշում։ Իսկ ավետարանական պատգամը՝ «Ով չի աշխատում, նա չի ուտում», որով պարապությունը ծանրագույն մեղք է դիտվում, նույնպես տեղին չի հնչում. այստեղ մարդիկ աշխատում են մինչեւ ուժասպառություն։

Միատարր գյուղական համայնքը՝ գրեթե զուրկ որեւէ շերտավորումից, իր կառուցվածքը, գոյության իր եղանակը գտնում է աշխատանքի մեջ, որ բաժանված ու անկախ չէ բնությունից։ Աշխատանքը սահմանափակված չէ զուտ աշխատանքային պարագաներով պարտադրված շրջանակով։ «Հողի ու մարդու բարեկամությունը», որ հղում է նաեւ բարոյական ու մասամբ էլ գեղագիտական սկզբունքների, հեռու է բնության շահագործում լինելուց։ Հանդն ու գյուղացին, գետը, ամպը, արտը, եզը, ձին գոյակիցներ են։ Երկրի վրա մարդը աշխատանք ունի անելու, կանչված է ներկա գտնվելու։ Առանց մարդու աշխարհն անավարտ կլիներ. «Անտառամիջցին ձգտում է հանդերը դարձնել  … ավարտուն»[8]։ Հողի տնքոցին ականջ դնել, աղբյուրների ակունքները բաց պահել, հանդն ավարտուն դարձնել՝ տարվա եղանակների թավալով քշվող, իր նպատակն իր մեջ ունեցող անվերջ հոլովույթ, որ մարդուն մասնակից է դարձնում գոյի էության երեւանումին։ Աշխատանքն իբրեւ համակեցություն։

Մարդն իր գործիքներն ունի. արոր, սայլ, բահ, եղան, փոցխ, գերանդի, կացին, երկանք՝ մարդու գործակիցները, նրան ներկայության անխոս վկաները։ Պարզ ու գեղեցիկ, զնգուն գերանդին, որ առաջնորդում է հնձվորի խորհրդավոր քայլքը, աշխատող աստնվորի ընթացքը երկնքի ու երկրի միջեւ. շարժմունք ու կեցվածք, որ տարածություն են բացում։ Գործիքները, որ կենդանություն են առնում աշխատանքի մեջ, երբ գործում են մարդու հետ միասին, միաժամանակ մասնակիցներն են մարդու տեղեկությունների ու հմտությունների։ Աշխատողի այս հատկությունները ձեւականացման ու նկարագրության չեն ենթարկվում, այլ աշխատանքի մեջ են կայանում իբրեւ արարք եւ մարմնական գործողություն։ Դրանք ունեն տարածական ծավալում ու տեւողություն, ունեն կատարման եղանակ տարվա եղանակների մեջ եւ այսպես անբաժանելի են եղանակների շրջապտույտից։ Դրանք տեղի են ունենում, ի գործ են դրվում՝ վայրը փոխակերպելով տեղի, ուր աշխատող մարդը տեղացի է։

Զարգացում 

Ավանդական գործիքների ու հմտությունների կողքին, այստեղ ներկա է ժամանակակից տեխնիկան. տրակտոր, կոմբայն, մոտոցիկլետ, հեռախոս, ռադիոընդունիչ եւ այլն, տեխնիկական գործելակերպը։ Թեեւ նոր տեխնիկական միջոցները դեռեւս ուղղակիորեն չեն հակադրվում հին գործիքներին ու հմտություններին, բայց նշմարվում է այդ հակադրության հնարավորությունը եւ տագնապը՝ այդ հնարավորությամբ հարուցված. «…ասում են նորը՝ սավառնորդի արհեստը, բերում է քամահրանք հողագործության նկատմամբ։ Աստվա՜ծ չաներ»[9]։ Հակադրություն առայժմ չկա, քանի որ «Նորությունների էլեկտրական եւ ոչ էլեկտրական այդ միասնությունը գյուղն արագ յուրացրեց…»[10]։

Այսպիսով, արդի տեխնոլոգիայի բնույթն առայժմ աննկատ է մնում, թեեւ գուշակվում է ակնարկագրի տարակուսանքում. «Ճրագթաթ ծմակը փայտ է եղել, հասկանո՞ւմ եք։ Իսկ ես կարծում էի վայրի գեղեցկության խորհրդանիշն է եղել այդ բարդված անտառը… Ճրագթաթը նկարից դարձավ միլիարդ»[11]։ Տեխնոլոգիան ընկալվում է իր ցանկալի օգտակար նշանակությամբ՝ որպես զարգացման գործիք, առաջընթացի ճանապարհին աշխատանքը թեթեւացնող միջոց։ Իր կործանարար նշանակությամբ այն մնում է ճնշված, չճանաչված։ Ուրեմն, տեխնիկայի միջոցով «մարդու աշխատանքի թեթեւացումը»՝ առանց աշխատանքի իսկությունը խաթարելու, թվում է հնարավոր։ Գրողն այստեղ մնում է զարգացման խորհրդային գաղափարաբանության հունում, թեեւ «զարգացումը» միայն զարգացած սոցիալիզմը նշանավորող խորհրդային գաղափարաբանության մենաշնորհը չէր, այդ տարիներին «զարգացումը» արդեն համամոլորակային հաճախանք էր։ Գաղափարաբանական այս կաղապարը հեռվում փնտրելու կարիք չկա. «Ահնիձոր»-ում այն ներկա է եւ անբացահայտ ձեւով գործում է ակնարկի ժանրի տեսքով։ Ակնարկը պիտի պատմեր¬զեկուցեր աչքի տեսածը, որ հիմնականում կարող էր լինել «աշխատանքային նվաճում»։ «Նվաճումը», «զարգացումը» պատմող խոսքը չէր կարող արձանագրել հակադիր ընթացքը՝ փլուզումը։ Տեխնոլոգիականացման հոլովույթը իր խորին իմաստով կարձանագրվի միայն ակնարկի սահմանների հաղթահարմամբ, գրության եղանակի փոփոխմամբ։

Ներկայության հովիտ 

Տեսանք, որ աշխատանքը զուտ գործնականությունից ավելի առնչվածություն է բնության տարերքին։ Աշխատանքով կերպարանափոխված տեղանքը՝ «հովիտը»  կամ «բացատը» բնակարան է, որտեղ մարդու կողքին օթեւան են գտել ձին, կովը, ոչխարը, շունը, մեղուների ընտանիքը, աղբյուրը, արտը, ծառը… Այստեղ են եւ գործիքները՝ այս հովտի բանալիները։ Մարդու տունը նրան չի բաժանում հովտի մյուս բնակիչներից։ Տունը այնտեղ է, ուր աշխատանքն է. «Գյուղություն հանդերում ավելի շատ կա, քան բուն Անտառամեջ գյուղում»[12]։ «Ավարտուն» հովիտը տառապագին աշխատանք է եւ հովտի կենվորների խորին մերձավորություն։ Տեղանքը ավարտուն դարձնել՝ նշանակում է բնության կանչին ընդառաջ գնալ, օգնել, որ գոյն ի հայտ գա դեպի ներկայություն եւ կենալ նրա հարեւանությամբ. «Ես նստել էի գրելու իմ նամակը եւ չէի կարողանում։ «Սարերի կարկուտը հալվե՞լ է», գրում էի ես եւ ջնջում։ «Շները ո՞նց են», գրում էի ես եւ ջնջում։ «Արտերը դեղնե՞լ են, մոռը հասե՞լ է, հետո, որ կարկուտները հալվեցին ու գետը վարարեց՝ մեր լողանալու տեղը ավազ չի՞ լցվել, թուրքն ու Վանին չե՞ն կռվել, պապն այգում կանգնա՞ծ է, Աբովենց բալը չի՞ կարմրել, Ներին հոտը քաշո՞ւմ է, Ասատուրի անունը դեռ մայո՞ր է…»[13]։

Գրությունը հաճախ կազմվում է իբրեւ նկարագրություն, որ գրում, վերարտադրում է բնության մի պատկեր։ Այս նկարագրություններում գրեթե ամենուրեք գտնում ենք «լույս»-ը (պայծառը, շողքը, փայլը, կայծկլտոցը եւ այլն) եւ «լուռ»-ը, որ հասկացության նշանակություն են ստանում. պայծառ են արեւածաղիկները, լուսավոր՝ ցորենի արտը եւ տանձի ծառը, լուռ է ամպը, արեւը… Բնության ներկայությունը մարդուն հայտնվում է լույսի եւ լռության միջից։ Աշխարհը երեւում է լույսի մեջ, այն լույս է տալիս՝ «լույս աշխարհը», էության լույսով բռնված՝ այստեղ լռությամբ կենում են տանձի ծառը, արեւածաղիկը, ճանապարհը, արեւը, արտը, «թեթեւ լիճը»…

Հովտի վերջին վկան՝ Ռոստոմը («Տերը») պարտավոր է լինել «փոքր հայրենիքի» կործանման բոլոր մանրամասնությունների ականատեսը։ Նրան ենք պարտական բազմաթիվ կարեւոր դիտողությունների ու եզրահանգումների համար. «Այդ փոքր հայրենիքի, փոքր հայրենիքում մարդու ազատության եւ օտար վայրերում մարդու անազատության ժամանակներն անցել էին. ոչ ոք այստեղ օտարություն չէր քաշում, օտարը թերեւս մենք էինք, որ մեր հին ժամանակներից ընկել էինք նոր ժամանակներ»[14]։ Ներկայության հովիտը՝ փոքր հայրենիքը, տեղն է մարդու ինքնության, նրա ազատության։ Մարդու ինքնությունն անբաժան է փոքր հայրենիքից, նրա տեղից ու ժամանակից, սահմանափակված է նրա շրջանակով։ Լինել՝ նշանակում է լինել այստեղացի, աշխատել այստեղ, աշխատանքով ստեղծել այս տեղը եւ աշխատանքի ծավալմամբ ամփոփվող համակեցության ոլորտում՝ լինել ազատ։ Ավելի պարզ՝ ազատ լինել՝ նշանակում է աշխատել, ներգրավված լինել տեղանքն ավարտուն դարձնելու գործին։ Մինչդեռ գոյի հետ առնչվածության կորստին հետեւում է տեղի, բնիկության, ազատության կորուստը. «Երկրախույզները եկել մեր սարերում ծակիչը դրել, երկիրը ծակում էին։ Անհայրենիք ժողովուրդ է, այս վայրենի օտարության մեջ չէին նեղվում, իրենց տերուտնօրեն էին զգում…»[15]։ Ոչմիտեղացի լինելը բացակայությունն է ներկայության փակ շրջանից։ Կարիք կա՞ ընդգծելու, որ անհայրենիքությունը, բնիկության կորուստը ուղեկցվում է արդիական տեխնոլոգիայի մուտքով։ Երկրախույզները խախտում են տեղանքի ավարտունության սկզբունքը, ծակում, քանդում են երկիրը, որին հետեւում է նվիրական տիրույթի կազմալուծումը։ Ռոստոմն ինքը վերջին ազատն էր («Իմ ազատ ախպերը»)[16]։

Անհասկանալին 

Վաղուց նկատված է, որ «Ահնիձոր»-ում արդեն ներկա են Մաթեւոսյանի գրականության մի շարք հիմնական թեմաներ։ Հատկապես արձանագրված է տեխնիկայի մուտքը։ Ակնարկագրի անորոշ, անհամարձակ (անհամարձակ՝ վտանգի ահագնության առաջ) անհանգստությունը հռետորական բացականչության միջից հստակորեն ձեւակերպում է. «Ճրագթաթ ծմակը փայտ է եղել, հասկանո՞ւմ եք»։ Տագնապը նշմարվում է անգամ այնտեղ, ուր շարադրվում են գյուղի հաջողությունները։ Տագնապի նշաններ են թե տեխնիկայի մերժումը. «ջերմաչափը այստեղ ոչինչ է»[17], թե խուսափողական շեշտով վնասազերծվող հակադրությունը. «…ասում են, թե դժվար է նույն ժամանակահատվածի մեջ տեղավորել հողագործի ու սավառնորդի արհեստները»[18]։ Այսուհանդերձ, զարգացումը թվում է հնարավոր, եւ գյուղը զարգանում է։ Սակայն, հիմնական իրադարձությունները ծավալվում են Անտառամիջից դուրս, գյուղը աշխարհից բաժանող սահմանից անդին։ Սա արդեն հուշում է՝ եկել է գյուղի ինքնաբավության վերջը։ Ավելի կարեւոր է դառնում ելումուտը՝ գյուղ-աշխարհ-գյուղ երթուղով։ Սահմանից անդին է, որ որշակիանում է նաեւ տեխնիկականի ներկայությունը, հստակվում են նրա ներկայության առանձնահատկությունները, գուշակվում հետեւանքները։ Ճանապարհորդների թվում են Գիքորն ու Ալխոն, Արայիկը, Գոմեշը, դատարան գնացող հովիվները։

Ղազախ ցորենի գնացած Գիքորը տեսնում է կոմբայնի, տրակտորի, մոտոցիկլետի եւ ուրիշ բաների օգնությամբ փոխակերպված կյանքը՝ «հեշտ կյանքը». մարդիկ փոխված են, ավելի շատ՝ պարապ, աշխատանքը քչացել է, հացը, չնայած սրան, շատացել։ Անհասկանալի է եւ վճռականորեն անընդունելի։ Բայց առաջին ճամփորդը Զավենն է, նրանն են առաջին միանշանակ եւ անբեկանելի եզրահանգումները։ «Օթելլոյի ցերեկային ներկայացումից» ավելի քաղաքում նրա համար տպավորիչը Ծառուկյանն է, նրանով ներկայացող «նորը». «Ծառուկյանի հինգ թիզ հողը քիչ առ քիչ, նարդու տախտակի չափերով, տրված էր կոտեմիկին, սամիթիկին, թարխունիկին… Այդ հողակտորին նայելով մարդ մտածում էր, որ սանտիմետրերը դառնում են հեկտար»[19]։ Բնության ու մարդու խորին մերձավորությունն անհետացել է, նոր մարդու նպատակը տիրապետությունն է։ Տեխնիկական միջամտությունը, որ միջնորդում է բնության ու մարդու հարաբերությունները, անխուսափելիորեն իր իրագործման եղանակը, Զավենի բառերով ասած՝ հաշիվն է պարտադրում այդ հարաբերություններին։ Բնությունը դառնում է հաշվելի, ինչպես, օրինակ, Ճրագթաթը՝ միլիարդ։ Ավարտուն բնությանը հաջորդում է բնության ավարտը։ Բնության իսկությունը փոխարինվում է հաշվով, ինչպես մարդը՝ կենսագրությամբ։ «Հաշվապահ եք, հաշվապահ… Ձեզ հետ գլուխ դնել չի լինի, մեդալ եք հավաքում, պատվոգիր եք հավաքում…» եւ առավել անհասկանալին՝ «կենսագրություն եք հավաքում ու դառնում տեր»[20]։ Կյանքի նախագիծը իշխանության նախագիծ է։

Նոր մարմին 

Արդիականի դրսեւորումներից մեկն էլ, որ դարձյալ անմիջականորեն առնչված է տեխնոլոգիային, նոր մարմինն է։ Շատ ավելի ուշ, առաջացած տեխնոլոգիականացման արդեն ակնհայտ կողմերից մեկը՝ մարմնի ձերբազատումը աշխատանքի, ավանդական սովորույթների կազմավորած շարժմունքից, կձեւակերպվի այսպես. «…խոտհարքից երեւում էր գործարանի ծուխը. սեւ, դեղին ու սպիտակ՝ ձորից ելնում, կծկվում, ծավալվում, հալվում ու տարածվում է - նրա շոգ մշուշը ամբողջ հորիզոնը սվաղել է. քաղաքը նաեւ իրենց՝ հենց ժողովրդի մեջ է՝ այդ աղջիկների ու տղաների հագուստի, շարժուձեւի, սանրվածքի. տղաները շատ ավելի ֆուտբոլիստ են, քան խոտ հավաքող, աղջիկները շատ ավելի հավաքելու պարային ձեւ են անում, քան հավաքում…»[21]։ Բայց արդեն «Բեռնաձիեր»-ում, գետափի որձաքարերին մեկնված Վիթխարին իր հետ բերել էր այդ թեման։ Գրությունից գրություն տեղափոխվելով՝ տարբեր իրադրություններում մարդկանց առաջ հայտնվում է գյուղական բնանկարը խաթարող կանացի կիսամերկ մարմինը։ Կնոջ մարմնից, նրա գայթակղությունից էլ ավելի, թվում է, անհանգստացնում, տագնապ է հարուցում պարապ, հանգստացող մարմնի առկայությունը, գոյության իսկ հնարավորությունը։

Նույնիսկ առանց գործիքի կատարվող աշխատանքը, ասենք, կիթը, եւ ուրեմն կենդանու ներկայությունը, թելադրում է որոշակի կեցվածք, շարժումների հերթականություն, տեւողություն ու ռիթմ։ Գործիքով արվող աշխատանքը նույնպես, կրկնվելով ու տեւելով, տարիների հետ ձեւավորում է մարմինը, օժտում առանձնահատուկ գծագրությամբ։ Մարդ-գործիք աշխատող զույգը կարող է կատարելության հասնել, բայց միեւնույն ժամանակ գյուղական աշխատանքը հաճախ լինում է հոգնեցուցիչ եւ ուժասպառ անող։ Մշակի մարմինը կաշկանդված է անվերջորեն կրկնվող միապաղաղ շարժումների հետքերով։ Պարզապես քայլելու (զբոսնելո՜ւ) կամ հանգստանալու համար հնարավոր չէ թոթափել դրանք։ Այստեղ հանգիստը՝ որպես առանձին մարմնական փորձառություն, աներեւակայելի է։ Ուստի՝ օտար, «անհասկանալի» մարմնի մուտքը խախտում է տեղանքի հավասարակշռությունը։ Այդպես անհասկանալի են թզուկի թիկնապահները («Տերը»), «կաշվե բաճկոնով բաճկոնավորված երեք անհասկանալի գոյություն՝ ում չգիտես հանցագործ համարես, թաքուն միլիցա թե սպորտսմեն»[22], ի միջի այլոց, պատրաստ ամեն պահի ուժ գործադրելու։ Բռնություն է նաեւ Վիթխարու ներխուժումը Անտառամիջի բնապատկեր, իսկ «Տերը»-ում նրա առկայությունը իբրեւ սպառնալիք միանգամայն հստակ է։ Միջավայրի ներդաշնակությունը խախտվում է մարմնի չափերի անհեթեթությամբ, կեցվածքի անիմաստությամբ, գծագրության ու տեղաշարժի սպառնալի անկանխատեսելիությամբ։ Այս մարմնի կարեւոր հատկանիշը խոսքի պակասությունն է, գրեթե բացակայությունը։ Վիթխարին միշտ լուռ է։ Եթե գոյի հետ առնչվածությունը մարդուն լեզու է տալիս, ապա էությունից օտարումը օտարում է նաեւ լեզվից. «դե նրանց ճակատին էլ պարապություն է գրած, անոշ,- ասաց,- գրած է, որ պտեն քաղաքացի ու պարապ ըլիլ, իրենք ի՞նչ անեն, գան կո՞վ կթեն, կովի լեզուն ինչ են հասկանում՝ որ գան»[23]։ Բնության լեզուն իմանալը մարդուն լեզու է տալիս, իսկ դրա կորուստը նաեւ «դեմքի, խոսքի, խելքի» կորուստ է։ Ուրեմն, «լուռ»-ը այստեղ ավելի վաղ ընդգծվածից խիստ տարբեր իմաստ ունի։ Լուռը, լռիկը, անշշուկը, անձայնը, մունջը, համրը, պապանձվածը բազմիմաստ մի հանգույց են կազմում։ Այս հասկացությունը առանձնապես կարեւոր նշանակություն է ստանում նաեւ այն պատճառով, որ առնչվում է գրողական արարքը որոշադրող ստանձնումին (երրորդ փուլում). «Ուզում եմ տեսնել՝ այդ ապին իսկապե՞ս գրաստ է, նրա հոգին իսկապե՞ս համր է»[24]։

(շարունակելի)

Հղումներ եւ ծանոթագրություններ



[1] Հոդվածը գրվել է 1995 թվականին, բայց, հանգամանքների բերումով, տպագրվել է միայն 2002 թվականին «Ինքնության հարցեր» (Տաթեւ գիտակրթական համալիր, խմբագիր՝ Ալբերտ Ստեփանյան) ժողովածուի մեջ։ Այստեղ ներկայացվող տարբերակը զգալիորեն կրճատված է եւ դրանով թելադրված՝ նաեւ թեթեւակիորեն վերանայված։

[2] Грант Матевосян. Поэзия языка. Вопросы литературы (ВЛ), 1980, N 12.

[3] Հ. Մաթեւոսյան, Երկեր, երկու հատորով, Երեւան, Սովետական գրող, 1985:

[4] Հ. Մաթեւոսյան, Վիպակներ, Երեւան, Նաիրի, 1990, էջեր 3-17:

[5] ВЛ, ст. 198.

[6] Երկեր, հ. 1, էջ 6:

[7] Վիպակներ, էջ 17:

[8] Երկեր, հ. 1, էջ 114-115:

[9] Նույնը, էջ 57:

[10] Նույնը, էջ 48:

[11] Նույնը, էջ 18-19: Այս վերլուծության մեջ կարելի է գտնել ուղղակի կամ անուղղակի հղումներ Մարտին Հայդեգերի փիլիսոփայության որոշ հղացքերի կամ դրույթների: Բավարարվում եմ միայն ընդգծելով Մաթեւոսյանի կողմից տեխնիկայի ըմբռնման մերձավորությունը հայդեգերյան համապարփակ հղացումի որոշ կողմերի։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ որեւէ ազդեցության մասին խոսք լինել չի կարող:

[12] Երկեր, հ. 1, էջ 114:

[13] Նույնը, էջ 547: Ներկայության կարոտը, հայրենի ոլորտում գոյության մերձության բաղձանքն է երեւում Հովհաննես Թումանյանի «Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ» եւ «Հիմի բացել են հանդես» քառյակներում. անտես երգիչներ, որոնց հարկ է ուշք դնել, կանչող ձեռքեր, որոնց կանչին հարկ է արձագանքել: Էության անթիվ ձեռքեր են անտառները, որ իրենց ունկնդրին ետ են կանչում ներկա լինելու իրենց «քով»:

[14] Երկեր, հ. 2, էջ 438:

[15] Նույնը, էջ 476:

[16] Նույնը, էջ 596:

[17] Երկեր, հ. 1, էջ 57:

[18] Երկեր, հ. 1, էջ 57:

[19] Նույնը, էջ 128:

[20] Երկեր, հ. 1, էջեր 140-141:

[21] Երկեր, հ. 2, էջ 483:

[22] Նույնը  էջ 418:

[23] Նույնը, էջ 523:

[24] Վիպակներ, էջ 15:

 

Մեկնաբանություններ (1)

Վիկ Մա
Հետաքրքիր ու նորովի մոտեցում է: Վտանգը՝ նյութը չքաշել պատրաստի կաղապարի մեջ և հանգեցնել արհեստական, մտացածին եզրակացությունների: Հրանտի պարագայում պարզության հասնող իմաստնությունը գերակա է: Շարունակությունը կարևոր է, սպասում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter