
Մայրության նպաստի սահմանափակման չհիմնավորվածությունը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դեռ քննարկման փուլում բուռն քննադատության թիրախում էր:
Այսպիսով, համաձայն այդ օրենքի, վերջին մեկ տարում ամսական 250 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող մայրերը, 140-օրանոց հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակ նպաստը ստանալու են ոչ թե իրենց աշխատավարձի չափով, այլ ամսական 250 հազար դրամի չափով:
Այսինքն` եթե մայրը, ասենք, երկու տեղ է աշխատում և ստանում է 350 հազար դրամ, ապա երեխա ունենալուց հետո ժամանակավոր անաշխատունակության ընթացքում ստանալու է միայն ամսական 250 հազար դրամ: Եվ դա այն պայմաններում, որ հենց այդ ժամանակ են երիտասարդ ընտանիքներն առավելագույն ծախս ունենում:
Հիմնավորումը
Որպես հիմնավորում իշխանություններն ասում են, որ սա նաև միջոց է` պայքարելու անբարեխիղճ մայրերի և գործատուների դեմ, ովքեր հղիության արձակուրդից առաջ արհեստական բարձր աշխատավարձ են ձևակերպում, որպեսզի հետո բարձր նպաստ ստանան:
Անշուշտ, անբարեխիղճների դեմ պայքարը ողջունելի նախաձեռնություն է, և կարելի է քննարկել այդ պայքարի «գինը»: Սակայն, այս դեպքում ամեն ինչ այքան էլ «ազնիվ չէ»:
Ինչպես նշեցինք, հղիության արձակուրդի ժամանակ սոցիալական վճարի չափը սահմանելիս հաշվի է առնվում նախորդ 12 ամսվա միջին աշխատավարձը: Այսինքն, եթե գործատուն ապագա մայր-աշխատողի հետ գալիս է «հանցավոր» պայմանավորվածության արհեստական բարձր աշխատավարձ ձևակերպելու շուրջ, ապա դա պետք է անեն 12 ամսվա կտրվածքով:
Հարկերը
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործում է եկամտային հարկ: Այն կազմում է մաքուր աշխատավարձի մոտ 1/3-ը (չհարկված աշխատավարձի` 1/4-ը): Այսինքն` եթե գործատուն ու ապագա մայրը որոշում են մաքուր աշխատավարձը X չափով մեծացնել, ապա այդ 12 ամսում գործատուն կվճարի 4X չափով ավել եկամտահարկ:
Այս դեպքում ժամանակավոր անաշխատունակ մայրը իր հղիության արձակուրդի 4,5 ամիսների ընթացքում կստանա ամսական X-ով ավել գումար: Այսինքն` «հանցավոր» պայմանավորվածության արդյունքում մայրը կստանա 4,5 X ավել գումար:
Այսինքն` անբարեխղիճ գործարքի արդյունքում պետությանը վճարած լրացուցիչ հարկերի և պետությունից ստացված ավել գումարի տարբերությունը կազմում է ընդամենը աշխատավարձի արհեստական մեծացման կեսի չափ:
Այսպիսով, ըստ Կառավարության` կան համատարած անբարեղիճ գործատուներ և ապագա մայրեր, ովքեր դեռևս հղիանալուց 5 ամիս առաջ կարողանում են կանխատեսել ծննդաբերության օրը և դա անել այնպիսի ճշգրտությամբ, որ աշխատավարձը հղիության արձակուրդից ուղիղ 1 տարի առաջ արհեստական բարձրացնեն և այդ բարդ ու «ռիսկերով լի» սխեմայով պետությանը մի քանի տասնյակ հազարավոր դրամով «գցեն»: «Գցելն» էլ ծնված երեխայի համար պետությունից վերջին մեկ տարում վճարած հարկերից մի-քիչ ավել գումար ստանալն է:
Դե ինչ, կառավարության տրամաբանությունն անքննելի է: Հավանաբար, վերջինս համարում է, որ ամսական 250 հազար դրամը լիովին բավարար է «երջանիկ» ապրելու համար:
Իսկ սեփական քրտինքով փող վաստակող միջին խավի մայրերի նպաստը սահմանափակող օրենքի նախագծի 2-րդ ընթերցումը կազմակերպվել է 24-ժամյա ռեժիմով: Այսինքն` խորհրդարանական մեծամասնությունն արդեն վաղը վերջնական հավանության կարժանացնի այն:
Մեկնաբանել