
Քարակերտցիները սպասում են նախագահի նախընտրական խոստման կատարմանը
2015-ի փետրվարին կլրանա այս խոստման 2-րդ տարին։ Հիշեցնենք, որ նրա այցելության ժամանակ գյուղի կենտրոնական փողոցը կարմիր խճով՝ «շլակով» էին ծածկել` փոսերը հարթեցնելու համար։
Գյուղապետ Մհեր Հարթենյանը գյուղացիների հես փաստում է, որ «մի քիչ նեղվում են» ճանապարհներից։ «Էս 2 օրն է մի քիչ մաքրել եմ էդ ճանապարհները,- նշում է գյուղապետը,- մոտ 20 սմ կարմիր շլակ էր լցված նախագահի գալուց․բերեցին լցրեցին, էդ ամբողջը մաքրել եմ, հիմա վաղը կամ մյուս օրն էլ խճաքար կբերեմ կլցնեմ էդ փոսերը, էլի ոչինչ, յոլա կգնանք»։
Այս ամենն արվելու է գյուղապետարանի հաշվին, ծախսը կազմում է մոտ 800 000 դրամ։ Համայնքի տարեկան բյուջեն 70 մլն դրամ է: «Ես ընդամենը իրավունք ունեմ 16 մլն դրամ ծախսեմ տարեկան,- ասում է Մ․Հարթենյանը,- մնացած մեր բյուջեի գումարները գնում են մանկապարտեզների ու գյուղապետարանի՝ աշխատավարձ, կենսաթոշակ․․․»։
Միջպետական ճանապարհի գյուղով անցնող հատվածի («Մ1- Թալին-Քարակերտ -Թուրքիայի սահման») երկարությունը 2,3 կմ է։ Դրա հիմնանորոգման համար պահանջվող գումարը 3,5 անգամ ավել է ողջ համայնքի տարեկան բյուջեից․«Տրանսպորտի և կապի նախարարությունից եկան ինժիներները, հաշվեցին, չափեցին․ մոտ՝ 249 մլն դրամ գումար է պետք»,-նշում է գյուղապետը։
Վերջինս պաշտոնական գրությամբ որևէ պետական գերատեսչության չի դիմել․ «հույսով սպասում է» նախագահի խոստման կատարմանը։ Մասնավոր զրույցների ժամանակ իրեն ասել են՝ «սպասե՛ք, գումարի հարց է»․ «Ես հավատում եմ իրենց,-ասում է Հարթենյանը,- որովհետև մեր գյուղի հետ կապված ինչ խոստացել, արել են»։
2014թ․ի նոյեմբերի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2015թ․ի բյուջեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացման համար նախատեսել է 4 մլրդ դրամ` 2014թ․ի 13 մլդ 238 մլն դրամի դիմաց։ Կներառվի՞ արդյոք «Մ1- Թալին-Քարակերտ -Թուրքիայի սահման» ճանապարհը որևէ ծրագրում, դեռևս հայտնի չէ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել