
Հայտնի լրագրողը՝ հուլունքների հետևում. շատերը գիտեն նրա անունը, բայց ոչ դեմքը
Գանացի հետաքննող լրագրող Անաս Առիմիյաու Անասը (Anas Aremeyaw Anas), ով աշխատում է «The New Crusading Guide» թերթում, ասում է, որ իր գաղտնի հետաքննության հրապարկվելուց հետո մեկ ամսվա ընթացքում 200 մլն դոլար չմուծված հարկեր վճարվեցին երկրի պետբյուջե:
Ամեն ինչ սկսվեց, երբ այս տարի հայտնի ու մի շարք մրցանակների արժանացած լրագրողի բջջայինին զանգահարեց Գանայի նախագահ Ջոն Աթա Միլը:
Գանայի եկամուտերի մի զգալի մասը հավաքագրվում է նավահանգիստներում, և նախագահը Անասին ասում էր, որ նավահանգիստներում մաքսազերծման հետ կապված խնդիր կա, քանի որ պետբյուջե ճիշտ հարկեր վճարելու փոխարեն ապրանքներ ներկրող գործարարները ավելի փոքր կաշառքներ են վճարում:
Բոլորը գիտեին, որ պետական ինստիտուտները կոռումպացված են, քաղաքացիական հասարակությունը հաճախ էր նախագահի առջև կոռուպցիայի վերաբերյալ հարցադրումներ բարձրացնում: Սակայն ինստիտուտները պատասխանում էին. «Մենք չենք կարծում, որ կոռումպացված ենք, քանի որ ապացույց չկա: Եթե ասում եք, որ կոռումպացված ենք, ուրեմն մեզ ապացույցներ ցույց տվեք»:
«Ուստի, նախագահն ասաց. «Կարո՞ղ եք ինձ ցույց տալ նրանց կոռումպացված լինելու ապացույցներ»: Նախագահն ուզում էր, որ ես ու իմ թիմը գնանք ու տեսնենք, թե ովքեր են կաշառք վերցնողները»,- ասում է Անասը՝ հիշելով նախագահի հետ իր զրույցը:
Լրագրողը կերպարանափոխված՝ որպես մաքսազերծող աշխատակից, 3 ամիս աշխատեց բեռնափոխադրող մի մեծ ընկերությունում Տեմա նավահանգստում (Tema Harbour), որը ղեկավարում է նավահանգիստների ողջ գործունեությունը: Անասը ղեկավարում էր նույն թերթի 5 լրագրողից կազմված թիմը: Նրանք հետաքննություն սկսեցին և ականատես եղան, թե ինչպես են խոշոր գործարարները կաշառք վճարում՝ հարկերի փոխարեն: Լրագրողներն իրենց թաքնված տեսախցիկներով նկարեցին մեծ չափերի հասնող կոռուպցիայի դեպքերը:
Անասը պատրաստեց «Երկրի թշնամիները. Տեմա նավահանգստի մութ գաղտնիքները» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրեցին Գանայի բոլոր հեռուստաալիքները: Ֆիլմում բացահայտված կոռումպացված պաշտոնյաների դեմ կարգապահական վարույթ հարուցվեց, և նրանք անմիջապես պաշտոնանկ արվեցին: Նրանք բոլորը պետությանը հետ վճարեցին այն, ինչը գողացել էին տարիներ շարունակ:
Այն հարցին, թե արդյոք նախագահն իսկապես տեղյակ չէ՞ր, թե ով է կաշառք վերցնում, և ինքն էլ կոռուպցիոն շղթայի մասը չէ՞ր, գանացի լրագրողը պատասխանում է. «Հեշտ չէ ասել, թե որքան ազնիվ կամ որքան կոռումպացված է որևէ նախագահ: Բայց առնվազն նախագահն առաջին քայլն է անում՝ հայտարարելով, որ «ես կարծում եմ՝ կառավարությունում կոռուպցիա կա, եկեք և օգնեք ինձ մաքրել կառավարությունը»: Ուրեմն նման նախագահին մենք պետք է որոշակիորեն վստահենք ու հարգենք»:
Անասը հավելում է, որ Ջոն Աթա Միլը լեգիտիմ նախագահ է, և որ նա չի կեղծել ընտրությունները: Նա ընտրությունները հաղթեց՝ հավաքելով ձայների 51 %-ը: Նրա մրցակիցը ստացավ ձայների 49 %-ը: Չնայած հավաքած ձայների միջև փոքր տարբերությանը՝ «նրանք չպատերազմեցին»:
Լրագրողն այնպիսի զգացում չունի, թե նախագահն իր սեփական շահն էր հետապնդում և ուզում էր վրեժ լուծել այդ օլիգարխներից՝ անձնական պատճառներից ելնելով: Նա կարծում է, որ նախագահն իսկապես հետաքրքրված էր հանցանքը բացահայտելով, ինչի ապացույցն են նախագահի ձեռնարկած քայլերը:
«Սա անհրաժեշտ էր և պետք է տեղի ունենար երկրում: Եվ ես ուրախ էի, որ դա տեղի ունեցավ և տեղի ունեցավ ինձ հետ, և ողջ երկիրը շատ ուրախ էր դրա համար, քանի որ դա անդրադարձավ յուրաքանչյուր մարդու վրա»,- ասում է Անաս Անասը:
Նրա խոսքերով՝ 200 մլն դոլարը գուցե մեծ բան չէ ԱՄՆ-ի կամ Անգլիայի համար, բայց իր երկրի համար դա հսկայական գումար է, որը շատ բան կարող է անել Գանայի գյուղերում:
Լրագրողն ասում է, որ նախագահն աշխատանքն անելու համար ընտրեց իրեն և ոչ թե ոստիկանությանը կամ գաղտնի ծառայություններին, քանի որ այս ինստիտուտները լավ չեն աշխատում: Նախագահը կարող է վերահսկել ոստիկանությանն ու գաղտնի ծառայություններին, բայց «ո՞վ է հսկում հսկիչին»:
«Երբ դու խնդիր ունես ու չգիտես, թե ինչ անես, չկա մի տեղ, որտեղ գնալով՝ կարող ես վերացնել խնդիրը, ուրեմն դու փնտրում են մեթոդներ, որոնց մասին ոչ ոք չի կասկածում»,- այսպես է լրագրողը բացատրում իր օգնությանը դիմելու նախագահի որոշումը:
Անաս Առիմիյաու Անասը նմանատիպ մի քանի այլ ծածուկ հետաքննություններ ևս արել է: Նա կերպարանափոխված գնացել է հոգեբուժարան, Բանգկոկի բանտ՝ որպես կաթոլիկ քահանա: Նա նաև կերպարանափոխվել է՝ որպես փողոցային վաճառական, կնոջ կերպարանքով աշխատել է մանկատանը, որտեղ երեխաները մահանում էին վատ խնամքից, և ի վերջո բացահայտել մանկատանն առկա բոլոր թերությունները:
Անասը ծածկում է իր դեմքը 12 տարի՝ այն ժամանակից, ինչ սկսեց հետաքննող լրագրող աշխատել: Նա ասում է, որ միակ գանացի լրագրողն է, ով ծածկում է իր դեմքը:
«Կարծում եմ՝ ամեն մեկից էլ պոտենցիալ սպառնալիք կարող է գալ, երբ խոսքը վերաբերում է կերպարանափոխված հետաքննություններին: Բայց հարցն այն է, որ իմ ինքնությունը հայտնի չէ. անունը հայտնի է, բայց մարդիկ չգիտեն, թե ինչ դեմք կա այդ անվան տակ»,- ասում է Անասը:
Նա իր դեմքը ծածկում է ամեն անգամ, երբ տեսախցիկներ կան: Նա չունի լուսանկարներ, որոնցում իր դեմքը ծածկված չէ: Թեև մարդիկ գիտեն Անասի անունը, բայց չգիտեն, թե նա ինչ տեսք ունի:
Նա չի քողարկում իր դեմքը առօրյա կյանքում, երբ քայլում է փողոցում միայնակ, ընտանիքի կամ էլ ընկերների հետ:
Դեմքը հուլունքներով ծածկելը անհարմարություն չի պատճառում Անաս Անասին, քանի որ նա այդպես է անում երկար տարիներ: Նա հասկացավ, որ հուլունքները լավագույնն են՝ դեմքը քողարկելու համար այնպես, որ նաև արանքից կարողանաս տեսնել: Լրագրողն ասում է, որ հուլունքներ օգտագործելը գուցե իր հայտնագործությունն է, քանի որ որևէ մեկից դա չի կրկնօրինակել:
Օլիգարխները հաճախ են փորձել պարզել, թե ով է Անասը, ինչ տեսք ունի, բայց նա շատ ուժեղ ցանց ունի և հաջողել է «չբացահայտել իր ինքնությունը 12 տարի»:
«Երկրի թշնամիները. Տեմա նավահանգստի մութ գաղտնիքները» ֆիլմը կարելի է դիտել այստեղ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել