
Կրթության ազգային առանձնահատկությունները. անհաջողակ կրկնուսույցներից մինչեւ աշակերտների հավելագրումներ
Հայաստանում ամենաբարձր մակարդակով, խոսքերով կարեւորվում է կրթության ու գիտելիքի դերը, այն համարվում է ազգային ռեսուրս, որը կապահովի մեր երկրի զարգացումը: Իրականում ինչպիսի՞ն է կրթության թերեւս ամենակարեւոր օղակի` հանրակրթության որակը: Դա դիտարկենք մի առանձին մարզում` Տավուշում:
Բարձրորակ կրթություն իրականացնելու համար նախեւառաջ լավ դասավանդողներ են հարկավոր, ինչպես պրոլետարիատի առաջնորդը կասեր` «կադրերն են վճռում ամեն ինչ»: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի ավագ դպրոցը այս տարի ուսուցիչների թափուր տեղերի համար երկու մրցույթ անցկացրեց, որոնց արդյունքները մտորումների տեղիք են տալիս: Ի պատիվ ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի՝ նա երկու մրցույթների ժամանակ էլ զերծ մնաց հայկական տարբերակով` «խնամի, ծանոթ, բարեկամի» միջոցով մանկավարժներ ընդունելուց:
Առաջին մրցույթը կայացավ օգոստոսի 25-ին, եւ այն ժամանակ մրցույթի մասնակից 19 ուսուցչից ընտրվեց միայն մեկը` հայոց լեզվի եւ գրականության մասնագետը, մնացած առարկաների` պատմության, անգլերենի եւ մաթեմատիկայի մասնագետները չկարողացան հանձնել քննությունը : Իսկ «անցնելու» համար պահանջվում էր ճիշտ պատասխանել թեստի հարցերի 80 տոկոսին: Թափուր տեղերը լրացնելու համար ավագ դպրոցում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ երկրորդ մրցույթը: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել էր 15 հոգի, որից մրցույթին մասնակցեց 11-ը:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով` գրավոր եւ բանավոր, գրավոր փուլն անցածներն իրավունք ստացան մասնակցելու բանավոր քննությանը: Պատմության գրավոր քննության 11 մասնակիցներից միայն մեկը հաղթահարեց քննական արգելքը՝ ճիշտ պատասխանելով առաջադրված 40 հարցերից 32-ին, այսինքն` հարցերի 80 տոկոսին: Նա հաջողությամբ հանձնեց նաեւ բանավոր քննությունը: Անգլերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար դիմել էին եւ քննությանը մասնակցեցին 4-ական թեկնածու: Անգլերենի գրավոր քննության 4 մասնակիցներից 2-ը հանձնեց գրավոր քննությունը, նրանք հաջողությամբ հանձնեցին նաեւ բանավոր քննությունը: Ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ ընտրվեց երկու հաջողակ մասնակիցներից գրավոր քննության ժամանակ ավելի շատ միավորներ ստացածը: Մաթեմատիկայի ուսուցչի 4 հավակնորդներից եւ ոչ մեկը, ինչպես եւ առաջին մրցույթի ժամանակ, չկարողացավ հանձնել գրավոր քննությունը: Օրենքի համաձայն, դպրոցի տնօրենը ուսուցիչ ընտրեց մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի մրցույթի մասնակիցներից մեկին, ով հետագայում կրթության եւ գիտության նախարարությունում ատեստացիա է անցնելու:
Հետաքրքիր է, որ ուսուցիչների թափուր տեղերի համար քննություն էին հանձնում ոչ միայն բուհը նոր ավարտածներ, այլեւ աշխատանքային փորձ ունեցող, Իջեւանի այլ կրթօջախներում աշխատող, ավագ դպրոցում դասավանդելու ցանկություն ունեցող մանկավարժներ: Մրցույթի մասնակիցների շուրջ քառորդ մասն ներկայումս աշխատող կամ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչ է: Ուշագրավ է, որ առաջին մրցույթի անհաջողակների թվում է հայոց լեզվի, իսկ երկրորդ մրցույթի մասնակիցների մեջ` անգլերենի ուսուցիչ, ովքեր Իջեւան քաղաքում հայտնի են որպես բուհ դիմողների մասնագետ-կրկնուսույցներ: Իսկ մրցույթի հարցերը վերցված էին… դպրոցական միասնական ավարտական քննության թեստերից:
Մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են մարզպետարանի ենթակայության ներքո: Մարզպետարանը, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է վերահսկեն, որ դպրոցներում կրթությունը իրականացվի ըստ սահմանված չափորոշիչների, համապատասխան որակով: Մարզի դպրոցների տնօրենների գերակշիռ մասը մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանի համար «յուրային է», քանզի նույն կուսակցության անդամ է:
Համապետական ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրենները մարզպետներին սատարում են «ձայներ բերելու» գործում, նրանք նաեւ ընտրական հանձնաժողովների անդամության «սեւ գործն են անում»: Գուցե դրանո՞վ է բացատրվում մարզպետի «լոյալ» վերաբերմունքը դպրոցներում կրթության ցածր որակի, կրթօջախների տնօրենների կատարած վարչական, ֆինանսական եւ այլ խախտումների հանդեպ:
Դրանց վերաբերյալ որոշ բացահայտումներ եղան Տավուշի մարզխորհրդի հոկտեմբերի 6-ի նիստում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ դպրոցների հաստիքացուցակներն ուռճացված են, բոլոր դպրոցներում կրճատումների կարիք կա: Մարզպետին նման տվյալներ է ներկայացրել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Մարզպետը, սակայն, առայժմ չի շտապում կրճատումներ անել, գուցե ֆինանսական նոր հնարավորություններ ստեղծվեն: Միաժամանակ Արմեն Ղուլարյանը դժգոհ է, որ դպրոցի տնօրենների նորանշանակ պաշտոնակատարները, դեռեւս տնօրեն չդարձած, նոր աշխատողներ են ընդունում:
«Մարդ կա, 2 օր է, ինչ պաշտոնակատար է աշխատում, սակայն 2 մարդ է աշխատանքի ընդունել: Գուցե նոր ընդունվածները տնօրենի բարեկամնե՞րն են...»,- առանց անուններ տալու հայտարարեց մարզպետը: Ամեն դեպքում, անցանկալի իրողությունները բացառելու համար Արմեն Ղուլարյանը դպրոցների ղեկավարներից պահանջեց նոր աշխատողներ ընդունելիս խորհրդակցել մարզպետարանի կրթության եւ ֆինանսական վարչությունների պետերի հետ:
Սեպտեմբերին մարզպետ Ա. Ղուլարյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների եւ որոշ հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել է,որ սոցիալական ծառայություններում եւ որոշ դպրոցներում կատարվել են ֆինանսական խախտումներ: Կրթօջախների տնօրենները կատարել են աշակերտների թվի հավելագրումներ: Այդ կերպ դպրոցները պետբյուջեից անօրինական ստացել են հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր դրամներ:
Մարզպետը խորհրդակցությունում զայրացել է ֆինանսական խախտումներ կատարած տնօրենների վրա: Սակայն մարզպետարանի ինտերնետային կայքը (www. tavush.gov.am) ոչինչ չի հայտնում այդ խորհրդակցության մասին, կարծես այն տեղի չի ունեցել:
Տավուշի մարզում, թեեւ ոչ Երեւանի չափ, տարածված է բուհեր ընդունվելու համար կրկնուսույցների մոտ պարապելու երեւույթը: Շաբաթական երեք օր, երկուական ժամ պարապելու համար կրկնուսույցները 11-12-րդ դասարանցիների ծնողներից 15-20 հազար դրամ են վերցնում: Ավագ դպրոցները կոչված են օգնելու մասնագիտական կողմնորոշմանը, ավելի խորացված ուսուցում իրականացնելու: Տավուշի մարզի 4 քաղաքներում` Իջեւանում, Դիլիջանում, Բերդում եւ Նոյեմբերյանում գործում են ավագ դպրոցներ: Սակայն իրողությունն այն է, որ մարզի քաղաքներում կրկնուսույցների մոտ պարապելն ավելի է տարածված, քան գյուղերում: Տավուշի դպրոցների ուսուցիչների մի մասը տարիներով չի վերապատրաստվել: Սակայն մասնագիտական վերապատրաստումն էլ հաճախ ցանկալի արդյունք չի տալիս:
Տավուշի մարզխորհրդի նիստերից մեկում մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը փաստեց, որ այդ վերապատրաստումները մեծամասամբ անօգուտ են, քանզի դրանց մասնակցելուց հետո ուսուցիչները չեն փոխում իրենց աշխատաոճը: Մարզի ուսուցիչների գերակշիռ մասը անծանոթ է իր պարապած առարկայի դասավանդման մեթոդաբանության նորույթներին, չի կարողանում լիարժեք օգտվել ինտերնետի ընձեռած հնարավորություններից : Իսկ նման դանդաղ քայլքով փոփոխությունների սրընթաց դարում հեռու չես գնա:
Լուս. Անուշ Քոչարյանի
Մեկնաբանել