
Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել
Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի` Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:
Հիշեցնենք, որ «Հետքը» ներկայացրել էր (Գառնիի համայնքապետը թաքցրել է հարկերը, Գառնիի համայնքապետը վաճառել է մանկապարտեզի տարածքը, 600 հազարի փնտրտուք)` Գառնու համայնքապետի չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր: Այդ հրապարկումներում առկա փաստերը սկսել է ուսումնասիրել Ոստիկանության Կոտայքի բաժինը: Այս տարվա հուլիսին Ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ ստեղծված նյութերը ուղարկվել են Կոտայքի քննչական բաժանմունք:
Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:Գլխավոր դատախազության կայքէջում նշված է, որ Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել