HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպի էրգիր…

Աննա Ավետիսյան

Շարժվեցինք, երբ դեռ Երևանը քնից չէր արթնացել… Էրգրի ճանապարհը բռնողներիս կոպերին քուն չէր ծանրացել: Փոխարենը ծանրացել էին մտքերը, հիշողությունները, Արևմտյան Հայաստանի, ցեղասպանության մասին երբևէ լսած պատմությունները ու… ԿԱՐՈՏԸ, որ գենետիկ հիշողությամբ փոխանցվել ու բնավորվել է մեր հոգիներում:

Երկար ճանապարհից, որքան էլ զարմանալի է, առանձնապես չէինք էլ հոգնել, իսկ երբ նշմարվեցին Անիի միջնադարյան պարիսպները, խառնիխուռն մտքերն էլ ցրվեցին:

Հազար ու մի եկեղեցիների քաղաքը և 10-11-րդ դարերի հայոց հզոր մայրաքաղաքը այսօր էլ այցելուներին դիմավորում է իր զորեղ պարիսպներով: Խոսքեր պետք չեն` պատկերացնելու համար երբեմնի մայրաքաղաքի ճարտարապետական, մշակութային հզոր ներուժն ու զարգացվածությունը: Միջնադարյան կիսավեր պարիսպները, կիսաքանդ եկեղեցիներն ու այլ կառույցները դրա լուռ վկայությունն են:

Ուխտավորներիցս յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս շատ պաշար տանել Անիից` տեղեկությունների, տպավորությունների և, իհարկե, լուսանկարների տեսքով: Արցախցի Հայկի աչքից ոչինչ չի վրիպում. լուսանկարում է ամեն բան: Ով գիտի` երբևէ նորից բախտ կունենա՞ շրջել այս տարածքներում: Եթե հաջողվի էլ, ո՞վ գիտի` կիսավեր եկեղեցիներից քանիսը պահպանված կլինեն և ինչ տեսքով:Տպավորիչ է յուրաքանչյուր քար, որի հետ ակամա հաղորդակցվում ես, ներսումդ պաշարում պատմություններ, որ հետո անկարող պիտի լինես վերարտադրել. դրանք ուղղակի պիտի ապրեն քո ներսում, խմորվեն, վերահաստատեն ինքնությունդ:

1035թ. կառուցված Սուրբ Ամենափրկրիչ եկեղեցու ուղիղ կեսն է պահպանվել: Երկաթե կոնստրուկցիաները հուշում են` թուրքական իշխանությունները կոթողը վերականգնելու փորձեր են անում:


Սկզբում զարմանում ենք, հետո հասկանում` հայկական բազմադարյա կոթողները զբոսաշրջիկների հսկայական հոսքեր են ապահովում աշխարհի տարբեր անկյուններից. ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից: Միայն թե այդ վերականգնումներից հետո հաճախ շատ բան խաթարվում է: Իհարկե` ոչ պատահականորեն:

Շաժվում ենք առաջ: Ձորի պռնկին Հոնենց կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Առաջին բանը, որ աչքի է զարնվում, եկեղեցու կիսատված գմբեթն է:

Հետո պարզվում է, որ վթարված գմբեթն այդ տեսքն է ստացել «վերականգնումից» հետո: Եկեղեցուց դուրս ենք գալիս` պատերը զարդարող շքեղ որմնանկարներով հիացած:

Ներքևում Ախուրյան գետն է, որ իր կամքից անկախ` սահման է գծել այսօրվա Հայաստանի և մեր պատմական հայրենիքի միջև, ու ինքն իր այդ դերից նեղված, շառաչը ողբի վերածած, հոսում է, իրեն քարեքար տալիս, փրփրում ու նորից հանդարտվում ճարահատյալ:

«Հայրս` ժողովրդական  նկարիչ  Հրաչյա Ռուխկյանը` « Սայաթ-Նովայի» հեղինակը, գալիս էր,  սահմանի բերանից նկարում Անիի ավերակները, ու հիմա այդ ավերակները պատկերող մեծ կտավը պատմության թանգարանում է: Հայրս կարոտն այդպես էր արտահայտում»,- հայացքը սահմանից անդին ուղղելով`պատմում է 67-ամյա  Արմեն Ռուխկյանը, ում պապն ու տատը Կարսից են գաղթել:

Պապին չի տեսել, իսկ տատը երբեք ոչինչ չի պատմել: «Լռում էր»,- ասում է, ու այդ լռության մեջ այնքան ցավ, այնքան կարոտ էին տեսնում ընտանիքի անդամները:

Իր լռությամբ ասես տատը պատգամել էր անպայման լինել Էրգրում, ու Արմեն Ռուխկյանն այստեղ է վանեցի ընկերների հետ:

Սուրբ Կաթողիկեի կամ Անիի Մայր Տաճարի բակում ենք: Տրդատ ճարտարապետի ձեռամբ կարմիր, սև և դեղին տուֆից կառուցված տաճարը հիացնում է իր ճարտարապետութամբ, կամարներով, որմնախորշերով:

Անիում մի ամբողջ օր էլ անցկացնենք, տեսնելու բան կա, սակայն մայրամուտն արդեն մոտ է, մռայլված, թաց սարսուռով պարուրված մայրամուտը: Էքսկուրսավար Վարդանը շտապեցնում է: Հետդարձի ճանապարհին էլ ծանոթանում ենք մի քանի կիսավեր կոթողների ու հրաժեշտ տալիս Անիին` իմ երազների վարդագույն քաղաքին, որ հետայսու բոլորովին այլ իմաստ ու նշանակություն պիտի խտացնի իր մեջ,  արտասուքի ծանր կաթիլներ պիտի քաղի սիսիանցի Անուշիկի քաղցրանուշ ձայնի հետ, երբ նա հերթական անգամ երգի` «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…», ու պիտի արթնանա ոչ թե մեռնելու, այլ կրկին ու կրկին Անին տեսնելու, Անին վերադարձնելու անհագ ցանկություն:

Առաջին տպավորությունը չփչացնելու համար սկզբում չպատմեցի, որ Անի տանող ճանապարհի աջ կողմում` զբոսաշրջիկներին տեսանելի վայրում, մի հուշարձան է կանգնեցված` հայերի կողմից իբր սպանդի ենթարկված թուրքերի հիշատակին: Այսպես են պատմությունը ներկայացնում թուրքերը:

Երբ Կարս հասանք, արդեն մութ էր:  Ռեստորանը, որտեղ ճաշեցինք, քարաշեն շինություն էր: Ասում են` մեծահարուստ հայի առանձնատուն է եղել:

Շարժվում ենք դեպի Բայազետ, որտեղ էլ պիտի գիշերենք:

Քրիստոնյաներիս լուսաբացը խաթարվում է նամազի անսովոր հնչյուններից: Արթնանում ենք` հույսով, որ գոնե Բիբլիական լեռը հակառակ կողմից տեսնելու հնարավորություն կունենանք: Սակայն լուսաբացը մշուշոտ է:

Ճանապարհը բավական երկար ձգվում է Թոնդրակ լեռան հրաբխային խառնարանների միջով: Կանգ ենք առնում` վայելելու մեր պատմական հայրենիքի բնական հրաշքներից մեկը` Բերկրիի ջրվեժը:  Ջրվեժի հրաշք-պատկերը ստեղծում է Թոնդրակ լեռից սկիզբ առնող և Վանա լիճը թափվող Բերկրի գետը` գահավիժելով 15 մետր բարձրությունից:

Շուտով ջրային մեկ այլ հրաշք` ծիծաղախիտ Վանա լիճն է ի ցույց դնում իր կապույտ-կապույտ գեղեցկությունը ու ճանապարհի մի զգալի հատված լցնում կապույտ երազով:

Վանում ենք: Առաջին կանգառը Մհերի դռան մոտ է: Ըստ ավանդության` գոցված դուռը կբացվի, երբ արդարությունը հաղթի: Ակամա հավատում ենք, որ ժայռեղեն դուռը մի օր անպայման բացվելու է` ազատություն տալով Փոքր Մհերին:  Արդարության հետ կապված որքա՜ն սպասելիքներ կան:

Մի փոքրիկ` 7-8 տարեկան  տղա` հավանաբար մոտակայքում ապրող, ուշադիր հետևում է մեր յուրաքանչյուր շարժին: Գուցե ամեն ինչի մեջ հայկական հետք գտնելու ցանկությունն է, որ տղայի աչքերում ինչ-որ հարազատ բան ենք տեսնում: Սակայն պարզվում է՝ վարորդն էլ, որ ամեն անգամ այստեղ այցելելիս հանդիպում է տղայի զննող հայացքին, նույն զգացողությունն է ունենում: Գուցե արյան կանչով է գալիս ու լուռ հետևում հարյուրավոր կիլոմետրեր կտրած կարոտյալ հայերիս:

Շրջում ենք երբեմնի ուրարտական մայրաքաղաք Վանում: Հայտնի Այգեստան թաղամաս, որից հայկական ոչինչ չի մնացել: Տիկին Լորետան, որ եղբոր աղջկա՝ Նազիկի հետ է մասնակցում շրջագայությանը, մեքենայի ընթացքին զուգահեռ փորձում է ոչինչ ուշադրությունից դուրս չթողնել: Վանի մասին շատ է լսել: Լսածի ու տեսածի միատեղումը, կարոտի, ցավի զգացողությունները ու երազախառն մտորումները մի ծանր հոգոց են դուրս նետում: 

«Արմատներս Վանից են,- ասում է․- տատիկս, պապիկս, նաև հայրս ծնվել են Վանում, պապիկիս ամբողջ գերդաստանը` եղբայրները (4 եղբայր են եղել), ապրել են Խաչի փողոցում։ 4 հարկանի տուն է եղել ամեն եղբայրը մի հարկում է ապրել, ջզմա կարողներ են եղել (ջզմա նշանակում է երկարաճիտ կոշիկ)․․․ Իսկ երբ եկել են Երևան, առաջին կաշվի գործարանը պապս, պապիկիս եղբայրներն են հիմնել` դաբախանան․․․ Բոլորը գաղթել են  Երևան՝ առանց կորստի, որովհետև ռուսական զորքը եկել, իրենց տեղահանել է՝ մի պայմանով, որ նորից պիտի տեղափոխվեն իրենց երկիրը․․․»։

Տիկին Լորետան հիշում է՝ տատիկը պատմություններ շատ էր պատմում։ Հիմա ինքն իրեն մեղադրում է, որ դրանք գրի չի առել: Տեղահանության դաժան տեսարաններից մեկը միշտ մտապատկերում է։

«Տատս պատմում էր, թե ինչպես էին անցնում ամբողջովին դիակներով լցված գետը, ասում էր` այնքան շատ էին դիակները, որ գետը հունը փոխել էր։ Գուրգեն Մահարին էլ «Այրվող այգեստաններում» նկարագրել է էդ տեսարանը,- ասում է, հիշում իրենց բակի գաղթական վանեցիներին, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին Վան այցելելու փափագով։ - Ամեն առավոտ որ զարթնում էին, ասում էին` «Չմեռնենք, էրթանք մեր Վանը», ես հիմա նաև նրանց երազանքն եմ իրականացնում»։ Լռում է, կարոտով լեցուն ու փնտրող հայացքով շարունակում զննել այսօրվա Վանը, բայց աչքերում ասես այրվող այգեստաններն են արտացոլվում:

Հայի ու հայկականության հետ ոչ մի կապ չունեցող գույնզգույն շենքերի աչք ծակող տեսարանը խամրում է, երբ տեսադաշտում հայտնվում է քաղաքը վերևից հսկող ամրոցը` հսկա աշտարակներ ու հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդը, որ կառուցվել է Ք․ա․ 9-րդ դարում՝ Սարդուրի 1-ինի օրոք:

Տրամադրություններն այստեղ խիստ փոփոխական են: Հիացմունք, հպարտություն, զարմանք, հիասթափություն, ցավ ու զայրույթ կա'մ շատ արագ փոխարինում են իրար, կա'մ դրսևորվում միաժամանակ: Հեռվից անգամ նկատելի է՝ Վանի միջնաբերդի պարիսպներից ներս թուրքն իր մզկիթն է կառուցել ու հերթական «վերանորոգմամբ» ջանում է «խմբագրել» ու «սրբագրել» պատմությունը, իր անցյալին վերագրել հզոր այդ կառույցը, սակայն անզեն աչքի համար էլ այդ «նորամուծությունները» անշնորհք կարկատանների են նմանվում․․․

Մենք հաղթահարեցինք բարձունքը, բայց շատերս պարիսպներից ներս չմտանք: Մզկիթային կամարակապ մուտքն ասես պղծել էր այն, ինչ մեզ համար սրբություն է: Այնուամենայնիվ, հիմա, երբ գրի եմ առնում հիշողություններս, ցավում եմ, որ ներս չմտա: Ինքս ինձ խոստանում եմ` հաջորդ անգամ` անպայման:

Տղաներից մի քանիսը, այնուամենայնիվ, հնարավորությունը բաց չթողեցին: Միքայել Վանեցյանը, որ դպրոցական որդիների՝ Սամվելի ու Դավիթի հետ էր որոշել այցելել իր պապերի ծննդավայր, ջանում է հնարավոր բոլոր մանրամասների միջոցով ծանոթացնել նրանց իրենց ակունքներին:

«Իրենք էլ են վանեցի, պետք ա գան, տեսնեն, որովհետև վաղ թե ուշ  վերադառնալու ենք,- ասում է Միքայելը։ - Հորական կողմս Վանից ա, մորական կողմս՝ Ղարսից․․․ Մորական պապս կոտորածներից փախչելու իրենց պատմությունը գրի է առել․ ձեռագրերը մինչև հիմա կան, չեն հրատարակվել։ Փոքր եղբոր հետ փախել ա, ճանապարհին եղբորը կորցրել, հետո գտել…»։

 Պատմությունը գիտի, բայց մանրամասնել չի ուզում. այդ ամենն այլևս անցյալ է: Հիմա ուրիշ զգացողություն է իրեն տանջում. սեփական հողի վրա հյուր լինելու կարգավիճակը Միքայելի համար անընդունելի է։  Համոզված է` նախ մենք պետք է հզոր լինենք, մեր երկիրը հզորացնենք, որ նաև մեր պահանջը լսելի լինի և ոչ լացը: Յուրաքանչյուր բառը արտասանում է համոզումով` շատ ավելի մեծ իմաստ ու ասելիք հաղորդելով նրան: Զայրույթի թրթիռները տեսանելի են դառնում դեմքին. «Պետք ա դադարել լացելուց, պետք ա գործողությունների անցնել, էդքան բան, թե չէ մենք հա լացում, լացում, ոչ մի բան չենք անում, սաղ աշխարհը մեզ խղճում, խղճում․․․ Որ լացեցինք, ի՞նչ»։

Ակնհայտ է` իր որդիներին էլ նույն հոգեբանությամբ է դաստիարակում՝ համոզումով, որ մեզ ոչ թե լացող, այլ պայքարող սերունդ է պետք:

Հաջորդ հանդիպումը սպիտակամազ ու տարագույն աչքերով Վանա կատուների հետ էր, հետո հուշանվեր ու զարդեր վաճառողների, ովքեր կոտրտված հայերենով «Վանա քաթու» կամ «Ուրարթու» կրկնելով՝ փորձում էին մեզ համար խորհրդանշական հուշանվերներ վաճառել:

Վանա լճի փիրուզյա տեսարանը ցրում է ծանր զգացողությունները: Հեռվում նշմարվում է Աղթամար կղզին... Ամենամեծ ոգևորությունը ողջ ուղևորության ընթացքում․ նավով, Վանա լճի ծփանքն ու զուլալությունը վայելելով, պիտի հասնեինք կղզի, աղոթեինք Սուրբ Խաչ եկեղեցում:

Նավը շարժվում է թուրքական կլկլոցի ուղեկցությամբ: Պայծառ եղանակը, արևի ջերմությունը, Վանա լճի աննկարագրելի գեղեցկությունն ու աստիճանաբար մոտեցող Աղթամար կղզին ու Սուրբ Խաչը ասես գոցում են լսողության զգայարանդ ու ակամա ընկալում ես այն, ինչ ուզում ես ընկալել:

Նույնիսկ չնկատելու ես փորձում տալ կղզու ամենաբարձր կետում ծածանվող թուրքական դրոշը: Նավի ուղևորներից շատերը քուրդ երիտասարդներ են՝ հիմնականում սիրահար զույգեր, նաև թուրքեր, ովքեր ոչ պակաս ոգևորությամբ գործի են դրել նկարահանող սարքերը: Իսկ թե ինչ են զգում ու մտածում Աղթամարի ու Սուրբ Խաչի ֆոնին նկարվելիս, դժվար է ասել:

Աստիճանաբար փիրուզյա զուլալ ջրերում արտապատկերվում է Աղթամարն՝ իր ողջ գեղեցկությամբ: Հաճելի գլխապտույտ ես ապրում, երբ ոտքդ հպվում է կղզուն: Աստիճաններով բարձրանալիս աղմուկ հիշեցնող երգի հնչյուններ են հասնում մեզ: Սուրբ Խաչի բակում երիտասարդներ են` հավանաբար թուրք և քուրդ՝  իրենց չզսպված պահվածքով:

Միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Խաչը աչք է շոյում իր վեհությամբ, հրաշագեղ որմնաքանդակներով, ներսից՝ որմնանկարներով:

Թեպետ զգուշացրին, որ որմնանկարները լուսանկարել չի կարելի, սակայն գաղթակղությանը դիմանալ չկարողացանք: Հետո աղոթք, որ այնքան զորեղ թվաց, այնքան հասանելի Աստծուն:

Կղզում զբոսնելու, հուշանվերներ գնելու ժամանակ ունեինք: Մանրավաճառը հայերեն էր հաղորդակցվում․ երևի կղզում ավելի շատ հայերի հետ շփվելու առիթ է ունենում: Հուշանվերների գնորդներն էլ հավանաբար հիմնականում հայեր են լինում: Այլապես զարմանալի կլիներ Աղթամար կղզու, Սուրբ Խաչ եկեղեցու պատկերներով հուշանվերներից զատ հայ թագավորներին ներկայացնող պաստառների վաճառքը:

Ամենամեծ վայելքը... երբ թրջվում ես Վանա լճի ջերերում․․․ Լողալու սեզոնն անցել է, բայց ջուրը սառը չէ: Տղաները զգում են նաև այդ հաճույքը:

«Ոնց որ իմ հարազատ տան մեջ լինեմ,- զգացողությունները զսպել չի կարողանում տիկին Լորետան,- Այստեղ՝ ծովափին նստած` անընդհատ մտածում եմ՝ իմ հարազատները էստեղ՝ էս լավ երկրում են ապրել․․․ Իզուր չէ, որ այդքան գովում էին իրենց էրգիրը, իրենց միրգը, Արտանետի խնձորը, համ ու հոտը ամեն ինչի, չգիտեմ էլ ինչ ասեմ․․․»։

Կղզուց հեռանալ չենք ուզում, բայց ժամանակն է: Հետդարձին եկեղեցու բակում զբոսաշրջիկներ էին․ էքսկուրսավարը անգլերենով «Ախթամար» լեգենդն էր ներկայացնում: Լարում եմ լսողությունս, բայց նավն արդեն շարժվում է, հապաղել չեմ կարող:

Նավի վրա փորձում ենք երգել՝ «Ծիծաղախիտ Վանա ծովի․․․», հայկական հնչյուններով լցնել շրջապատը, բայց մեջներս մի կարգին երգող չկա:

Ճաշելու ենք մոտակա ռեստորանում, որտեղ էլ պետք է Վանա տառեխ ճաշակենք: Բարեհամբույր ընդունելություն է: Ռեստորանի սեփականատերը՝ թխամաշկ, կարճահասակ կլորիկ մի մարդ, անձամբ է որոշ հարցեր կարգավորում: Ռեստորանը ճոխությամբ աչքի չի ընկնում: Մինչ կտեղավովենք ու կփորձենք հասկանալ` հայկական չե՞ն արդյոք աթոռների ծածկոցների զարդանախշերը, կոմիտասյան մաքրամաքուր երաժշտություն է տարածվում սրահում: Զարմացած իրար ենք նայում: Ավելի ուշ պարզում ենք՝ ռեստորանի սեփականատիրոջ տատը հայ է եղել:

Հայկ Բերբերյանն ու իր տիկինը, որ Ռուսաստանից Հայաստան էին եկել հատուկ Արևմտյան Հայաստան այցելելու համար, չեն մոռանում կարևոր մի հանձնարարություն՝ անպայման Վանա տառեխ տանել Հայաստան: «Էստեղ եմ մորս խնդրանքով։ Ինքն արդեն 91 տարեկան  է, և բնականաբար գալ չէր կարող, բայց փափագում էր գոնե զգալ Վանա տառեխի համը,- ասում է 66-ամյա Հայկ Բերբերյանը, լռում, հետո հոգոց հանում.- Էէէէ, ինչ արած, փոքր ժողովուրդները հաճախ են մեծ քաղաքականությունների զոհ դառնում: Պապս պատմում էր, թե ինչպես են 20 հոգով պաշտպանվել, մինչև ռուսական զորքը հասել է»:

Վանեցի, Պոլսեցի, Իգդիրցի նախնիների կանչով դեռ իր որդիներն ու թոռներն էլ պիտի ոտք դնեն Էրգրի հողին:

Կրկին գիշերում ենք Բայազետում, կրկին արթնանում նամազի ձայնից: Եղանակն էլի մեր կողմից չէ․ Արարատը տեսնել չենք կարողանում:

Շարժվում ենք Բագրատունիների թագավորանիստ Կարս:

Տխուր զգացողություններ՝ Չարենցի՝ ավերակների վերածված տան մոտ:

Անցնում ենք Վարդանի կամրջով, որի ուղիղ գլխին է Կարսի անառիկ բերդը:


Հայերի մասին ոչ մի հիշատակում, փոխարենը նույն Կարսի ամրոցը թուրքական դրոշն է ծածանում ու այցելուներին ողջունում: Արցախցի Հայկը, որ ֆոտոխցիկը ձեռքից բաց չի թողնում, էլ չի դիմանում․ «Ոչ մի նկարում թուրքական դրոշ չի մնա: Էստեղ հայկական դրոշ պիտի ծածանվի»: Առայժմ` համակարգչային լուծումներով․․․

Ամրոցի բարձունքից քաղաքի ողջ համայնապատկերում իր ճարտարապետությամբ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին (10-րդ դար) առանձնանում է, եկեղեցի, որ մզկիթի է վերածվել… Ասում են՝ դա չարյաց փոքրագույնն է. դրանով եկեղեցին փրկվել է պայթեցումից…

Հեռանում ենք Կարսից կրկնապատկված կարոտով ու ցավով:

«Հիմա ինձ մոտ ափսոսանքի զգացողություն է ու շատ մեծ զայրույթ՝ ինչո՞ւ չկարողացան պահել էդ հողերը, ինչո՞ւ չարեցին,- իր զգացողություններն ու մտքերն է արտահայտում Նազիկը։- Առջևում Ցեղասպանության 100-ամյակն է: Մենք պետք է հասնենք նրան, որ իրենք ճանաչեն, ճանաչեն ու հասկանան, որ մեզ հետ պիտի հաշվի նստեն: Հայերիս մեջ ավելի շատ պայքարի ոգին պիտի լինի, ոչ թե էսպես հպատակվելու: Պիտի  պայքարենք մեր հողերի համար: Մեզ մի բուռ հայրենիք է մնացել, պետք է նաև էդ մի բուռ հայրենիքը հզորացնենք»։

ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բաբկեն Միհրանյանն ուԱրուսյակ Վարդանյանը դեռ վերադարձի ճանապարհին են, բայց արդեն պլանավորում են՝ հաջորդ տարի անպայման նորից պիտի այցելեն Արևմտյան Հայաստան՝ ավելի երկար ժամանակով։

Եռօրյա այցից հետո հոգու հանգստություն ու նաև ցավ են ապրում: «Երազել ենք, որ անպայման գանք մեր պապերի հողերը տեսնենք, խոնարհվենք մեր պապերի, մեր նահատակների առջև: Խոնարհվեցինք, հուզվեցինք: Իմ հուզմունքը հատկապես Վանա ծովում էր: Թողնել գիշատիչներին էդպիսի հիանալի մի վայր, անհնար բան է թվում,- ասում է Բաբկեն Միհրանյանը։ - Իմ նախնիները Կարինի (Էրզրում) Կան գյուղից են, բայց  ցավոք  չկարողացանք այցելել ծրագրում չկար, բայց հուսով եմ` մյուս տարի կհաջողվի գնալ»:


Մինչև հաջորդ տարի Ամերիկայում` իրենց հայ շրջապատում, ամուսինները պատմելու բան շատ կունենան: Բազմաթիվ լուսանկարներն ու տեսագրությունները կօգնեն ամբողջացնել այդ պատմությունները: Բացի այդ  նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անելիք կա. «Ես չգիտեմ`  Հայաստանի  կառավարութունը ինչ կանի, բայց մենք էնտեղ ամեն ինչ անում ենք, որ գոնե Միացյալ Նահանգները ընդունի Ցեղասպանությունը, մենք ամեն  տարի 100 հազարով դուրս ենք գալիս բողոքի ցույցի, հաջորդ տարի,  կարծում եմ, կկրկնապատկենք թիվը: Եթե Միացյալ Նահանգներն ընդունի, աշխարհն էլ կընդունի»:

Մանր անձրևը իր հրաժեշտի մելամաղձոտ երաժշտությամբ ու պարարտ հողի գրկից շտապ-շտապ դուրս պրծնող սպիտակագլուխ սնկերը ուղեկցում են մեզ մինչև թուրք-վրացական սահման:

Մայրամուտի ստվերները սկսում են խտանալ` խտացնելով նաև դառը իրականության ստվերները, որ մութ ամպերի վերածված` կուտակվում են հոգումդ, ելք որոնելով` խեղդում կոկորդդ:

Հուսադրող ինչ-որ բան լսելու համար զրույցի եմ բռնվում թուրքագետ էքսկուրսավարի հետ: Հետաքրքրվում եմ` արդյո՞ք այցելություններն էլ մի ձև չեն Թուրքիային ցույց տալու, որ մենք մեր Էրգիրը վերադարձնելու մտքից չենք հրաժարվելու: Մանավանդ 100-ամյակի շեմին… Վարդանը համաձայնում է, տեղեկացնում, որ հայ զբոսաշրջիկների հոսքը դեպի Արևմտյան Հայաստան գնալով մեծանում է. միայն «Նարեկավանք տուրի» հետ 2014 թ. ապրիլից ճամփորդել է  1156 մարդ: Դա իհարկե բողոքի և ասելիքն արտահայտելու մի ձև է, սակայն կասկածում է, որ 100-ամյա տարելիցը ինչ-որ բան կփոխի: Ամեն դեպքում, չի բացառում, որ աշխարհաքաղաքական իրադարձությունները մի օր կստիպեն Թուրքիային տեղի տալ: Ասում է`հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերն ու թուրքերը շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ` անկախ նրանից` խոսո՞ւմ են այդ մասին, թե՞ ոչ, ցեղասպանությո՞ւն են կոչում դա, պատերա՞զմ, ջա՞րդ, թե՞ կոտորած… Այդ հողը հիմա նրանք իրենցն են համարում ու հենց այնպես չեն զիջի: «Ոչ մեկը հողը հենց էնպես չի տալիս, հողը արյունով են նվաճում:  Էդ մարդիկ էդ հողի վրա նապաստակից արագ բազմանում են,- ասում է: -  Ժողովրդի մեջ պայքարի ոգին չպիտի թուլանա, որովհետև ոչինչ հաստատ չի էս աշխարհում, հնարավոր է, որ ռազմաաշխարհագրական քաղաքականությունը փոխվի ու… Ոչ ոք  չի մտածել ժամանակին, որ Հռոմը կկործանի կամ Սովետական Միությունը … Պետք է սպասենք հարմար պահի… Բայց պետք է նաև մեր երկիրն ու տնտեսությունը հզորացնենք, մեր ժողովրդին մեր երկրում պահենք, որ հարմար առիթի դեպքում, երբ  գերտերությունների շահերը խաչվեն Թուրքիայում, կարողանանք մի պատառիկ էլ մենք մեր զինված ուժերով փախցնել, թե չէ ոչ մեկ  պահանջելով մեզ հող չի վերադարձնելու»:

Չգիտեմ` ինչ երաժշտություն է հնչում մեքենայում, բայց իմ ականջներում Գուսան Հայկազունի հայտնի երգի հայտնի տողերն են` իբրև պատգամ-պահանջ`

Ախ են երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,

Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

…. Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

Ուշ երեկոյան Երևանում էինք, մտքով ու հոգով` դեռ Էրգրում… Հետո պիտի հասկանայի, որ այդ զգացողությունը քանի գնա, պիտի  ծանրանա, պիտի դառնա կանչ, հոգու կանչ ու պահանջ, վերադարձի պահանջ…

Հ.Գ.  Արևմտյան Հայաստան շրջագայության մեկնած  խմբի անդամներին խոստացել էի ինչ-որ բան գրել մեր  ճամփորդության մասին: Չգրել  չէի կարող, բայց գրելն էլ հեշտ չէր: Գրիչ վերցրի, ավելի ճիշտ` համակարգչի առաջ նստեցի վերադարձից ուղիղ 1.5 ամիս անց… Ժամանակ էր պետք տպավորություններս մարսելու համար:  Բայց կան բաներ, որ մարսել այդպես էլ չես կարողանում: Թերևս դա է պատճառը, որ դժվարացա լիովին արտահայտել այն, ինչ զգացել եմ ու շարունակում եմ զգալ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter