HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

25 աշխատատեղ Ազատան համայնքում` նորակառույց մանկապարտեզի շնորհիվ

Շիրակի մարզի Ազատան համայնքը երկրաշարժից հետո զրկված էր մանկապարտեզից: 1988-ին շահագործման հանձված շենքը վթարային էր դարձել, գործածության համար անպիտան էր նաեւ մանկապարտեզի հին շինությունը: Մոտ 6000 բնակիչ ունեցող Ազատան համայնքում, ուր ամեն տարի բավական մեծ թվով ծնունդ էր գրանցվում, ծնողները մանկահասակ երեխաների առօրյան կազմակերպելու խնդիր ունեին: Ազատանում մանկապարտեզի բացը լրացնելու երկու տարբերակ կար:

Համայնքապետ Վարդան Իկիլիկյանն այդ մասին խոսում է արդեն թեթեւացած հոգով՝ նշելով, որ այլեւս նման երկընտրանքի առաջ ազատանցին չի կանգնելու. «Մենք գրեթե ամեն տարի մեր համայնքում ունեցել ենք 180-200 մանկահասակ երեխաներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել մանկապարտեզ հաճախելու Ազատանում, ծնողները տարել են Գյումրու մանկապարտեզներ, ովքեր էլ որ չեն կարողացել, պահել են տանը: Հիմա այդ հարցը լուծված է, նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար»:

Երկու տարի առաջ դպրոցում բացված նախակրթարանն, ըստ համայնքապետի, մասամբ է լուծել մանկապարտեզի բացը: Գործող երկու խմբերում ընդգրկված են եղել միայն ավագ տարիքի երեխաները:Սեփական ուժերով վերականգնել նախկին մանկապարտեզի վթարային շենքը համայնքի ուժերից վեր էր եւ 2008 թ-ին, երկրի նախագահի Ազատան կատարած այցի ժամանակ, համայնքի բնակիչներն, օգտվելով առիթից, հենց այս հարցն են բարձրացրել:

Նոր մանկապարտեզի շինարարությունն Ազատանում սկսվել է 2012 թ-ին: Շինարարության ընդհանուր արժեքը 370 մլն դրամ է, որից 240 մլն-ը տրամադրել է կառավարությունը, 130 մլն-ը` Սոցիալական ներդրումների հիմնադրամը, որի 10 տոկոսը՝ 13 մլն դրամի չափով, Ազատան համայնքի ներդրումն է:

«25 աշխատատեղ է ստեղծվում Ազատանում այս մանկապարտեզի շնորհիվ: Հասկանալի է, որ ֆինանսական առումով բարդանում է նաեւ համայնքապետարանի վիճակը,- ասում է Վարդան Իկիլիկյանը,- իմ հաշվարկով տարեկան 30 մլն դրամ հարկ կլինի տրամադրել՝ ծնողական վճարներից զատ, որը մեր ունեցած հնարավորություններից դուրս է»:

Համայնքի սեփական եկամուտը 50 մլն դրամ է , պետությունը հատկացնում է 78 մլն դրամ դոտացիա: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է գալիք տարում մարզպետարանին հատկացվող հրատապ ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն ապահովել նորաբաց մանկական հաստատությանը:

«Անգամ գույքն է գնվել բարարների աջակցությամբ,- նշում է համայնքապետը,- աջակցել են ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը, որոշ չափով էլ՝ Սոցներդրումների հիմնադրամը: Չնայած սրան` մանկապարտեզը դեռ ամբողջությամբ կահավորված չէ, խաղահրապարակները եւս դատարկ են»:

Ազատանի «Արփի» նորաբաց մանկապարտեզի տնօրեն Վալյա Պետրոսյանի փոխանցմամբ` առայժ գործելու է 4 խումբ, իսկ 2015-ին կփորձեն խմբերի թիվը հասցնել 6-ի: Ներկայում մանկապարտեզ հաճախում է 120 երեխա, վարձավճարը կազմում է 6000 դրամ: Երեխաները հնարավորություն ունեն երեք անգամ սնվելու եւ, ի տարբերություն համայնքային շատ մանկապարտեզների, նաեւ քնելու ցերեկային ժամերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter