
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրանքի ցանկացած դրսևորումից
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը տարածել է արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե հայտարարությունը նոյեմբերի 12-ին ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին։ Սույն միջադեպը, ցավոք, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։ Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։ Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ»,- ասել է դեսպանը։
Լուսանկարը` www.azatutyun.am-ի
Մեկնաբանել