HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնական «օղու սեզոնը» Դալարիկում բացվել է

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում տղամարդկանց «սեզոնը» բացվել է. գրեթե յուրաքանչյուր երկրորդ տանը օղի են թորում: Մեկն իմանալով, որ համագյուղացին օղի է թորում, տեղեկացնում է իր ընկերներին ու այդպես հավաքվում են օղի թորողի տանը: Մի անկյունում սեղան են փռում, վրան դասավորում թթուն, պանիրն ու լավաշը եւ նոր թորած օղիով իրար բարեմաղթանքներ շռայլում:

Ղարիբ Սմբատյանի տանը նույն արարողակարգն էր: Օղին թորում էր նրա որդին՝ Արմեն Սմբատյանը: Նրանք պատմեցին, որ մարդկանց սոցիալական վատ վիճակը իր ազդեցությունը թողել է նաեւ օղի թորելու գործընթացի վրա:

Եթե մի քանի տարի առաջ բակում փայտ վառելով էին եռացնում հումքը եւ օղի ստանում, այժմ ավտոտնակներում գազի միջոցով են այդ գործընթացն անում: Փայտը թանկ է, գյուղացին 4 ժամ փայտ վառելու հնարավորություն չունի, իսկ գազն անհամեմատ էժան է: Գյուղացիներն ասում էին, եթե գազը շարունակի թանկանալ, ստիպված են լինելու այլ վառելանյութ հայթայթել:

Արմենը ավտոտնակի մի անկյունում դրեց կաթսան, խաղողի խմորված հումքը՝ 4 դույլ լցրեց կաթսայի մեջ ու այն փակեց: Կաթսայից դուրս եկող խողովակները մտնում էին սառը ջրով լցված մեծ տարայի մեջ, որտեղից դուրս էր գալիս մի ծորակ:

«Կրակ վառելուց մոտ մեկ ժամ հետո գոլորշին խողովակներով գնում է ջրով լցված տարայի մեջ, այնտեղ սառում է, հեղուկ է դառնում ու օղու տեսքով դուրս է գալիս: Սկզբում լրիվ սպիրտ է դուրս գալիս, հետո աստիճանաբար թուլանում է: Գրադուզնիկով չափում ենք ու մեզ ինչ թնդության պետք է, այդքանն էլ վերցնում ենք: Լավ օղին 50-55 գրադուզ պետք է ունենա»,-պատմում է Արմենը եւ շտապում խմորով փակել կաթսայի կափարիչի կողքերն ու խողովակի միացման կետերը, որպեսզի գոլորշին դուրս չգա:

«Լավ փակի Արմեն, էդ գոլորշին օղի է, օղի»,-կողքից կատակում էին տղամարդիկ:

Արմենի խոսքերով՝ 4 դույլ խաղողի խմորված հումքից ստանում են 6-7 լիտր լավորակ օղի, իսկ հումքը ստանալու համար մոտ մեկ ամիս սպասում են, որ խմորման գործընթացն ավարտվի: Այնպես չէ, որ հենց միանգամից խմորված հումքն ուղարկում են թորման: Սկզբում դրանից մաճառ են խմում, հետո գինի ու մնացածից էլ վերջում օղի են ստանում:

Մինչ Արմենն իր գործով էր զբաղված, Ղարիբ Սմբատյանն ու համագյուղացի տղամարդիկ փորձում էին երկու օր առաջ թորած օղու համը:

«Մեր քաշած 1լիտր օղին արժի խանութներում վաճառվող10 լիտր օղի: Ոչ գլխացավ ենք ունենում, ոչ էլ վատանում ենք: Խանութում վաճառվող օղիները շաքարավազով են քաշում, դրա համար էլ գլխացավ են առաջացնում: Մեկ կիլոգրամ շաքարավազից մեկ լիտր օղի են ստանում: Շաքարավազի կիլոգրամն արժի 380-400 դրամ, իսկ խանութներում վաճառվող մեկ լիտր օղին 1000 դրամից ավելի է: Պարզ չի, որ շաքարավազով քաշած օղին ձեռք է տալիս իրենց»,-ասում է Ղարիբ Սմբատյանը:

Նա ասում էր, որ շաքարավազով պատրաստված ամեն ինչն է վատ եւ օրինակ բերում մեղրը: Ըստ Ղարիբ Սմբատյանի՝ աշխարհում ամենալավ մեղր փորձողը արջն է: Եթե արջը մեղրը կերավ ու ոռնաց, ուրեմն դա մաքուր մեղր է: Իսկ օղու որակը որոշում են հենց խմողները:

«Օղին էլ, եթե խմես ու գլխացավ չառաջացրեց, ուրեմն մաքուր օղի է, շաքար չկա: Հիմա Հայաստանի տղամարդկանց կեսը տեսողության խնդիր ունի, քոռացել են, դրա պատճառներից մեկն էլ պետական կոչված օղիներն են, որոնք շաքարավազից են ստանում: Ամենալավն ու օգտակարը թթի օղին է, հետո հոնն ու խաղողը»,-ասում է Ղարիբ Սմբատյանը:

Նա պատմում է, որ Դալարիկում յուրաքանչյուր ընտանիք իր համար մոտ 30-40 լիտր օղի է թորում եւ իրենց մոտ քիչ են դեպքերը, որ խանութից գնված օղի խմեն: «Ես իմ այգու խաղողից եմ  օղին պատրաստում, իմ ձեռքով մաքուր քաշում եմ, սրանից լավ օղի կարա՞ լինի»,-ասում է Ղարիբ Սմբատյանը եւ ճանապարհում առաջին հյուրերին եւ սպասում նորերին, որպեսզի նրանք էլ համտեսեն եւ տան իրենց գնահատականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter