«Եսիմ ինչեր չի եղել, որ ավագանու որոշում փակցնենք»
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանի համար «սարսափելի գաղտնի» տեղեկություն է այն, թե համայնքի բնակիչներից քանի դիմում են ստանում ինքն ու ավագանին:
Հոկտեմբերի 17-ին Տարոնիկի համայնքապետ Ալբերտ Խաչատրյանին հանդիպելու եւ նրա հետ համայնքապետարանի գործունեության մասին զրուցելու մեր ցանկությունը չիրականացավ: Նախ այն պատճառով, որ համայնքապետը տեղում չէր, բացի այդ, մեր հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ տրամադրված չէր հարցազրույց տալու: «Ոնց նայում եմ` «Հետք» թերթն իմ հետքերով ոնց որ շատ ա գալիս»,- ասաց Ա. Խաչատրյանը` վերհիշելով համայնքապետի ընտրությունների վերաբերյալ թերթի հրապարակումներից մեկը:
Հետո հետաքրքրվեց, թե ինչի մասին է լինելու հոդվածը, եւ տեղեկանալով, որ զրուցելու ենք նաեւ ավագանու, քաղաքացիներից ստացած դիմումների մասին, զայրացած բացականչեց. «Արդեն շանտաժ ես անում: Դու մտնում ես իմ փաստաթղթերի մեջ, էտի ստուգում ա համարվում արդեն: Դա սարսափելի մեծ գաղտնիք ա»: Դեռ չէինք լքել համայնքապետարանը, երբ նա կրկին զանգահարեց եւ հաշվապահին հանձնարարեց պատասխանել մեր հարցերին:
Հաշվապահ Սուսաննա Ծաղոյանը ժամանակավորապես համատեղում է նաեւ Տարոնիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, սակայն շատ բան չգիտեր համայնքի զարգացման քառամյա ծրագրի մասին: Միայն ասաց, որ ծրագիրն այս տարի է ընդունվել, եւ առաջնային են համարվել համայնքի խմելաջրի մատակարարման խնդիրը, դպրոցի եւ մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: 1990-ականների վերջերին ամբողջությամբ այրվել է համայնքի մշակույթի տունը, որի վերանորոգումը նույնպես ներառված է ծրագրում:
Մեր հարցին, թե ի՞նչ է նախատեսված եղել նախորդ քառամյա ծրագրով, եւ ի՞նչ աշխատանքներ են կատարվել, տիկին Ծաղոյանը նշեց, որ խմելաջրի հարցը ներառված է եղել նաեւ նախորդ ծրագրում, եւ կառուցապատողների հետ արդեն պայմանագիր է կնքվել, որ համայնքում նոր բաշխիչ աշտարակ կառուցեն: «Կոնկրետ չեմ էլ հիշում, թե ինչ է նախատեսված եղել, բայց վերջին տարիներին համայնքում լուրջ ներդրումներ չեն եղել, իհարկե, մանր-մունր աշխատանքներ կատարվել են, ասենք՝ շենք է կոսմետիկ վերանորոգվել եւ այլն»,- հավելեց հաշվապահը:
Ինչ վերաբերում է համայնքապետի համար «սարսափելի գաղտնիք» հանդիսացող դիմումներին` Ս. Ծաղոյանը նշեց, որ կոնկրետ չի կարող ասել, թե համայնքի ղեկավարը քանի դիմում է ստացել, սակայն հստակ նշեց, որ ավագանին ոչ մի գրավոր դիմում չի ստացել: Տարոնիկում համայնքապետին հիմնականում բանավոր են դիմում, դիմումներն էլ բազմաբնույթ են՝ սոցիալ-կենցաղայինից մինչեւ ընտանեկան:
Ս. Ծաղոյանն ասաց, որ Տարոնիկի համայնքապետարանում ավագանիների համար նախատեսված սենյակ չկա, նրանք ընդունելության օրեր էլ չունեն: Ավագանու 5 անդամները հավաքվում են միայն նիստերի ժամանակ՝ համայնքաապետի աշխատասենյակում: Աշխատասենյակի բացակայությունը պատճառաբանվեց շենքում ազատ սենյակ չլինելու հանգամանքով:
Նշենք, որ օրենքի պահանջ է՝ համայնքապետի, ավագանու որոշումները, համայնքի բյուջեն, դրա կատարողականը եւ այլն պետք է փակցված լինեն ցուցատախտակին, որպեսզի քաղաքացիները ծանոթանան: Տարոնիկի համայնքապետարանի շենքում փակցված ցուցանակը հագեցած էր զանազան հայտարարություններով, որոնք վերաբերում էին ոչ թե օրենքի ուժով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններին, այլ վարկերին, Էջմիածնի համալսարանի ընդունելության կարգին եւ այլն: Համայնքապետարանի հաշվապահն ասաց, որ երբեմն որոշումները փակցնում են, սակայն այդ պահին չեն փակցրել, որովհետեւ «եսիմ ինչեր չի եղել», որ փակցնեն: «Համ էլ ահագին ժամանակ է՝ մոտ 2 ամիս, ավագանու նիստ չի եղել, դրա համար փակցնելու բան չկա»,- հավելեց հաշվապահը:
Տարոնիկ գյուղն ունի 2346 բնակիչ, որոնք գլխավորապես զբաղվում են հողագործությամբ: Արոտ չլինելու պատճառով անասնապահությունն այնքան էլ զարգացած չէ այստեղ: Սուսաննա Ծաղոյանն ասում է, որ այս տարի համայնքի բնակչության մոտ 70 %-ն օգտվել է 10 %-ոց արտոնյալ վարկերից` տնտեսությունը զարգացնելու նպատակով: Տարոնիկում գյուղացիներն իրենց տնամերձ հողամասերում պոլիէթիլենային ջերմոցներ են կառուցել եւ զբաղվում են տաքդեղի մշակությամբ: «Ազնվությամբ, չէի ցանկանա, որ մարդիկ այդքան վարկերի տակ մտնեն, մեղք են, որովհետեւ կարող է մի 4000 մետր ծիծակ մշակեն, մեկ անգամ քաղեն ու շոգից կամ ջրի պակասից մեկ օրում ամբողջ բերքը փչանա: Պարզ է, որ մեկ մարդն էլ չի կարող այդքան հող մշակել, պետք է 4-5 հազար դրամով բանվոր վարձի, այդքան էլ ծախսեր են անում ու մեկ էլ՝ բերք չեն ստանում: Էլ որտեղի՞ց պիտի վճարեն վարկերը»,- նշում է Ս. Ծաղոյանը: Ըստ նրա՝ անցյալ տարի էլ մարդիկ վարունգի սերմ էին գնել, բայց հետո պարզվեց, որ ոչ թե վարունգ է, այլ՝ փոքր սեխ, որը նույնիսկ վաճառքի ենթակա չի եղել:
Սուսաննա Ծաղոյանի հավաստմամբ, բոլոր դժվարություններով հանդերձ՝ տարվա կտրվածքով համայնքի բյուջեն մոտ 90 %-ով կատարվում է, թեեւ նախորդ տարիներից մնացած խոշոր պարտք ունեն: Տարոնիկի բյուջեն 30 մլն դրամ է, որից 10 մլն-ը սեփական եկամուտներն են, 20 մլն-ը դոտացիան է: Հաշվապահն ասում է, որ այդ գումարով կարողանում են վճարել համայնքապետարանի, մանկապարտեզի, գրադարանի աշխատողների աշխատավարձերը, ապահովում են փողոցների լուսավորությունը, աղբահանությունը, համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի սպասարկումը, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն են տրամադրում բնակչության անապահով խավին:
Իր սուղ բյուջեից համայնքապետարանը մոտ 100.000 դրամ հատկացնում է մարզային թերթերի բաժանորդագրությանը` «Հայրենականչ», «Գրական Արմավիր», «ԳԱՄԿ» համայնքատնտեսական թերթ, «Էկոնոմիկա եւ իրավունք» ամսագիր եւ մի քանի այլ թերթեր: «Մեզ ասել են, որ պարտադիր է: Բա չիմանա՞նք, թե գյուղատնտեսության մեջ, մարզում ինչ է կատարվում»,- մեկնաբանում է Սուսաննա Ծաղոյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել