HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկյա ներդրումների 57 տոկոսը ռուսներն են անում

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարության նախագահի հետ հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար, նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ կառավարությունների միջև երկխոսությունը և ձևավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց:

«Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք՝ անցյալ տարի մենք հասանք մինչև 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկրի համար դա լուրջ թիվ է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով՝ աճ կա: Սերժ Սարգսյանը խոսել է նաև հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, որոնք, նրա հավաստմամբ, ևս լավ են զարգանում: Ըստ նախագահի՝ ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին: «Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,- ասել է նախագահ Սարգսյանը:

ՌԴ կառավարության նախագահը, ողջունելով Սերժ Սարգսյանին և նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններին:

Վլադիմիր Պուտինը ևս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter