
«Չնայած ինձ կոչեցին Վրեժ, բայց ես էությամբ Վիտալի եմ՝ ներսումս կյանքը եռում է»
Մանե Գրիգորյան
Արծիվը ռուս կնոջը բերեց անծանոթ մի երկիր
Վրեժի` ազգությամբ ռուս մայրը միշտ երազում էր ամուսնանալ հայի հետ, մանկուց հեռուստատեսությամբ հայկական երաժշտություն էր լսում, տնեցիները բարկանում էին, թե ի՞նչ ես հա էս հայերին լսում, ի՞նչ է հետդ կատարվում: Երազում ռուս աղջիկը տեսնում է, թե ինչպես մեծ արծիվն իրեն վերցնում, բարձրացնում է երկինք ու բերում անծանոթ երկիր: Աղջիկը հարցնում է՝ ո՞րտեղ եմ ես, և ինչ-որ մեկն անծանոթ լեզվով պատասխանում է՝ քո տունն այստեղ է: Երազի տպավորությունը արթնանալուց հետո ուղեկցում է, նա որոշում է հարցնել իր հայ հարևանուհուն, միգուցե պարզվի՝ մարգարեական խոսքերը հենց հայերեն էին: Հարևանուհին հաստատում է դա:
Վրեժի հայրը խանութում տեսնում է ռուս կնոջը, ով աշխատում էր որպես վաճառողուհի, և երբ իմանում է անունը, պարզապես մոտենում է և ասում.
- Տատյանա, դուք կլինեք իմ կինը:
Խանութից դուրս գալուց հետո հայ տղամարդը ուղեկցում է կնոջը, անկեղծանում, ասում, որ գիշերելու տեղ չունի: Տատյանան նրան հյուրընկալում է իր տանը, ծնողներին ներկայացնում որպես հին ծանոթի. չէ՞ որ ոչ ոք առաջին պատահածին չէր հյուրընկալի: Մեկ օր, երկու օր, երեք օր, չանցած մեկ ամիս` նրանք ամուսնանում են:
Հայրը խորամանկում է` ասելով, որ Հայաստանում միայն ծնողներ ունի, և երբ արդեն ռուս կնոջ հետ անցնում է սահմանը, խոստովանում է. «Ես 10 եղբայր ու քույր ունեմ, ու բոլորս ապրում ենք միասին»: Այդ ժամանակ ավանդույթ կար Հայաստանում. երբ հարսը գալիս էր ամուսնու տուն, պետք է լվանար սկեսրոջ և սկեսրայրի ոտքերը: Վրեժի մայրն ամեն ինչ հանդուրժում է, Վրեժի խոսքերով` նա այնքան էր սիրում հորը, որ նույնիսկ նրա ստվերին էր խանդում:
Տատյանան երազել էր 5 երեխա ունենալ և նրանց անվանել Դյումայի «Երեք հրացանակիրներ» գրքի հերոսների անուններով: Վրեժն ասում է` քանի որ մայրը ուժեղ բնավորություն և հավատ ունի, նա հենց 5 երեխա էլ ունենում է:
«Փառք Աստծո, Դյումայի հերոսների անուններով չկոչվեցինք, այլապես անունս Դարտանյան կլիներ»,- կատակում է Վրեժը:
Չէր կարելի ասել, որ հայրը օրինակելի տղամարդ էր, նա սիրում էր ուրիշ կանանց նայել, ինչպես Վրեժն է ասում՝ դա գենետիկ է, երբ մարդու ներսում կրքերը շատ են, հեշտ է մոլորվելը, բայց երևի խորը չէր սիրում մորս, քանի որ երբ սիրում ես, զսպվածությամբ պետք է հաղթահարես կրքերը:
«Երբ մայրս ինձնով հղի էր՝ 8-րդ ամսում, հայրս խուլիգանութան համար բերդ ընկավ: Ընկերներով խոզ էին գողացել, մորթել ու խորոված արել, ինչ-որ մեկը դժգոհել էր` ոստիկանություն կանչել: Հորս ընկերները փախել էին, հայրս շատ էր հարբած փախչելու համար, նա մեղքը վերցնում է իր վրա, դատապարտվում երեք տարվա ազատազրկման, բայց քանի որ իրեն ըստ պատշաճի չի դրևորում բերդում, երեք տարին դառնում է 6: Վեց տարեկանում ես տեսնում եմ հորս»:
Վրեժի մայրը որոշում է երեխային անվանել Վրեժ, որ հայրը իրեն վատ զգա` օտար երկրում հինգ երեխաների հետ մենակ թողնելու համար:
«Սակայն ես քինախնդիր ու վրիժառու չեմ: Մկրտվելիս ստացել եմ Վիտալի անունը, որը նշանակում է կյանքով լի, և որն ավելի է համապատասխանում իմ էությանը: Չնայած ինձ կոչեցին Վրեժ, բայց ես էությամբ Վիտալի եմ՝ ներսումս կյանքը եռում է»,- ասում է Վրեժը:
«Ինձ բագատիր էին կոչում, քանի որ բավականին խոշոր երեխա էի. ծնվելիս քաշս 4 կգ-ից ավելի էր»:
Այդ չարաբաստիկ օրը բակում տարածվել էր խորովածի ախորժալի հոտը, Վրեժի ընտանիքն ապրում էր առաջին հարկում, մայրը փողոցներն ավլող էր աշխատում և, բնական է, խորոված անելու հնարավորություն չուներ: Որպեսզի երեխաները վատ չզգան իրենց` որոշում է նրանց ձոր տանել և այնտեղ փոքրիկ պիկնիկ կազմակերպել: Ճանապարհը անցնում էր ձորի մոտով: 8 ամսական Վրեժը մոր գրկում էր, մոր ոտքը սայթաքում է. երեխայի հետ մեծ բարձրությունից ընկնում են ցած: Մորը ոչինչ չի լինում, Վրեժի մոտ հայտնաբերվում է ողնուղեղի և գանգի վնասվածք: Բժիշկներն ասում են՝ նա այլևս երբեք չի քայլի: Կյանքը կտրուկ փոխվում է. սկսվում է բոլորովին այլ իրականություն:
Պատշգամբում՝ փոշու մեջ կորած Աստվածաշունչը, տվեց պատասխանը...
Հեռուստատեսությամբ Աստվածաշնչի վերաբերյալ մուլտֆիլմ էր ցուցադրվում. Հիսուսն ասում էր՝ եթե խնդրես իմ անունով՝ կտրվի քեզ, մի ուրիշ անգամ լսեց, որ մանկան հավատքով պետք է խնդրես: Ու չէր հասկանում՝ չէ՞ որ ինքը մանուկ էր ու անկեղծ, ինչու՞ իրեն չէր տրվում: Նեղանում էր Աստծուց, բայց միևնույն ժամանակ հավատում նրա գոյությանը: «Սկսեցի Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրել: Չգիտեի, որ մեր տանն Աստվածաշունչ կա, փնտրում էի: Չնայած պարզվեց՝ ունենք այդ գիրքը, պատշգամբում՝ փոշու մեջ կորած: Ինձ թվում էր՝ Աստվածաշնչում գաղտնիքներ կան, ու երբ կարդամ, կիմանամ՝ ինչպես Աստծուց ճիշտ ձևով օգնություն և բժշկություն խնդրեմ»,- ասում է Վրեժը:
Աստվածաշնչում Վրեժը գտավ իր հարցի պատասխանը, հասկացավ, թե ինչու էր այս ամենը իրեն տրված:
«Հիսուսն իր աշակերտների հետ զբոսնում է, հանդիպում է ի ծնե կույր մի մարդու, առաքյալներից մեկը հարցնում է.
-Ուսուցիչ, ինչո՞ւ է նա կույր ծնվել` ի՞ր, թե՞ իր ծնողների մեղքերի պատճառով:
Հիսուսը պատասխանում է.
-Ոչ իր, և ոչ իր ծնողների, իր այս վիճակի շնորհիվ նրա վրա պետք է երևան Աստծու գործերը:
Եվ ես սկսեցի մտածել, որ իմ այս վիճակով կարող եմ մարդկանց համար օգտակար լինել: Փոքր ժամանակ այդպես էի մտածում, հիմա վստահ եմ: Օրինակ` մեծ եղբայրս ամբողջ կյանքում խմել է, ծխախոտ ու թմրանյութեր օգտագործել, բոյով-բուսաթով, առողջ տղա էր, բայց չգնահատեց իր կյանքը, տանուլ տվեց. 39 տարեկանում մահացավ: Ես ինքս գայթակղություններ իմ ներսում շատ ունեմ, երևի դա գենով է, իմ այս վիճակում 8 տարի ծխել եմ. երևի եթե առողջ լինեի, ես էլ տանուլ տայի կյանքս: Իմ հիվանդության շնորհիվ ես կենտրոնացել եմ ուրիշ բաների վրա՝ արվեստի, գրականության: Նկարների պատվերներ եմ ընդունում, դրանով պահում ընտանիքս, ցուցադրությունների մասնակցում, գրում իմ մասին, փիլիսոփայական մտքեր կյանքի, Աստծու մասին»,- պատմում է նա:
Վրեժն ասում է, որ շատ մարդկանց իր պատմությունը ուժ է տալիս, երբ տեսնում են, որ չնայած դժվարություններին` ունի երազանքներ, նպատակներ, աշխատում և պահում է իր ընտանիքը՝ կնոջը և դստերը, հասկանում են, որ չպետք է փոքր դժվարություններից ընկրկել, ի վերջո` ամենքիս մեր բաժին կյանքն է տրված, որը պետք է հաղթահարենք կյանքի նկատմամբ սիրով: Ասում է՝ գոյություն ունի համեմատության ուժ. մարդը, ով դժբախտ է իրեն զգում, որ նոր կոշիկ չունի, երբ տեսնի առանց ոտքերի մարդու, ինքնըստինքյան համեմատելու է… և ամաչելու է իր մտքերի համար:
«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, ունեմ սիրելի կին, առողջ բալիկ, աշխատանք, որը ինձ բավարարվածություն է տալիս, էլ ի՞նչ կարող եմ ուզել»:
Չնայած հիվանդությունը խորանում է, և հնարավոր է` մի քանի տարի անց Վրեժը չկարողանա շարժել ձեռքը, որով նկարում է, բայց լիահույս է, հնարավոր է նաև նկարել՝ վրձինը բերանում պահած: «Նկարելը ձեռքերի, ոտքերի, մարմնի որևէ մասի հետ կապված չէ, դա ներսից բխող ցանկություն է և իր կատարումն անպայման կգտնի»,- ասում է Վրեժը:
Միայն մի դեպքում հետ կգամ, եթե առանց քեզ անհնար լինի
Երազում էր ընտանիք կազմելու, սիրելի կին ունենալու մասին: Մինչ ամուսնանալը բուռն սիրավեպ է ունեցել: Բաժանության եզրին գտնվող ամուսնացած ընկերուհին նորից միացավ ամուսնուն, թեպետ հավատացնում էր, որ նրան ատում է: Այդ շրջանը Վրեժը շատ ծանր տարավ. լսում էր Ձախ Հարութի «Սիրում եմ քեզ» երգը, կամ Բոյարսկու ստեղծագործությունները, որը հավատացնում էր` ամեն ինչ կանցնի՝ և տխրությունը, և ցավը: Անցավ մեկ տարի, ցավերը մեղմացան:
2011 թ.-ին պետք է Երուսաղեմում բժշկական զննում անցներ: Հովանավոր էր փնտրում, այդ նպատակով փոքրիկ վիդեո էր պատրաստել՝ խնդրանքով, որ եթե կան ցանկացողներ, թող օգնեն, վերջում նշել էր՝ ուզում եմ սիրել և սիրված լինել: Այնպես ստացվեց, որ Լենան, ով ապրում էր Ռուսաստանում, համակարգիչ էր գնել, և առաջին վիդեոն, որ նա տեսավ, հենց այդ վիդեոն էր: Տեսանյութը նրա վրա մեծ տպավորություն է թողնում, որոշում է աշխատավարձից գումար հատկացնել: Նոր տարուն զանգում, շնորհավորում է, ասում, որ աշխատավարձից գումար է փոխանցել:
«Ձայնը միանգամից շատ հարազատ թվաց, սկսեցինք ինտերնետով շփվել: Մի քանի ամսից նամակները արդեն ուրիշ ուղղվածության էին տանում: Սկսվեց վիրտուալ սիրավեպ»,- պատմում է Վրեժը: Լենան աշխատում էր, սպասում էր, որ արձակուրդ վերցնի և գա Հայաստան: Վրեժը տանն ասել էր՝ կինս է գալու Ռուսաստանից: Նույնիսկ հատուկ ամուսնական մահճակալ էր գնել: Լենան չհամբերեց, աշխատանքը թողեց, տոմս գնեց և եկավ Հայաստան: Մտավախություններ, բնականաբար, ուներ, ասում էր՝ բա որ իրականում չզգամ այն, ինչ վիրտուալ եմ զգում: Վրեժը պատասխանել էր, որ խնդիր չի տեսնում, կմնան ընկերներ:
«Ես քեզ խաղաղությամբ բաց կթողնեմ»,- ասել էր նա: Լենան ասում էր՝ Վրեժ, էնքան ամուր եմ քեզ գրկելու, երբ տեսնեմ, որ ոսկորներդ կկոտրվեն: Բայց երբ իրականում տեսավ, շոկի մեջ էր, լալիս էր, ասում, որ իզուր է եկել... «Վիրտուալ ավելի խոշոր էիր թվում, իսկ դու այնքան փոքր ես, նույնիսկ ծնկներիդ չեմ կարող նստել»: Վրեժը խնդրեց, որ Լենան մնա, որպես ընկերներ միասին կլինեն, կտեսնի Հայաստանը, Սևանա լիճը, և ինչպես ծաղիկներով ու խաղաղությամբ դիմավորել է, այդպես էլ կճանապարհի:
«Իհարկե, խորամանկեցի: Մի քանի օր հետո արդեն նույն անկողնում էինք քնում՝ որպես ամուսիններ: Բայց կիսել անկողինը դեռ չի նշանակում լինել ամուսիններ: Լենան ոչ մի խոստում չէր տվել: Մայրս որոշ ժամանակ անց գնաց Ուկրաինա, ես ու Լենան մնացինք տանը մենակ: Նա հանդիպեց իսկական դժվարությունների. առավոտյան ինձ լողացնել, հագցնել, երեկոյան շորերս հանել... Այս ամենը դժվար էր նրա համար, հասկացավ, որ չի կարող: Մի ամիս հետո ասաց, որ չի կարող կինս դառնալ, այլ կյանքի համար է, ինձ հետ հաճելի էր, բայց պետք է գնա... Քանի որ խոսք էի տվել խաղաղությամբ բաց թողնել, այդպես էլ արեցի, չնայած ներսումս փոթորիկ էր»:
Լենան ասել էր՝միայն մի դեպքում հետ կգամ, եթե առանց քեզ անհնար լինի: Մի քանի օր հետո Լենան նամակ է ուղարկում, որ առանց Վրեժի այլևս չի կարող:
«Տանը խնդիրներ ուներ, խոստացավ, որ երկու ամիս հետո կգա և այլևս չի գնա...Այդպես էլ եղավ: Մեր ամուսնությունից ուղիղ մեկ տարի անց ծնվեց մեր դուստրը»,- ասում է Վրեժը:
Մեկնաբանել